Անցած ամիսներին Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո հանդիպում. Արայիկ Հարությունյան

56

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Արսեն Ջուլֆալակյանի հայտարարությանը՝ նշելով, որ անցած ամիսների ընթացքում պատգամավորի հետ որևէ հանդիպում, քննարկում չի ունեցել, Արսեն Ջուլֆալակյանը երբևէ իրեն չի դիմել այն  հարցերով, որոնք նա նշել է պատգամավորական մանդատը վայր դնելու պատճառների մեջ: Հիշեցնենք, որ օրեր առաջ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը դիմել էր  ԱԺ նախագահ  Արարատ Միրզոյանին՝ պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ։

Պատգամավորը գրել էր. «Նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: Կարծում եմ, որ որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը: Հետևաբար, նման պայմաններում իմ հետագա գործունեությունը, վստահաբար, չի ծառայի ԱԺ պատգամավորի՝ մեր պետության և քաղաքացու շահերի արդյունավետ պաշտպանության իմ առաքելությանը»: