Արայիկ Հարությունյանը պինդ նստած է «հեղափոխության» աթոռին

40

Արայիկ Հարությունյանը հրաժարական չի տալու. հույս չունենաք: Նա հայտարարել է, որ իր հրաժականի պահանջի հիմքեր չկան: «Իմ քայլը» խմբակցության ներսում իր հետ ունեցած տարաձայնությունների մասին լուրերը նախարարը հերքեց, իսկ այն, որ թիմակից պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը նույնպես քննադատել է նախարարի գործունեությունը, նրա աշխատանքն անհեռանկարային համարել եւ, ըստ էության, մանդատը վայր դնելու պատճառը համարել է Արայիկ Հարությույանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները:

Նախարարն այս անչությամբ ասաց, որ Արսեն Ջուլֆալակյանի հետ վերջին ամիսների ընթացքում չի հանդիպել ու քննարկումներ չեն եղել, եւ նրա դիրքորոշումներն ու տեսակետերն իրականությանը չեն համապատասխանում: «Հնարավոր է, որ կոնկրետ քննադատությունների մի մասը ընդունեինք, շտկումներ անեինք: Այդ հարցերը խմբակցության հետ իմ հանդիպումների ժամանակ չեն բարձրացվել: Արսեն Ջուլֆալակյանի ընդհանրական հայտարարույուններին չեմ անդրադառնա»,- ասաց նախարարը:

ԵՊՀ ուսանողները, համավարակով պայմանաորված, ուսման վճարների մասնակի փոխհատուցում են պահանջում, բուհ չընդունված դիմորդները մեկ ամսից ավելի բողոքի ակցիաներ էին կազմակերպում: Նախարարն այդպես էլ չընդունեց ու չհանդիպեց նրանց հետ: Բացատրում էՙ ընդունելության քննությունների հաջորդ օրերին օրական տասը հանդիպում է ունեցել դիմորդների հետ, լսել նրանց, քննարկել առաջացած խնդիրները, բայց քաղաքական որոշ շրջանակների կողմից օգտագործվող դիմորդների մյուս խմբին չի հանդիպել ու չի հանդիպի, որովհետեւ նրանց օրակարգում այլ խնդիր էՙ իր հրաժարականի պահանջը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը եւս անվստահություն է հայտնել Արայիկ Հարությունյանին, ինչին հաջորդեց սեպտեմբերի 16-ի բողոքի ակցիան ԱԺ-ի դիմաց: ԿԳՄՍ նախարարը չի պատրաստվում պատասխանել ընդդիմադիր ուժերին, որովհետեւ, ինչպես ինքն է ասում, նրանք հիմնավոր պատճառաբանություններ չունեն, եթե լինեն, դրանց հատ-հատ կպատասխանի:

Սեպտեմբերի 16-ի երեկոյան էլ ՀՅԴ երիտասարդական թեւը բողոքի երթ կազմակերպեցՙ Մատենադարանից շարժվելով ԿԳՄՍ նախարարություն: Երիտասարդ դաշնակցականները դեռ անցյալ տարվա աշնանն էին սկսել բողոքի ակցիաներըՙ «Արայիկ, հեռացի՛ր» կարգախոսով: Նրանք դատարկ տուփեր էին տարել նախարարությունՙ հորդորելով նախարարին իրերը հավաքել, տեղավորել տուփերի մեջ ու լքել նախարարության շենքն ու իր աթոռը:

Արայիկ Հարությունյանը ստվարաթղթե արկղերի պատմությունը չի մոռացել: Ասում էՙ եթե հարկ լինի, Կրթության եւ գիտության դաշնակցական նախարարաների օրոք կատարված չարաշահումների, կոռուպցիոն գործողությունների մասին վկայող դատական փաստաթղթերը դատախազությունից կվերցնի, կփաթեթավորի, կտեղադրի արկղերի մեջ եւ կուղարկի ՀՅԴ-ին:

Ի դեպ, երիտասարդ դաշնակցականները հանդես են եկել հայտարարությամբՙ իրենց ձեւակերպմամբՙ Արայիկ Հարությունյանի ապազգային քաղաքականության դեմ պայքարը, որը համավարակի պատճառով ընդհատվել էր, վերսկսում են եւ այսուհետեւ նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները պարբերական բնույթ կկրեն:

Հանրակրթական առարկաների չափորոշիչների հարցը շարունակում է քննադատության ալիք բարձրացնելՙ ժամանակ առ ժամանակ ավելի բորբոքվելով: Հիմա քիչ թե շատ հանդարտվել է: Նախարարը կրկնեցՙ դա ոչ օրենքի նախագիծ է, ոչ էլ որոշում, ընդամենը աշխատանքային տարբերակ է, որի դրույթների վերաբերյալ յուրաքանչյուր ոք կարող է իր կարծիքն արտահատել, համաձայնել ու չհամաձայնել: Ինչ վերաբերում է բողոքներին, թե ակադեմիական շրջանակները չեն մասնակցել չափորոշիչների քննարկումներին, Արայիկ Հարությունյանը չթաքցրեց հեգնաքն ու սարկազմը. «Եթե ոմանք չափորոշիչները որակել են ապազգային, չնայած դրա տակ հիմք չկա, եթե ազգային է պատմության կեղծումը դասագրքերի միջոցով անցած երեսուն տարիներին, ապա, այո՛, թող մեզ անվանեն ապազգային, իրենց պատմություն կեղծելըՙ ազգային: Ակադեմիական որոշ շրջանակների նման արձագանքի մասին ես առիթ ունեցել եմ ասելու. պարզապես նրանք զրկվում են եւ զրկվել են կրթության բյուջեի կերակրատաշտին մոտ լինելուց: Նրանք տասնամյակներ շարունակ ստացել են հոնորարներՙ այդ թվում նաեւ նախորդ ռեժիմի համար պատմության դասագրքերը կեղծելով կամ նրանց ականջին հաճո նյութեր գրելով: Մենք պարզապես նրանց զրկել ենք այդ հաճույքից»:

Արայիկ Հարությունյանը պինդ նստած է իր «հեղափոխականի» աթոռին: Իր թիմակիցների հետ ունեցած տարաձայնությունների մասին լուրերը օդում կախած տեղեկություններ է համարում, իսկ թե ինչ է ասում ու պահանջում ընդդիմությունը, կարճ է կապումՙ իր հրաժարականը պահանջելու հիմքեր չկան, եթե լինեին, ինքն առաջինը կհրաժարվեր նախարարի պաշտոնից, բայց քանի որ ինքը հեղափոխության առաջնորդներից մեկն է ու կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում բարեփոխումներ կատարելու առաքելություն է ստանձնել, ուստի վճռել էՙ մինչեւ վերջ գործել:

Հերթական դժգոհությունը ԿԳՄՍ նախարաւրությունից կապված է դպրոցներում դիմակ կրելու պարտադրանքի հետ: Հանրակրթության պատմության մեջ առաջին անգամ առաջին դասարանցիները դպրոց գնացին դիմակներովՙ առանց ծաղկեփնջերի: Ունեցել ենք պատերազմի, երկրաշարժի, շրջափակման, սովի, մութ ու ցուրտ տարիների սերունդ, բայց դիմակով սերունդ մինչեւ հիմա չէինք ունեցել: Ունեցանք: Առաջին դասարանցիների լուսանկարները մարդու սիրտ են մղկտացնում. փոքրիկ, սիրունիկ դեմքները փակ են, բայց աչուկներն ամեն ինչ ասում են, ուրախություն, հույզ, բայց եւ վախ ու անորոշություն են արտահայտում:

Նախարարը դիմակների դեմ բողոքողների պատասխանն էլ ունիՙ մեղմ ասածՙ հանգիստ նստեք տեղներդ ու ֆեյք-էջերում սուտ մասնագիտական ուսումնասիրություններ ու հայտարարություններ մի արեք, թե իբր դիմակ կրելը վնասում է մեր երեխաների առողջությունը: Առողջապահության եւ ԿԳՄՍ նախարարները հո մեր երեխաների թշնամին չե՞ն: Այնպես որ, Արայիկ Հարությունյանն իր գործելաոճում, դիրքորոշումներում ու քաղաքականության մեջ սխալ բան չի տեսնում: Ոչ բողոքեք, ոչ էլ իզուր հրաժարական պահանջեք: