Տիգրան Մեծը և Լուկուլլոս զորավարը․ Տարոնի ճակատամարտը

86

Ռազմական պատմության մասնագետ Մհեր Հակոբյանի անդրադարձը մ․թ․ա․ I դարում Մեծ Հայքում Հռոմեական զորքերի ներխուժումից հետս ստեղծված իրավաիճակին։

…Մ.թ.ա. 69 թ-ի աշնանը Տիգրանակերտի համար մղվող մարտերը ավարտվեցին անհաջողությամբ և քաղաքն ի վերջո ընկավ, սակայն մի կողմից դա ԷԺԱՆ ԳԻՆ ՉԱՐԺԵՑԱՎ հակառակորդին, իսկ մյուս կողմից էլ Հայոց արքայի ձեռնարկած միջոցառումները նույն այս ժամանակ այնուհանդերձ տվեցին իրենց սպասելի պտուղները, ինչի արդյունքում, չնայած դաշտային բաց ճակատամարտում կրած անհաջողությանը ու մայրաքաղաքի կորստին, արդեն տարվա վերջին Տիգրան II Մեծի հրամանի տակ ԿՐԿԻՆ ԳՈՐԾՈՒՄ ԷՐ 100.000 ռազմիկի կազմով մարտունակ և բավականին ուժեղ մի բանակ։

Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև սկիզբ առնող ձմեռը՝ Լուցիոս Լուկուլլոսը պատերազմական գործողությունների հետագա վարումը հետաձգեց մյուս տարվան, ընդ որում հայերը ևս, որոնք հստակորեն գիտակցում էին, որ ժամանակն արդեն իրենց օգտին է աշխատում, չվերսկսեցին դրանք։ Այս առումով հարկ է նշել, որ իր իսկ կողմից շահած հաղթանակից հետո Լուցիոս Լուկուլլոսն ակնհայտորեն հույս ուներ ձեռքում ունենալ մի իրավիճակ, երբ կրած անհաջողությունից հետո Հայոց արքան բանակցությունների կսկսի, սակայն այդ հույսերն Ի ՎԵՐՋՈ ՉԱՐԴԱՐԱՑԱՆ։

Արդյունքում, ստիպված լինելով շարունակել սկսած գործը, մ.թ.ա. արդեն 68 թվականի գարնան սկզբին, ոտքի հանելով Տիգրանակերտի մոտակայքում տեղակայված սեփական ռազմական մեքենան, Լուցիոս Լուկուլլոսը նպատակ դրեց գրավել Մեծ Հայքի թագավորության մյուս մայրաքաղաքն ի դեմս Արտաշատի՝ ցանկանալով գոնե այդ ճանապարհով կոտրել Հայոց արքայի համառությունը և ստիպել վերջինիս բանակցել։ Ի պատասխան սրա՝ Տիգրան II Մեծը որդեգրեց անկանոն մարտերով հակառակորդին հյուծելու և հետո նոր միայն վճռական մարտ տալու մարտավարություն, որն արդյունքում իրեն լիովին արդարացրեց՝ էականորեն դանդաղեցնելով հակառակորդի բանակի առաջխաղացման ընթացքը և զգալի կորուստներ արժենալով վերջինիս։

Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.68 մայիս – Տարոնի ճակատամարտում Մ.թ.ա 68 թ-ի մարտին Լուցիոս Լուկուլլոսի գլխավորությամբ Տիգրանակերտից դեպի արևելք, իսկ հետո արդեն դեպի հյուսիս-արևելք արշավող Հռոմեական հանրապետության բանակը (մոտ 135.000, այդ թվում Դեյոթարոս I Գալաթացու գլխավորած գալլական, թրակիական և բյութանիական հեծյալներ) Բաղեշ (Աղձնիք, Սոլնոձոր գավառ, Ձորա պահակ լեռնանցքում, Վանա լճից մոտ 18 կմ հարավ-արևմուտք) -Տարոն երթուղով մոտեցավ Միհրդատ VI Եվպատորի գլխավորած Հայկական ծանր հետևակի և հեծելազորի բանակատեղիին (մոտ 20.000)՝ ի վերջո պաշարելով այն:

I փուլ – Հռոմեական հանրապետության բանակը անցավ հարձակման, սակայն Հայկական բանակը համառորեն հետ մղեց վերջինիս բոլոր գրոհները:

II փուլ – Տիգրան II Մեծի գլխավորած Հայկական թեթև հետևակը և հեծելազորը թիկունքից հարվածեցին Հռոմեական հանրապետության բանակին և, խուճապի մատնելով վերջինիս, հնարավորություն ընձեռեցին պաշարվածներին հեռանալ: Հայերը կորցրին մոտ 500, թշնամին` մոտ 2.000 զինվոր:Անհաջողություն կրելով Տարոնում՝ մ.թ.ա. 68 թվականի մայիսից մինչև սեպտեմբեր Հռոմեական հանրապետության բանակը շարունակեց իր ԴԱՆԴԱՂ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄԸ Տարոն-Հարք-Կորի-Ապահունիք-Արածանի գետի հուն-Բագրևանդ երթուղով` ողջ երթուղու երկայնքով թողնելով կայազորներ և ենթարկվելով Մեծ Հայքի թագավորության բանակի (մոտ 30.000) անկանոն հարվածներին:

Այս առումով մինչև առաջ անցնելը հարկ է նշել, որ խորհրդահայ պատմագիտության կողմից համարյա ուշադրություն չի դարձվել այն հանգամանքի վրա, որ, մայիսին մտնելով Տարոն, Հռոմեական հանրապետության բանակը միայն սեպտեմբերի կեսերին հասավ Բագրևանդ։ Խնդիրը կայանում է նրանում, որ, փաստորեն, Հռոմեական հանրապետության բանակը արդյունքում մոտ չորս ու կես ամսում անցավ ընդամենը միայն մոտ 220 կմ, ինչը իր ժամանակվա Հռոմեական հանրապետության բանակի համար մարտարշավի ԽԻՍՏ ՑԱԾՐ ՏԵՄՊ ԷՐ, քանի որ այդ ժամանակաշրջանում վերջինս ի վիճակի էր շարժվել միջինը օրական 25, արագացված երթով` 30, իսկ սրընթաց երթով` 45 կմ արագությամբ:

Այս հանգամանքը մեզ համար կարևորվում է նախ նրանով, որ ցույց է տալիս, թե Մեծ Հայքի թագավորության բանակը ինչ աստիճանի համառ դիմադրություն էր ցույց տալիս հակառակորդին, և հետո մեզ հիմք է տալիս ենթադրություն անելու առ այն, որ գուցե Հռոմեական հանրապետության բանակը, կրելով կորուստներ, ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄԸ ԿԱՄ ՆՈՒՅՆԻՍԿ ՎԵՐՋԻՆՍ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ՆՈՐԻՑ Է ՍԿՍԵԼ ԱՐՇԱՎԱՆՔԸ՝ մի հանգամանք, որի մասին հռոմեական գոռոզ զորավարի զեկուցագրերի վրա հիմնվող հունահռոմեական պատմիչներն ուղղակի «մոռացել» են նշել: Այսպես թե այնպես, սակայն արդեն աշնան սկզբին Մեծ Հայքի թագավորության տարածքում խորացող Հռոմեական հանրապետության բանակը հասավ Արարատ նահանգի կենտրոնական հատվածին, որտեղից արդեն հեռու չէր նաև Արտաշատը։

Արդյունքում Տիգրան II Մեծը որոշեց ի վերջո վճռական մարտ տալ հակառակորդին։Մ.թ.ա. 68 թ-ի սեպտեմբերի 14-ի աշնանային օրը վերջանում էր և լեգեոներները տեղավորվում էին իրենց ճամբարում: Առջևում մ.թ.ա. 68 թ-ի սեպտեմբերի 15-ն էր, որին վիճակված էր լինելու ՈՍԿԵ ՏԱՌԵՐՈՎ գրվել հայ ժողովրդի ռազմական պատմության մեջ՝ պարտության հազվադեպ օրերից մեկը դառնալով ուշ հանրապետական շրջանի Հռոմի պատմության մեջ…