Համառությունն ու ցինիզմը որպես ուղիղ ճանապարհ

285

Հիշու՞մ եք՝ ժամանակին հեղափոխական- դեմոկրատ գրող Միք. Նալբանդյանը իր մի աշխատությունը վերնագրել էր «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ»։ Նա համոզված էր, որ բուրժուականացող հասարակության կատարելացման հիմնական ուղիներից մեկը երկրագործության զարգացումն է։ Եվ փաստերով փորձում էր հիշնավորել իր կարծիքը։ Կրկնենք՝ փաս-տե-րով։ Հակառակ կարծիք ունեցողներին չէր անվանում ստախոս կամ հետամնաց։ Սա ավելի քան 150 տարի առաջ։
Երեկ՝ 16-09-2020-ին, վերջապես Ինքը՝ Ամենայն Հայոց Անհասկանալի նախարարության Նախարար հորջորջվածը, վերջապես բարեհաճեց յուր ամբողջ «հմայքով» և «իմաստնությամբ» ասուլիս տալ։ Թվում էր՝ կհնչեն բացատրություններ և մեկնաբանություններ չարաբաստիկ «չափորոշիչների», դպրոցների «դիմակահանդեսի», «հեռավար» դասընթացների մասին, որոնք բողոքի ալիք են բարձրացրել և նրա հրաժարականի պահանջի պատճառ դարձել։ Բայց՝ ոչ։ Այս անձը Միք. Նալբանդյան չէ։ Նա փաստերով և մեկնաբանություններով խոսելու ունակ չէ։Այսինքն՝ նա երբեք, ոչ մի ժամանակ չի կարող գոնե մի քիչ, անգամ մի եղունգաչափ Միք. Նալբանդյան լինել։ Նա … ոչ ավել, ոչ պակաս, առաքյալ է։ Ոչ, ո’չ, ձեզ հայտնի Առաքյալների մասին չէ խոսքը։ Նրանք Առաքյալ անվանվեցին Մարդկանց կողմից։ Սա ինքն է իրեն առաքյալ հռչակել, հասկանու՞մ եք, ինքը։ Հիմա չասե՞նք, որ սա Մեծն Չարենցի հայտնի հերոսի օրինակով հենվել է… ինքն իր վրա։ Իսկ իր ղեկավարած գերատեսչությունը ոչ թե «կլուբ» է, ինչպես լավատեսորեն համոզված են մեր մի շարք քաղաքացիներ, այլ Չարենցի ասած այն «կենտրոնաուղեղասարդը», որ իր ապականող չանչերը ուղղել է մեր ինքնության հիմնական գրավականներին՝ կրթությանն ու մշակույթին։
Սա չափազանցություն չէ։ Այս երևույթը «մոռացել» է, որ ինքը պատասխանատու է նաև երիտասարդության, գիտության և սպորտի ոլորտների համար նաև։ Սրանք մատնել է անտերության՝ հուսալով, թե դրանք մեխանիկորեն կքայքայվեն անտարբերության արդյունքում։ Այդ մասին՝ հետո։
Կրթությունը քայքայելն է նրա համար առաջնայինը, այստեղ անխոնջ կերպով աշխատում է։ Եվ չի լսում ոչ մի սթափեցնող ձայն։ Ավելի ճիշտ՝ համոզված է՝ ինքը առաքելություն ունի և այն իրագործելու է ամեն գնով։ Իսկ մնացածը կա’մ պահպանողական են, կա’մ խավարամիտ, կա’ էլ, լավագույն դեպքում՝ հակահեղափոխական։ Սա ծանոթ երգ է. այս մասին չխոսենք։ «Առաքելությունն» իրականացնելու համար այս անձը ոչ մի միջոցի առջև կանգ չի առնում։ Եվ… ստում է։ Ստում է անամոթաբար՝ նույն բանի մեջ մեղադրելով իր քննադատներին։ Ստում է, երբ պնդում է, թե աշակերտների դիմակավորման դեմ բողոքներ չեն եղել, ստում է, երբ ասում է, թե իրեն նվիրած արկղերի մեջ իր նախորդի քրեական հանցանքների մասին փաստերն է լցնելու և ՀՔԾ- ին ներկայացնի, ստում է, երբ ասում է, թե այս չափորոշիչների հիմքով ստեղծվելիք առարկայական ծրագրերը ավելի լավն ու ազգային են լինելու, փարիսեցիաբար խաբում է, երբ ասում է , թե վերափոխվել են չափորոշիչները, քանի որ գրականության ծրագրերում պահպանվել են «արդի» գրականություն կոչվածի աղբակիր նմուշները։ Նրա ստերի թվարկումը մի ամբողջ ստվար հատորի նյութ կդառնա։ Նա իր պարտքի և անելիքների մասին հեռավոր պատկերացում անգամ չունի։ Եվ քանի որ վերին ատյաններում բազմածները նրան անփոխարինելի են համարում և ներկայացնում, բարձրագոչ տոնով ու մատ թափ տալով է խոսում վաստակաշատ մարդկանց հետ։ Բայց ժողովուրդն ասում է՝ «Դատարկ ամանն է բարձր զրնգում»։ Բարձրացրու’ կափարիչը, և դատարկությունը կերևա։ Նաև այս անձը պիտի հասկանա, որ աշխատավարձ և չարդարացված պարգևավճարներ ինքն ստանում է հարկատուների հաշվին ու հաշվետու է հենց նրանց։ Եվ իր ղեկավարած ոլորտները իր արտերը չեն, որ բակլան խաշած ցանի։ Թող նաև այս մասին մտածի, եթե, իհարկե, ի զորու է։
Հ.Գ- Հա, մեկ էլ թող վկայի, թե ովքե՞ր և ինչքան են նրան «առաքյալ» կարգողները աղաչել, որ իրագործի իր «առաքելությունը»։