2022 թվականին Արցախի ԱԺ նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի

44

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ 2022թ.-ի մայիսի 9-ին բերդաքաղաքի ազատագրման 30-ամյակի առթիվ  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի:

Նրա՝  ԱԺ  ամբիոնից շաբաթներ առաջ հնչեցրած առաջարկին ի պատասխան  ստացվել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Արդարություն» խմբակցությունների դրական արձագանքը: Նախագահը կարծում է, որ ԱԺ մյուս խմբակցությունները ևս կմիանան իրենց գործընկերների դիրքորոշմանը:

Շուշի կատարած աշխատանքային այցի ընթացքում տեղում քննարկվել է այն հնարավորությունը, որ Խորհրդարանին հատկացվի ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքը, որի շինաշխատանքները, Արայիկ Հարությունյանի հանձնարարականի համաձայն՝  կվերսկսվեն շուտով:

«Կարծում եմ, որ որոշումն ունի ինչպես քաղաքական ու կիրառական, այնպես էլ մեր պատմական ու հաղթական քաղաքը յուրովի վերարժևորելու խորհրդանշական նշանակություն»,- ասել է Արցախի նախագահը: