Բասենի Ճակատամարտը

96

Մ.թ.ա. 68 թ-ի սեպտեմբերի 15-ի Արածանիի ճակատամարտը միակը չէր, որտեղ Հայոց բանակը կիրառեց «սկյութական մարտավարությունը»: Ահա ևս մեկ օրինակ, ավելի քան 100 տարի անց՝ խոսքը վերաբերում է դեպի Մեծ Հայքի թագավորության տարածք Դոմիցիանոս Կորբուլոնի արշավանքի ամենասկզբում տեղի ունեցած իրադարձությանը:

58 գարուն – Բասենի ճակատամարտ

Ռազմական պատմության մասնագետ Մհեր Հակոբյանի անդրադարձը մ․թ․ա․ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին։

Մեծ Հայքի թագավորության գահին Տրդատ I-ի հաստատվելը խորը անհանգստություն առաջացրեց պաշտոնական Հռոմում, որը, չկարողանալով իրավիճակը փոխել «դաշնակից և բարեկամ»-ների ուժերով, դիմեց ավելի լուրջ միջոցների: Արդյունքում Դոմիցիանոս Կորբուլոնի գլխավորած Հռոմեական կայսրության բանակը (մոտ 100.000) Մելիտե-Եփրատի հունով Դաստարակ բերդ-Նիկոպոլիս-Սատաղ-Դերջան երթուղով ներխուժեց Մեծ Հայքի թագավորության տարածք և, ենթարկվելով նահանջող Հայկական բանակի (մոտ 30.000, այդ թվում Մարդպետական գունդը) անկանոն հարվածներին, ճամբարեց Բասենի դաշտում: Տեղեկանալով այդ մասին՝ Տրդատ I-ի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակի հեծելազորը (մոտ 30.000) մոտեցավ թշնամու բանակի ճամբարին:

Հեղինակի այլ աշխատանքներ՝ Տիգրան Մեծ Արածանիի Ճակատամարտ, Տիգրան Մեծը և ռազմաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում, Տիգրան Մեծը և Լուկուլլոս զորավարը․ Տարոնի ճակատամարտը։

I փուլ – Հայկական բանակի թեթև հեծյալ նետաձիգները հարձակվեցին թշնամու բանակի հեծելազորի վրա: Կարճատև մարտից հետո, սակայն, իբր չդիմանալով թշնամու հետևակի և հեծելազորի համակցված հարվածին, Հայկական թեթև հեծելազորը, ցրվելով ճակատից աջ ու ձախ ուղղությամբ, սկսեց փախուստ ձևացնելով կանխամտածված հետ քաշվել՝ իր հետևից հրապուրելով թշնամու հեծելազորին և միաժամանակ բացելով ճակատային հանդիպակացը: Իր հերթին, խանդավառված այս կեղծ հաջողությունից, Հռոմեական կայսրության բանակի հեծելազորը սկսեց հետապնդել նահանջողներին, ինչի արդյունքում շուտով հեռացավ և կտրվեց իր հիմնական բանակից:

II փուլ – Հաղթականորեն արշավող թշնամու հեծելազորի դեմ-դիմաց` ազատված տարածության վրա, հայտնվեց Հայկական ծանր հեծելազորը, որը սեպաձև-խոյընթաց հատու հարվածով ջախջախեց թշնամու հեծելազորին՝ ըստ էության ոչնչացնելով այն:

III փուլ – Հռոմեական կայսրության բանակի լեգեոնները, զգուշանալով առաջ շարժվել և օգնության հասնել սեփական հեծելազորին, արագորեն վերադարձան սեփական ճամբար:

Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին` մոտ 5.000 զինվոր: