Տիգրան Մեծ Արածանիի Ճակատամարտ

97

Ռազմական պատմության մասնագետ Մհեր Հակոբյանի անդրադարձը Տիգրան Մեծի և Հին Հռոմի միջև ընթացող պատերազմից։

68թ սեպտեմբերի 15 – Արածանիի ճակատամարտ (Արարատ, Բագրևանդ գավառ, Արածանի գետի 3 ակունքային վտակների միավորման տեղից մի քանի կմ արևելք, արևելյան ակունքային վտակի հյուսիսային ափին) Ծանր արշավանքից հետո սեպտեմբերի 14-ի երեկոյան Լուցիոս Լուկուլլոսի գլխավորած Հռոմեական հանրապետության բանակին (մոտ 110.000, այդ թվում Դեյոթարոս I Գալաթացու գլխավորած գալաթական, թրակիական և բյութանիական հեծյալներ), այնուամենայնիվ, հաջողվեց հասնել Արածանի գետի ակունքներին, որի հետևանքով ուղղակի սպառնալիք կախվեց Արտաշատի (Արարատ, Ոստան Հայոց գավառ, Արաքսի և Մեծամորի միախառնման վայրում) վրա:

Արդյունքում, նպատակ ունենալով հեռացնել երկրի երկրորդ քաղաքի վրա կախված վտանգը, թշնամու բանակին դիմավորեց Տիգրան II Մեծի գլխավորած Մեծ Հայքի (մոտ 40.000 ռազմիկ, որից 23.000 ծանր հեծյալ, այդ թվում Մաղխազական գունդը (6.000 ռազմիկ), 17.000 թեթև հեծյալ, այդ թվում Մարդպետական գունդը), ինչպես նաև Ատրպատականի (մոտ 8.000) և Իբերիայի (մոտ 7.000) թագավորությունների միացյալ հեծելազորային բանակը, ընդ որում Հայոց արքան իր հետևազորը (70.000) թողել էր թիկունքում` Արտաշատի շրջակայքում, քանի որ նախատեսել էր կիրառել մարտավարման սկյութական ձևը և թշնամու բանակին ջախջախել միայն հեծելազորային ուժերով:0

Արդյունքում մարտադաշտում Հայկական բանակի բացակայության պայմաններում սեպտեմբերի 15-ի առավոտյան Հռոմեական հանրապետության բանակը դուրս եկավ ամրացված ճամբարից և մարտակարգ ընդունեց: Առաջին շարքում տեղավորվեց Դեյոթարոս I Գալաթացու գլխավորած գալաթական, թրակիական և բյութանիական հեծելազորը, իսկ երկրորդ շարքում՝ հետևակը:

I փուլ – Մարդպետական գնդի, ինչպես նաև Իբերիայի և Ատրպատականի թագավորությունների միացյալ բանակի թեթև հեծյալները, դուրս գալով ավելի արևելք տեղաբաշխված բլուրների հետևից, հարձակվեցին թշնամու բանակի հեծելազորի վրա: Կարճատև մարտից հետո, սակայն, իբր չդիմանալով թշնամու հետևակի և հեծելազորի համակցված հարվածին, դաշնակից թեթև հեծելազորը, ցրվելով ճակատից աջ ու ձախ ուղղությամբ, սկսեց փախուստ ձևացնելով կանխամտածված հետ քաշվել՝ իր հետևից հրապուրելով թշնամու հեծելազորին և միաժամանակ բացելով ճակատային հանդիպակացը: Իր հերթին, խանդավառված այս կեղծ հաջողությունից, Հռոմեական հանրապետության բանակի հեծելազորը սկսեց հետապնդել նահանջողներին, ինչի արդյունքում շուտով հեռացավ և կտրվեց իր հիմնական բանակից:

II փուլ – Հաղթականորեն արշավող թշնամու հեծելազորի դեմ-դիմաց` ազատված տարածության վրա, Տիգրան II Մեծի անձնական ղեկավարությամբ հայտնվեց Հայկական ծանր հեծելազորը, որը սեպաձև-խոյընթաց հատու հարվածով ջախջախեց թշնամու հեծելազորին՝ ըստ էության ոչնչացնելով այն:

III փուլ – Լեգեոնները փորձեցին օգնության հասնել սեփական ոչնչացվող հեծելազորին, սակայն, մինչ նրանք ընդհարման վայր կհասնեին, վերջինս, որպես մարտավարական որակ, ըստ էության արդեն դադարեց գոյություն ունենալ:

IV փուլ – Օրվա երկրորդ կեսին Տիգրան II Մեծի ծանր հեծյալները, թողնելով նիզակները, թրերն և տապարները ու անցնելով նետերին և աղեղներին, շեղընթաց գրոհ սկսեցին նոր վայրում դիրքավորված լեգեոնների վրա, ինչի ընթացքում նրանց միացավ նաև մարտադաշտ վերադարձած թեթև հեծելազորը: Դաշնակից բանակի հեծյալները սկսեցին շեղընթաց սուրալ թշնամու բանակի շարքերի առջևից` նետերի տարափ տեղալով վերջիններիս վրա։ Արդյունքում թշնամու մարտակարգում ռազմիկների հոծ շարքերի առկայությունն ինքնին հնարավորություն չէր թողնում վրիպելու, ընդ որում թշնամու ռազմիկներին չէր փրկում նույնիսկ հզոր վահանափակը, քանի որ արձակված նետերը հաճախ միջաթափանց ծակում էին վերջիններիս վահաններն ու զրահները և, բացի այդ, դրանք թեքված ճանկերով էին ու թունավոր, որի հետևանքով նույնիսկ վիրավորները, թեև մի քիչ ուշ, սակայն դեպքերի մեծ մասում անխուսափելիորեն մահանում էին:

Իր հերթին հեծելազորի լիակատար բացակայությունը թշնամու բանակին հնարավորություն չէր թողնում որևէ ակտիվ դիմադրություն կազմակերպել և լեգեոններին փաստորեն ոչինչ չէր մնում անելու, քան, պասիվ դիմադրելով ու աստիճանաբար նահանջելով, վերադառնալ սեփական ճամբար: Այս նահանջի ընթացքում ևս Տիգրան II Մեծի հեծելազորը բազմիցս կրկնեց իր շեղընթացը և, այն բանից հետո, երբ թշնամին պատսպարվեց ճամբարում, հեռացավ մարտադաշտից:

Մեծ Հայքի թագավորության բանակը կորցրեց մոտ 500, դաշնակիցները` մոտ 100, թշնամին` մոտ 30.000 զինվոր: Հենց նոր ավարտված ճակատամարտը ծանր կորուստներ արժեցավ Հռոմեական հանրապետության բանակին, սակայն էականը նույնիսկ այդ չէր, այլ այն, որ, ըստ էության, լիովին զրկվելով հեծելազորից, Մեծ Հայքի թագավորության ռազմական մեքենայի հետ հետագա ընդհարումներում Հռոմեական հանրապետության ռազմական մեքենան, ըստ էության, հայտնվում էր մարտավարական փակուղում։ Արդյունքում, լիովին գիտակցելով ստեղծված իրավիճակի անհեռանկարային բնույթն ամենից առա հենց իր համար, Լուցիոս Լուկուլլոսը նահանջի հրաման տվեց։

Որպես հետևանք այս ամենի՝ մ.թ.ա. 68 թվականի սեպտեմբերի կեսից մինչև հոկտեմբեր Հռոմեական հանրապետության հիմնական և այլ վայրերից հեռացած կայազորներից կազմված բանակը նահանջեց Բագրևանդ-Զարեհավան (վերջինը` Արարատ, Ծաղկոտն գավառ) -Վանա լճի արևելյան ափով Բոգունիք-Վան-Բոժունիք-Առնոտն-Ջերմ գետի ափով Մոկք Առանձնյակ-Միջա-Ջերմաձոր-Մյուս Իշայր-Արձն-Բաղեշ երթուղով՝ այնուհանդերձ ենթարկվելով Տիգրան II Մեծի ռազմական մեքենայի անկանոն հարվածներին…