«PKK-ի այսպես կոչված «հատուկ նշանակության ուժեր» Ղարաբաղում»

171

Սեպտեմբերի 16-ին Կ. Պոլսո «Հայ-Թերթ» կայքէջը արտատպել է «PKK-ի այսպես կոչված «հատուկ նշանակության ուժերը» Ղարաբաղում» վերնագրով «Ջումհուրիյեթ» թերթի հրապարակած նյութը, որը գրի է առել թղթակցուհի Սենա Յաշարը: Նախքան նյութին անդրադառնալը նշենք, որ թուրքական այս թերթը հիմնադրվել է 1924 թ. մայիսին, դրա անունը (Հանրապետություն) անձամբ կնքել է Քեմայ Աթաթուրքը, մինչեւ Թուրքիայոuմ բազմակուսակցական համակարգի հաստատումը, այսինքն 1946 թիվը, դա պաշտոնաթերթի դեր է կատարել Ժողովրդա-հանրապետական կուսակցության համար, ապա դարձել է դրա խոսափող: Տարեկից է սոցիալ-դեմեկրատականի համարում ունեցող այդ կուսակցության հետ, որը նա, իբրեւ դիրքորոշում, որդեգրել է պաշտոնապես:

Հատկանշական է, որ «Ջումհուրիյեթ» թերթը իր գործունեությունը սկսել է երիտթուրքերի «Իթթիհատ վե Թերաքքի» կուսակցության կենտրոնական վարչության շենքում, որը գտնվում էր Ստամբուլում: Դա պատահական չէ, թերեւս պայմանավորված է խմբագրատան աշխատողների մեծամասնության իթթիհատական ծագումով, այնպեսՙ ինչպես Քեմալ Աթաթուրքն ու նրա մերձավոր շրջապատն ու Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավորները, բացառությամբ առանձին մի քանի իմամի կամ մոլլայի:

Ըստ ամենայնի իթթիհատական ծագումն է, որ ստիպում սոցիալ-դեմոկրատական ողղվածություն որդեգրած Ժողովրա-հանրապետական կուսակցությանն ու դրա խոսափող «Ջումհուրիյեթ»-ին ազգայնամոլությամբ չզիջել «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցությանը: Դա հատկապես ակնառու է դառնում, երբ խոսքը վերաբերում է հայերին, Հայաստանին, Արցախի Հանրապետությանը: «Ջումհուրիյեթ»-ը չի խնայում նաեւ հույներին, Հունաստանին ու Կիպրոսի Հանրապետությանը, պարզապես հոխորտանքներում ավելի զուսպ է, քան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ի դեպՙ նույնը կարելի է ասել «Halk TV»-ի մասին:

Գալով PKK-ի ուժերի այսպես կոչված «տեղակայմանը» Ղարաբաղում, ահա թե ինչ է գրել «Ջումհուրիյեթ»-ի թղթակցուհին. «Ըստ շրջանառվող կարծիքների, լիբանանցի հայերին Ադրբեջանի տարածք հանդիսացող Ղարաբաղում բնակեցրած Հայաստանի կառավարությունը, հիմա էլ ձեռնամուխ է եղել Ղարաբաղ տեղափոխել PKK-ական այսպես կոչված «հատուկ ուժերին», որ հարձակման նոր ալիք նոր բարձրացնի: Հայաստանի կառավարությունը միջամտում է, որ փոխի միջազգային իրավունքի նորմերով Ադրբեջանի անքակտելի մասը հանդիսացող եւ 29 տարի շարունակ հայկական օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի ազգագրությունը: Փաշինյանի կառավարությունը Լիբանանի նավահանգստում տեղի ունեցած ահավոր պայթյունից հետո լիբանանցի ավելի քան 100 հայի բնակեցրել էր Լեռնային Ղարաբաղում եւ հայերի օկուպացրած ադրբեջանական հողերում: Վարչապետ Փաշինյանն այս հայերին անձամբ դիմավորել էր Երեւանի օդակայանում եւ հայտարարել նրանց շուտափույթ քաղաքացիություն շնորհելու մասին: Լեռնային Ղարաբաղի բնակեցման համանման քայլեր ձեռնարկվել էին նաեւ դեռ 2009-ին, Սիրիայում բռնկված պատերազմի ժամանակ եւ սիրիահայերի գաղթըՙ շարունակվել հետագա տարիներին:

Փաշինյանը, շրջանառվող տեսակետների համաձայն, ազգագրական նկարագիրը փոխելուց զատ, ոչ պաշտոնական եղանակով միջամտում է նաեւ Լեռնային Ղարաբաղում առկա ռազմական կառուցվածքին: Ըստ շրջանում տեղակայված անվտանգության ծառայությունների աղբյուրներից ստացված տեղեկությունների, ահաբեկչական PKK-ն Լեռնային Ղարաղաղ է գործուղում իրՙ այսպես կոչված «հատուկ նշանակության ուժերին», որ զինվորական կրթություն տա եւ մարզի հայերին: Նշված աղբյուրներն ուշադրություն են հրավիրել այնտեղ PKK-ի ագրեսիայի նոր ալիք բարձրացնելու մտադրության վրա: Միաժամանակ նշվել է, որ Սիրիայի հայերի Լեռնային Ղարաբաղում բնակեցմանը զուգընթացՙ շուրջ 200 հայ զինվոր էլ անցել է ահաբեկչական PYD/YPG-ի շարքերը (այս կառույցները քրդական են, Անկարան դրանց համարում է ահաբեկչական PKK-ի սիրիական թեւը, իսկ Վաշինգտոնըՙ Սիրիայի, այսպես կոչված, դեմոկրատական ուժերի առանցքը):

Ենթադրվում է, որ հայ զինվորների հետ PKK-ի համագործակցությունը համակարգում է Ֆրանսիան եւ հայ զինվորականները Ֆրանսիայի միջնորդությամբ են բանակցում PKK-ի հետ: Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Աֆշար Սոլեյմանին եւս հայտարարել էր, որ լիբանանցի հայերի բնակեցումը Ղարաբաղում, հարցի ընդամենը «տեսանելի» կողմն է, վերջին 2 ամիսներին Իրաքից եւ Սիրիայից PKK-ի հարյուրավոր ահաբեկիչ է գործուղվել Լեռնային Ղարաբաղ»:

Կարծում ենք մեկնաբանություններն ավելորդ են, պարզապես տրամաբանությունն է հիվանդագին, իսկ դա միանգամայն հասկանալի է, որովհետեւ հայատյացության անասնական բնազդով տառապող ադրբեջանցի հրոսակը, սկսած 1991-ից, հայ ազատամարտիկների հետ կռվի մեջ մտնելիս ամեն անգամ պարտվել է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից հետո սկսեց պարտվել Արցախի պաշտպանական բանակի զինվորներին: Քանի որ Թուրքիայի ղեկավարները հաճախակի հայտարարում են, թե թուրքական պետությունն անվերապահ աջակցում է «եղբայրական» Ադրբեջանին, կանգնելով մշտապես վերջինի կողքին, ադրբեջանցի հրոսակի ամեն մի պարտություն հայերից պարտության տեսքով անդրադառնում է նաեւ Թուրքիայի վրա: «Ազգ»-ի նախորդ համարում գրել էի այդ մասին, պարզապես նշեմ, որ հոդվածում «Ջումհուրիյեթ»-ի թղթակցուհու նշածՙ «շրջանում տեղակայված անվտանգության ծառայությունների աղբյուրները» պետք լինեն ադրբեջանական, որոնք տեղեկատվության փոխարեն տարածում են ապատեղեկատվություն, որ ի վիճակի լինեն գոնե մասամբ արդարանալ իրենց թուրք եղբայների առջեւ, ծածկելով հայերից կրած խայտառակ պարտությունները ռազմի դաշտում, ի վերջո անվերապահ աջակցությու են ստանում այդ եղբայրներից:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ