Կենսաբազմազանության կորուստը Երկրի վրա կապված է տարբեր վտանգավոր վարակների, այդ թվում՝ COVID-19-ի տարածման հետ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Էլիզաբեթ Մարումա Մրեման, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքերով, բնության շարունակական վատթարացման հետ կապված՝ ի հայտ են գալիս մարդկանց և կենդանիների շրջանում մահացու հիվանդությունների տարածման նոր եղանակներ: Այս տարի դրա օրինակը դարձավ COVID-19-ը: Մարումա Մրեման շեշտել է, որ համաճարակը ցույց է տալիս աշխարհում կենսաբանական բազմազանության կորստի խնդրին երկրների մոտեցման փոփոխության անհրաժեշտությունը:
Գործադիր քարտուղարը նշել է, որ ներկայումս կենսաբազմազանության կորստի տեմպը «աննախադեպ է մարդկության պատմության մեջ»: Մարդկության կողմից բնության իռացիոնալ շահագործման հետևանքով Երկրի գրեթե «բոլոր կենդանի համակարգերն» այժմ սպառնալիքի տակ են: