Վալերիա Կասպարովա. «Արդիականությունն ինձ համար սերն ու հարգանքն է անցյալի հանդեպ»

77

Սանկտպետերբուրգցի երիտասարդ պարուսույց, պարուհի, արդիական պարի ուսուցիչ Վալերիա Կասպարովայի (Հայաստանում նրան մեծ մասամբ գիտեն որպես Վանե Կասյանց) ստեղծագործական կենսագրությունը բավական հարուստ է: Ծնվել է արվեստի մենեջեր Վադիմ Կասպարովի եւ պարադիր Նատալյա Կասպարովայի ընտանիքում: Ծնողների հիմնած «Cannon Dance» պարի տանը սովորել է ջազային, ժամանակակից, մոդեռն, զուգընկերային, իմպրովիզացիոն եւ այլ պարային տեխնիկաներ: Երեւանի կոնսերվատորիայում հետեւել է ակադեմիական վոկալի դասընթացի (դասախոսՙ Աննա Մայիլյան), իսկ վերապատրաստվելով ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի հետՙ ստացել է հայ ավանդական պարերի ու երգերի մասնագետի եւ դասավանդողի որակավորում (2013-2016 թթ.): Համագործակցել է բալետմայստերներ Բոբ Բորոսի (ԱՄՆ), Ռենանա Ռազի, Իդան Շարաբիի (Իսրայել), Իրժի Պոկորնիի (Նիդեռլանդներ-Չեխիա), Կարոլինա Մանկուսոյի (Արգենտինա-Նիդեռլանդներ) եւ այլոց հետ: Որպես պարուհի մասնակցել է «Երեխաները վանդակից դուրս», «Արարատի հայտնությունները», «Շարժման արվեստը. ստերեոսկոպիկ պար», «Նէ», «Գոդոյին սպասելիս» եւ այլ ներկայացումների, բեմադրել է մանկապատանեկան եւ լայնակտավ խորեոգրաֆիկ ներկայացումներ («Տունը, որտեղ…», «Ձայներ», «Ուրիշները», «Դարձի թեւեր» եւ այլն), պարային համարներ դրամատիկական ներկայացումներում («Արթնացիր եւ երգիր. ռիմեյք», «Ա՛յ քեզ Պուշկին», «Աշնանային սոնատ»): Վալերիան «Kannon Dance»-ի կատարող, բալետմայստեր եւ ուսուցիչ է, «Կարամբոլ» պետական երաժշտական թատրոնի ջազային պարերի փորձավար եւ ուսուցիչ, դասավանդում է Բորիս Էյֆմանի պարի ակադեմիայի ժամանակակից պարի բաժնում, «Kannon Dance Young» երիտասարդական պարախմբի եւ «Kannon Dance Project» խմբի գեղարվեստական ղեկավարն է… Վալերիա-Վանեն պարբերաբար վարպետության դասեր ու վերապատրաստման դասընթացներ է անցկացնում Ռուսաստանում եւ արտերկրում, մասնակցել է պարային փառատոների աշխարհի շատ երկրներում… 2017 թվականից նա հայ ազգային երգերի ու պարերի «Արալեզ» համույթի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է:

Իմ նամակագրությունը Վալերիայի հետ նախապես ռուսերեն էր, սակայն հընթացս պարզվեց, որ ի տարբերություն Ռուսաստանում ծնված-մեծացած հայերի մեծ մասի, մեր Վանեն, լինելով անգամ կես հայ, տիրապետում է ոչ միայն բանավոր, այլեւ գրավոր հայերենին…

Սիրելի Վանե, նախՙ ծնողներիդ մասին: Վադիմ Գալուստովիչ Կասպարովը, ի թիվս այլ գործերի, հիմնել է Ռուսաստանում ամենամեծ ժամանակակից պարի փառատոնըՙ «Open Look»-ը, Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի պարի ակադեմիայի ժամանակակից պարի բաժնի ղեկավարն է: Մայրդՙ Նատալյա Վլադիմիրովնան, «Kannon Dance»-ի գեղարվեստական ղեկավարն է, բազմաթիվ մրցանակակիր բեմադրությունների հեղինակ: Եվ զարմանալի չէ, որ դուստրն ընտրել է նույն ուղին

– Առհասարակ, ես միշտ ընտրելու հնարավորություն եմ ունեցել: Ոչ ոք եւ երբեք, մանավանդ ծնողներս, ինձ չեն ստիպել ընտրել գործունեության հենց ա՛յս ոլորտը: Բայց, մյուս կողմից, ես ծնվել եմ հենց այն ժամանակ, երբ ծնողներս նոր էին սկսում զարգացնել իրենց բիզնեսը, եւ ես իմ ողջ մանկությունն անցկացրել եմ բացառապես պարի սրահներում եւ ետնաբեմում: Իմ կյանքում մինչ օրս չի եղել մի օր առանց պարելու: Այնպես որ ես հաճախ կատակում եմ, որ ժամանակակից պարի հանդեպ սերն ինձ անցել է մայրական կաթի հետ միասին: Կամ միգուցե սա կատակ չէ…

Իսկ դասակա՞նը: Չէ՞ որ ժամանակակից պարողները պետք է տիրապետեն դասական պարի տեխնիկային եւ արվեստին նաեւ:

– Բացարձակապե՛ս: Բալետի տեխնիկան անվերապահ հիմք է բարձրակարգ պարող պատրաստելու համար: Բայց կարեւոր է, որ դասականներին ուսումնասիրելիս ուսանողը չկարծի, որ դա շարժման միակ ճիշտ միջոցն է: Մեր օրերում եվրոպական բալետի յուրաքանչյուր խումբ իր երկացանկում անպայման ունենում է ժամանակակից պար: Եվ ժամանակակից պարի տեխնիկային չտիրապետողին չեն ընդունի, եթե անգամ ուժեղ դասական հիմք ունենա: Անձամբ ես կարծում եմ, որ դասական կրթությանը զուգահեռ պարողը պարզապես պե՛տք է զարգանա այլ ուղղություններով, որպեսզի ընդլայնի իր հորիզոնները եւ բաց լինի ամեն ինչի առջեւ:

Քո առաջին խորեոգրաֆիկ բեմադրությունըՙ «Տունը, որտեղ…» վերնագրով, հիմնված էր երեւանցի գրող Մարիամ Պետրոսյանի մեծ տարածում գտած համանուն ռուսալեզու վեպի վրա, որը թարգմանվել է ավելի քան տասը լեզուներով: Այդ վեպում այնքան շատ հերոսներ կան, չկա ավանդական դիպաշար: Ինչպիսի՞ն էր այդ զարմանալի գրական ստեղծագործության հանդեպ քո խորեոգրաֆիկ մոտեցումը:

– Դա իմ դեբյուտն էր որպես պարուսույց (անկեղծ ասածՙ շատ հավակնոտ եւ համարձակ, նույնիսկ խենթ մի քայլ էր): Գիրքն ինձ գրավեց այն իրողությամբ, որ նրա հերոսներըՙ հաշմանդամ երեխաները, ներկայացված են որպես ինքնուրույն, խորը եւ ստեղծագործ անհատականություններ: Հիմնական միտքն այն էր, որ նրանք ոչնչով չեն տարբերվում սովորական երեխաներից, եւ միայն նրանց հանդեպ մեր վերաբերմունքն է իսկապես խոցելի դարձնում նրանց: Ի վերջո, այդ պատճառով են նրանք հրաժարվում մուտք գործել իրենց խորթ արտաքին աշխարհ, որտեղ նրանց ոչ ոք չի սպասում, եւ գտնում են իրենց աշխարհում հավերժ մնալու միջոցը: Զոհաբերության հետ կապված այս հզոր թեմայի հետ էլ կապվում էր Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարունի» երաժշտությունը: Ես հերոսներին ընտրեցիՙ հենվելով պարողների վրա, եւ, իհարկե, փորձեցի պատկերը լրացնել այլաբանական բեմական միջոցներով (բեմազարդեր, զգեստներ, վիդեոցուցադրում)…

Հետաքրքրական է, Մարիամն ինքը դիտե՞լ է բեմադրությունդ:

– Անկեղծ ասած, ինձ էլ է դա հետաքրքրում: Միշտ էլ մեծ պատասխանատվություն է մեկ այլ հեղինակի ստեղծագործությունը քո սեփական ձեւով մեկնաբանելը: Բայց 2014 թվականին «Տունը, որտեղ…» վեպի երկրպագուների Սանկտ Պետերբուրգի միության անդամները եկան պրեմիերային, իսկ ներկայացումից հետո ինձ մոտեցան լիակատար ցնծության մեջ: Նրանք ասացին, որ ի սկզբանե թերահավատ են եղել, բայց ներկայացումը շատ ճշգրիտ կերպով ու նրբորեն փոխանցել է գրքի մթնոլորտը, չնայած փոխաբերականությանը եւ բեմադրության մի փոքր այլ դիպաշարին: Չեմ կարծում, որ Մարիամը տեսած լինի իմ աշխատանքը կամ լսած լինի դրա մասին, բայց ուզում եմ հավատալ, որ երբ դա տեղի ունենա, նա գոհ կմնա:

Լինելով Հայաստանից դուրս ծնված կես հայ, կես ռուս, որքանո՞վ ես քեզ համարում հայկական մեծ ընտանիքի մի մասը:

– Իմ կյանքում եղավ ինքնորոշման մի դժվար պահ, երբ ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ով եմ ես. «յուրայինՙ օտարների մեջ, օտարՙ յուրայինների մեջ»: Եվ երբ գիտակցեցի, որ ես հայուհի եմ, ի հայտ եկած զգացողությունը շատ ավելին էր, քան հայկական մեծ ընտանիքին պատկանելը: Իմ մեջ հոսող արյունը կապում է ինձ (թեկուզ անուղղակիորեն) Մաշտոցի, Նարեկացու, Կոմիտասի, Նժդեհի եւ մեր ժողովրդի այլ մեծ մտքերի հետ: Եվ դրա գիտակցումն ինձ հանգեցրեց մի բոլորովին այլ մտածելակերպի: Ես հանկարծ վառ կերպով զգացի այլ երկրներում իմ կրելիք պատասխանատվությունը Հայրենիքիս հանդեպ, եւ դա աներեւակայելի կերպով խթանող է: Դու իրավունք չունես երեսով ընկնել ցեխի մեջ, երբ թիկունքումդ ունես այդպիսի դարավոր իմաստություն, ուժ ու պատմություն:

Հուզիչ էրՎանե, իսկ որտեղի՞ց են արմատներդ: Արցա՞խ, թե՞ Սյունիք:

– Օյ, իրականում իմ արմատների հետ կապված մի բացարձակ անհավատալի պատմություն կա, որը չեմ կարող չպատմել: Հորս ընտանիքը ազնվական է եւ երկու ծնողների կողմից հասնում է Հյուսիսային Իրանՙ հայկական հինավուրց Պարսկահայք գավառը: Երբ ես շատ փոքր էի, մայրս բեմադրել էր «Կոմիտասի երգերը» ներկայացումը, եւ ես մեծացաՙ լսելով դրա երաժշտությունը: Բայց ամենից շատ իմ հիշողության մեջ դրոշմված մնաց մի մեղեդի, որը կարծես միշտ եղել էր իմ մեջ: Շատ տարիներ անց իմացա, որ դա հին հայկական իշխանական պարի մեղեդի է, եւ ես որոշեցի սովորել այն: Այն ինձ մոտ ստացվեց առաջին իսկ անգամից, կարծես ամբողջ կյանքում պարել էի: Եվ երբ այս պարն ինձ սովորեցրած Գագիկ Գինոսյանը հարցրեց, թե որտեղից են իմ արմատները ու ես ասացի, որ մեր նախնիները ազնվականներ են Պարսկահայքից, նա մի րոպե բառացիորեն կորցրեց խոսելու ունակությունը: Պարզվեց, որ այս պարը հենց այնտեղից է, եւ սա հենց իմ նախնիների, նրանց իսկ դասի պարն է: Այդժամ մենք վերջնականապես հավատացինք արյան կանչին, նման բան մարդ չի կարող միտումնավոր պատկերացնել…

Ես նույնպես շատ եմ սիրում խմբով կատարել այդ չքնաղ, խրոխտ, հիրավի ազնվական «Իշխանաց պարը»… Եվ ընդհանրապես, դու մի անգամ ասել ես, որ քո ստեղծագործական կյանքում շրջադարձային է եղել այն պահը, երբ դիտեցիր հայ ավանդական երգ ու պարի «Կարին» համույթի ելույթը, որից հետո սկսեցիր խորությամբ ուսումնասիրել հայկական պարերը

– Այո, ճիշտ է: Այդ օրը ես համարյա ֆիզիկապես զգացի, թե ինչպես ամբողջովին եւ անդառնալիորեն փոխվեցի: Մեր բանահյուսությունը մի բան է, որը փոխանցվում է ԴՆԹ-ով եւ, համապատասխանաբար, այս պարերը կատարելու զգացողությունը գտնվում է բոլորովին այլ մակարդակի վրա: Ես նույնիսկ կասեի, որ սա մի ինքնատիպ թել է, որը գտնվում է տարածությունից եւ ժամանակից դուրս, պահպանում է մեր ազգային հիշողությունը եւ արթնացնում մարմնում իրական ոգին:

Մեր ժամանակներում շատերը փորձում են ժամանակակից լինելՙ անտեսելով դարավոր մշակութային ժառանգությունը: Բայց արդիականությունն ինձ համար առաջին հերթին սերն ու հարգանքն է անցյալի հանդեպ: Անցյալը մերժելովՙ անհնար է դառնալ ժամանակակից:

Կարծում եմ, որ ժողովրդական որեւէ պարի մեջ հնարավոր է խորությամբ թափանցել միայն այն դեպքում, եթե նաեւ լավ ես սովորել տվյալ ժողովրդի լեզուն:

– Համաձայն եմ: Յուրաքանչյուր լեզու ունի իր բառի պոեզիան եւ անթարգմանելի արտահայտությունները, որոնք այլ լեզվով ճիշտ չեն հնչում եւ կորցնում են իրենց նշանակությունը: Հայերենը բառացիորեն հագեցած է նման ասույթներով եւ արտահայտություններով, եւ աշխարհի ոչ մի լեզու չի կարող փոխանցել դրանց իրական գեղեցկությունն ու շքեղությունը: Բացի այդ, եթե արդեն սկսել ես ուսումնասիրել ժողովրդիդ շարժումն ու երաժշտությունը, ինչպե՞ս կարող ես անտեսել նրա ձայնը:

Թե՛ մայրիկդ, թե՛ դու բեմադրել եք հայկական թեմաներով ներկայացումներ եւ պարային համարներ: Ինձ շատ է դուր գալիս Կոմիտասի երգի հիման վրա քո բեմադրած «Հորովելը» («Ռանչպարի երգը»): Խնդրում եմ պատմիր հայկական բեմադրություններիդ, ինչպես նաեւ «Արալեզ» պարախմբի ոճի մասին:

– 2000-ականներին մայրս, ոգեշնչված Հայաստանով, բեմադրեց «Կոմիտասի երգերը» ներկայացումը, որը 2008-ին առաջադրվեց «Ոսկե դիմակ» անվանակարգում ու բարձր գնահատվեց ռուս եւ արտասահմանցի հանդիսատեսի կողմից: Դրանից հետո մենք միասին աշխատեցինք (եսՙ որպես պարող եւ օգնական) այնպիսի հայկական բեմադրությունների վրա, ինչպիսիք են «Արարատի հայտնությունները», «Էտյուդներ Հայաստանի մասին», «1915» եւ այլն: Չեմ թվարկի իմ հայկական բեմադրությունները, դրանք շատ են: Ինչ վերաբերում է «Արալեզ» համույթին ու նրա ոճին, ապա ամեն ինչ բավական պրոզայիկ է. էթնիկ հայկական պարերն իրենց մաքուր տեսքով, ինչպես «Կարին» համույթում: Մեր համույթը ստեղծվել էՙ նպատակ ունենալով հայրենի հողից հեռու ապրող հայ երիտասարդներին հնարավորություն տալ զգալու հայրենիքը մեր նախնիների պարերի միջոցով: Ինչպես ասում է իմ ավագ ընկեր եւ ուսուցիչ Գագիկ Գինոսյանը. «Մենք պարզապես պարեր չենք սովորեցնում: Մենք հայ լինելու հպարտությունը վերադարձնում ենք հային»:

Կոնկրետ ի՞նչ ես անում այսօր, եւ գործիդ մեջ ի՞նչ տեղ են գրավում հայկական պարերը:

– Այս պահին ես ավելի բարձր նպատակ ունեմ. Ես զարգացնում եմ իմ սեփական պարային ոճը եւ լեզունՙ հիմնվելով հենց հայկական ավանդական պարերի վրա: Այսօր ժամանակակից պարի Մեքքան Իսրայելն է: Իսկ ինչո՞ւ: Քանի որ տեղացի պարուսույցները գտել են շարժման իրենց յուրահատուկ լեզուն, որը ժամանակակից է, բայց միեւնույն ժամանակ ունի վառ ազգային գունավորում: Եվ ես ինձ հարց տվեցիՙ ինչո՞ւ Հայաստանը չի կարող նույնը անել: Գտնել ժամանակակից պարի յուրահատուկ, ոչ մի բանի չնմանվող լեզուն: Սա այժմ իմ գլխավոր խնդիրն է: Եվ ես արդեն ընթացքի մեջ եմ: Բառացիորեն անցյալ տարվա մարտին ես ստեղծեցի «Ձայներ» ներկայացումը, որն ամբողջովին հիմնված է հայ ավանդական պարերի վրաՙ ժամանակակից մեկնաբանությամբ: Եվ այն մեծ հաջողություն ունեցավ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում: Այնպես որ, ունեմ բազում անելիքներ, նոր գաղափարներ ու երազանքներ, եւ փորձում եմ հետամուտ լինել դրանցՙ անկախ ամեն ինչից…
Նկար 2. Դրվագ Վալերիա Կասպարովայի «Դեր Զոր» μեմադրությունից: