Տուրիզմի մասնագետն 8 ամսում Հայաստանում հաշվարկել է շուրջ 700 մլն դոլարի կորուստ

66

Տուրիզմի ոլորտի մասնագետը COVID-19-ի համավարակով պայմանավորված զբոսաշրջային այցելությունների նվազման հետևանքով 2020 թվականի 8 ամսում հաշվարկել է մոտ 700 մլն ԱՄՆ դոլարի կորուստ, քանի որ դեպի Հայաստան կարող էր լինել շուրջ 800 հազար զբոսաշրջիկի այցելություն: «Արմենպրես»-ին Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը հայտնել է, որ այդ զբոսաշրջիկներից յուրաքանչյուրը կարող էր երկրում ծախսել 700-800 ԱՄՆ դոլար:

«Անցած տարի հունվար-հունիսին ունեցել ենք 770 հազար ներգնա զբոսաշրջային այցելություն: Այս տարի նույն ժամանակահատվածում եղել է ընդամենը 311 հազար այցելություն: Սակայն այդ թիվը միայն առաջին եռամսյակի տվյալն է, քանի որ կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ երկրորդ եռամսյակում ունեցել ենք զրո ներգնա զբոսաշրջային այցելություն»,- նշել է Ապրեսյանը: Նրա խոսքով՝ այս տարի նույնիսկ ակնկալվում էր զբոսաշրջային այցելությունների աճ:

Ապրեսյանը նկատել է, որ նվազագույն հաշվարկներով միջազգային տուրիզմից 700 մլն ԱՄՆ դոլարի կորուստը հաշվարկվում է օգոստոս ամիսը ներառյալ:

«2013 թվականից բավականին ժամանակ է անցել. մեր հայկական զբոսաշրջային արդյունքը բազմազանեցվել է, ավելի հետաքրքիր ծառայություններ կան»,- ասել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը: