Օ՜, Լեդի Գագա, “փառք ու պատիվ” քեզ, որ հաճեցիր հայացք նետել Փարաջանովին

141

 Պոպ-աստղ Լեդի Գագան տեսահոլովակ է նկարահանել և Ինստագրամի էջում գրել.«Այս կարճամետրաժ կինոնկարը շատ անձնական է ինձ համար, հոգեկան առողջության հետ կապված իմ փորձն է, և այն, թե ինչպես են իրականությունն ու երազները փոխկապակցվում ՝ ձևավորելով հերոսներ մեր մեջ և մեր շուրջը: Մի բան, որ ժամանակին իմ ամենօրյա կյանքն էր, այժմ ֆիլմ է, իրական պատմություն, որն այժմ անցյալ է և ոչ թե ներկա: Դա ցավի պոեզիա է »:

Սոցցանցերն ու հայկական մեդիան, ոգևորված ու անասելի  շոյված Լեդի Գագայի նոր տեսահոլովակից, կոչ են անում այն տարածել, որպեսզի հնարավորինս շատ մարդ տեսնի, թե պոպ-աստղն ինչ գնահատելի, հերոսական  քայլ է արել: Սոցցանցերի հայ օգտատերերը կայծակնային արագությամբ տարածում են տեսահոլովակը, որովհետև իբր Լեդին Սերգեյ Փարաջանովի արվեստն է օգտագործել իր տեսահոլովակում: Օ՜, աստվածներ, ի՜նչ պատիվ, ինչպիսի՜ ողորմածություն: Ֆեյսբուքահայությունն ու մեդիան չեն թաքցնում իրենց հրճվանքը. փառք ու պատիվ Լեդի Գագային, որ նա ողորմացել է մեզ ու նպատակահարմար է գտել փարաջանովյան արվեստին ու հայոց տառերին մի հայացք նետել:  Եթե Հայոց այբուբենն ու Փարաջանովը Կաննի, Բեռլինի փառատոներում էկրան բարձրանային, կամ եթե տիեզերքը նվաճած մի օտարերկրացի Լուսնի վրա հայատառ դրոշ բարձրացներ, ոչ մի կասկած, որ դրան Հայաստանում ուշադրություն դարձնող չէր էլ լինի, բայց որ նույն ինքը՝ բարձր երաժշտարվեստ ստեղծող նորին գերազանցություն Լեդի Գագան է հայկական պատառիկներ օգտագործել իր տեսահոլովակում, դրա համար արժե աշխարհով մեկ լինել, ցնծալ, հրճվել: Այո, էրոտիկ, մարմինը դաջվածքներով պատած, հոգեկան առողջության մասին երգող Լեդի Գագան ու… ինչ-որ Փարաջանով ու նրա ստեղծած «Նռան գույնը» ֆիլմ:

Այսօր սոցցանցերը ցնցած իրադարձության մասին տեղին ու դիպուկ գրառում է  արել կինոգետ Զավեն Բոյաջյանը: Իսկական մտավորականի խոսքը միգուցե սթափեցնի մեզ ու շոշափի մեր ազգային արժանապատվության ու ինքնասիրության բթացած նյարդը:

 «Մտքովս չէր էլ անցնի, թե կարձագանքեմ Լեդի Գագայի նոր տեսահոլովակին, մանավանդ որ այդ փութաջան տիկնոջ ջատագովների թվին չեմ պատկանում (թող ներող լինեն կուռքի երկրպագուները), բայց հոլովակի հայտնվելուն պես նամակներ եմ ստանում, որոնց հեղինակները մեկնաբանություն են ակնկալում: Դե, ի՞նչ կա որ, շատ բարի: Նախ՝ անհնար է չնկատել, որ ոմանց ֆեյսբուքյան խանդավառությունը, թե Լեդի Գագան գովազդում է Հայաստանը, հայկական կինոն ու Փարաջանովին, ավելի շատ վկայում է մեկ-մեկ նկատվելիս խիստ շոյված զգալու փոքր ազգի ավանդական ոգևորության (կամ իր փոքրաքանակությունը մեծարժեքությամբ փոխհատուցելու բարդույթի) մասին, քան համապատասխան է իրականությանը: Սա նման է թեթևակի գովեստից տեղնուտեղը չափազանցության վերին ոլորտները թևելու թուլության: Փարաջանովը Լեդի Գագայի հոլովակի ոգեշնչման, իսկ ավելի շատ նմանակման միակ աղբյուրը չէ. խոսքն այստեղ պաշտամունքային կինոյի մի շարք հայտնի նմուշների/դեմքերի մասին է, որոնց գեղագիտական սկզբունքները, նկարագեղ ոճաբանությունը, սիմվոլիկան ու կոմպոզիցիոն լուծումներն էլ մեջբերվել են:

Փարաջանովի կողքին նույնքան զգալի է «ուշացած սյուրռեալիստ» Ալեխանդրո Խոդորովսկու ներկայությունը, հղումներ կան նաև Ֆրից Լանգի և Ֆեդերիկո Ֆելլինիի գործերին: Իրականում հոլովակի ռեժիսորը՝ ամերիկաբնակ հնդիկ ռեժիսոր Թարսեմ Սինգհը, կիրառել է նույն բանալին, ինչ Ջենիֆեր Լոպեսի, Վինս Վոնի և Վինսենթ Դ’Օնոֆրիոյի մասնակցությամբ դեռ 2000-ին նկարահանած իր «Բջիջ» (The Cell) ֆիլմում, այսինքն՝ նորից իր տարերքի մեջ է: Այնտեղ կանանց առևանգող մոլագարի ներաշխարհն էր ձևավորված նշանավոր նկարչական կտավների ոգով, այստեղ էլ հոլովակի հերոսուհու ներաշխարհն է ոճավորված կինովերհուշերով, ընդ որում՝ երկու դեպքում էլ առանց որևէ պատճառաբանվածության, պարզապես հանուն տպավորիչ էսթետիզմի:

Ինչ վերաբերում է հոլովակում երևացող հայատառ գրություններին, դրանցից մեկը, ինչպես արդեն պարզել են խորամուխները, հայերեն չէ, մյուսը, որ ժապավենին գրված «Զգուշություն» բառն է, ըստ երևույթին՝ անգլերեն Caution!-ի բառացի թարգմանությունն է. սա էլ, փաստորեն, չի գտնվել մի բանիմաց, որ թարգմանի «Զգո՛ւյշ» կամ «Զգուշացի՛ր»: Իսկ ինչ մնում է այն հանգամանքին, որ շատերը Լեդի Գագայի փարաջանովյան մոտիվներից շատ ավելի են հուզված, քան բուն փարաջանովյան կինոյից, իհարկե պարադոքս է, որը զվարճալի կլիներ, եթե տխուր չլիներ: Ամեն դեպքում հիշեցնեմ Փարաջանովի ֆիլմերը հիշատակողներին, որ գոնե այդ ֆիլմերի վերնագրերը չաղավաղեն՝ Աշուղ Ղարիբին դարձնելով Աշուղ (կամ Աշիկ) Քերիբ, Սուրամի բերդն էլ՝ Սուրամի ամրոց»: