Ուջանի վավերագրական ֆիլմերի փառատոնը մեկնարկեց

56

«Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը մեկնարկեց  սեպտեմբերի 14-ին՝ ժ. 19:00-ին, Ուջանի Ազատամարտիկների հուշահամալիրի այգում: Բացման արարողությանը ելույթ  ունեցան  Ուջանի երաժշտական դպրոցի երեխաները,  այնուհետ ցուցադրվեց իրանցի ռեժիսոր Շահրամ Բադախշան Մեհրի կարճամետրաժ ֆիլմն Ուջանի մասին։ Ռեժիսորը, փառատոնի հյուրը լինելով 2017 թվականին, հավանել է գյուղն ու փառատոնի նախաձեռնող «Ֆիլմադարան» ՀԿ-ի օժանդակությամբ՝ ֆիլմ նկարել Հայաստանում։ Ուջանյան բացօթյա ցուցադրությունները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 20-ը:

Փառատոնի ընթացքում «Անտարես» հրատարակչությունը փառատոնի խնդրանքով գրքերի խմբաքանակ է նվիրաբերելու Ուջանի գրադարանին։ Իսկ Ուջանի երեխաները «Ֆիլմադարան» ՀԿ-ի կինոմասնագետների աջակցությամբ կարճամետրաժ ֆիլմեր կնկարեն իրենց գյուղի մասին. ի վերջո բոլոր կարճամետրաժները կմոնտաժվեն մեկ ֆիլմ-անտոլոգիայի մեջ:

Անցյալ տարիներին փառատոնի  տեղացի ու արտասահմանցի հյուրերը մեկ շաբաթ ապրում էին Ուջան գյուղի բնակիչների տներում, հաց էին կիսում նրանց հետ ու երեկոյան միասին բացօթյա ֆիլմեր դիտում Ուջանի այգում։  Քանի որ սահմանները փակ են ու արտասահմանյան հյուրեր ընդունել չենք կարող, այս տարի ուջանյան ցուցադրություններից բացի՝ փառատոնի կայքում (www.atieff.org) լինելու են առցանց ցուցադրություններ՝ յուրաքանչյուր շաբաթ, սեպտեմբերից մինչև դեկտեմբեր։ Փառատոնային մեկշաբաթյա ձևաչափը մեխանիկորեն առցանց տիրույթ տեղափոխելու փոխարեն՝ կազմակերպիչները որոշել են ավելի հեռուստատեսային երկարատև ձևաչափ որդեգրել՝ շաբաթը մեկ նոր ֆիլմ ներկայացնելով հանդիսատեսին: Բոլոր առցանց ցուցադրություններն ուղեկցվելու են հեղինակների հետ հարցազրույցներով։ Լինելու են նաև առցանց քննարկումներ փառատոնի բոլոր մասնակիցների միջև զանազան արվեստագիտական թեմաներով։

Այս տարվա լիամետրաժ ու կարճամետրաժ ծրագրերում ներառված են 15 ֆիլմ՝ 13 երկրից (Հայաստան, Կանադա, Ավստրալիա, Պորտուգալիա, Լեհաստան և այլն), որոնց մեծ մասն արդեն իսկ արժանացել են բազմաթիվ մրցանակների՝ աշխարհի զանազան հեղինակավոր կինոփառատոներում։ Այստեղ կան ամենազանազան տեսակի վավերագրական ֆիլմեր՝ ազգագրական, փորձարարական, անիմացիոն, մանկական և այլն։ Ֆիլմերը ցուցադրվում են հայերեն և անգլերեն ենթագրերով:

Դեկտեմբերի վերջում միջազգային ժյուրին կհայտարարի հաղթողներին, որոնք կպարգևատրվեն Ուջանի գորգագործության խմբակի երեխաների կողմից հատուկ այս առիթով կարված հայկական ավանդական գորգերով։