Քաղաքացին ու ժողովուրդը

60

Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս երկու հասկացությունները ստեղծվել են բնորոշելու գրեթե նույն ամբողջությունը, սակայն դա ամենեւին այդպես չէ: Հայ հանրույթի ամենամեծ խնդիրներից մեկն էլ հենց այս հասկացությունները չտարբերելն է: Հանրային խոսքում շատ հաճախ ենք լսում «ժողովրդի որոշում», «ժողովրդական պահանջ» տերմինները: Առաջին հայացքից այս բառերը ոչ միայն որեւէ բացասական երանգ չունեն, այլեւ բավականին ականջահաճո են: Սակայն երբ ծանոթանում ես համաշխարհային պատմությանը, ակներեւ է դառնում, որ այս արտահայտությունների տակ հիմնականում սքողված են բացասական, իսկ երբեմն նույնիսկ գազանային երեւույթներ:

Մի քանի օրինակով փորձենք հիմնավորել այս պնդումը: Սկսենք նրանից, որ համաշխարհային քաղաքական շատ լիդերներ, ովքեր հայտնի են իրենց դաժանությամբ ու բռնապետական հակումներով, հենց «ժողովրդի պահանջով» ու որպես «ժողովրդի ընտրյալ» են հայտնվել քաղաքական երկնակամարում: Կնշենք միայն նրանցից մի քանիսիՙ ամենահայտնիների անունները. Մուհաամմար Քադդաֆի, Սադդամ Հուսեյն, Ադոլֆ Հիտլեր, Ամին, Մուսոլինի: «Ժողովրդական պահանջով» են հիմնավորվել 1937թվականի ստալինյան ճնշումները ու «ժողովրդի թշնամիների» սպանդը:

Հիմա դառնանքՙ խոսելու քաղաքացուց ու այս երկու հասկացությունների տարբերությունից: Նախ, «ժողովուրդ» կարող է գոյություն ունենալ որեւէ վայրումՙ թեկուզ լեռնային յայլաներումՙ տարբեր իշխողների իշխանության կամ նույնիսկ անիշխանության պարագայում: Մինչդեռ քաղաքացու գոյության հիմնական նախապայմանը պետականության գոյությունն է: Քաղաքացին ինքը պետականության ստեղծողն է, պետությանը ծառայողը, պետությանը հարկեր վճարողը ու պետության համար պատասխանատվություն կրողը: Ժողովրդի համար հայրենիքը ծնող է. ինքը որդիական սիրով սիրում է հայրենիքը, հարկ եղած ժամանակ կյանքը չի խնայում հայրենիքի համար, բայց նաեւ հաճախ որդիական թեթեւամտությամբ նեղանում է հայրենիքից, հեռանում նրանից, տարաբնույթ չհիմնավորված խանդի տեսարաններ ու պահանջմունքներ է ներկայացնում հայրենիքին: Քաղաքացին պետության ծնողն է: Ծնողՙ որ զավակին ապահովում է ամեն ինչով, ծառայում, աշխատում զավակի համարՙ փոխարենը պահանջելով միայն ծերանալուց հետո իրեն մի փոքր «լավ նայել»: Ժողովրդին խաբելը հեշտ է: Ժողովուրդը ծուռ էՙ իր հերոսների պեսՙ քաջ, խելոք, բայց միամիտՙ մեր Դավիթի նման: Քաղաքացին գիտակից է, հաճախ պակաս խելոք, պակաս «սիրահարված» հայրենիքին, բայց հաշվենկատ ու սառնասիրտ: Ժողովուրդը հեշտությամբ վերածվում է ամբոխի ու երկար մնում ամբոխային հոգեվիճակում, իսկ քաղաքացին, եթե նույնիսկ տրվում է ամբոխին միանալու գայթակղությանը, շատ շուտ է դուրս գալիս այս հոգեբանությունից: Ժողովուրդը իշխանություններից ունի բազմաթիվ պահանջներ, քաղաքացին իշխանություններին ունի բազմաթիվ հարցեր:

Ժողովուրդըՙ իշխանություններին ընտրելիս փնտրում է փրկչի, մեսսիայի ու մեկին, որն իր փոխարեն կկրի ամբողջ պատասխանատվությունը, մինչդեռ քաղաքացին ընտրում է լավ կառավարիչ:

Ընթերցողին կարող է թվալ, որ մենք միտում ունենք նսեմացնել ժողովրդին կամ քննադատել: Բայց այդպես չէ: Ժողովրդի ծոցից են դուրս եկել ու ժողովրդի կողմից դաստիարակվել հայ եւ համաշխարհային պատմության, մշակույթի, գիտության մեջ անջնջելի հետք թողած բազմաթիվ հայորդիներ: Ժողովրդի ծոցից են դուրս եկել պետության համար կյանքը զոհած բազմաթիվ հայրենասերներ: Ժողովուրդն է հասարակության հիմքը, քանզի քաղաքացին դուրս է գալիս հենց ժողովրդի ծոցից: Ժողովուրդը ամենեւին մեղք չունի, որ հաճախ թերուս է, հաճախ միամիտ: Ժողովրդի մասնիկըՙ քաղաքացի դառնալու ճանապարհին ունի անցնելու զարգացման բազմաթիվ փուլեր: Այս փուլերի անցման սահունությունը ապահովելու համար գիտակից հանրույթը եւ իշխանությունները պետք է ապահովեն բարենպաստ միջավայր, կրթական համակարգ, որն ի զորու է դաստիարակել քաղաքացի: Պետք է հանրակրթության ոլորտը վերցվի պետական խիստ վերահսկողության ներքոՙ սկսած առարկաների բովանդակությունից, վերջացրած կադրային քաղաքականությամբ: Սա քաղաքացիական հասարակության ձեւավորման ճանապարհին անհրաժեշտ լուծումների ընդամենը մեկ տարբերակ է, բայցՙ թերեւս ամենակարեւորը:

Վերջում պետք է ավարտենք լավատեսական կամ կիսալավատեսական նոտայով: Մենքՙ հավաքական առումով, հրաշալի ժողովուրդ ենք, բայցՙ վատ, չկայացած ու չկրթված քաղաքացիական հասարակություն:

ԷԴՈՒԱՐԴ ԳԱԼՍՏՅԱՆ