ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆՆ Ո՞ՒՄ ԵՒ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԷՐ ԽՆԴՐՈՒՄ ԳԱՐԵԳԻՆ ՎՐԴ. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՑ

283

Սողոմոն Թեհլերյանի՝ Գարեգին վարդապետին ուղղած հիշյալ նամակից պարզվում է, որ Ս. Թեհլերյանը 1916թ. որոշ ժամանակ աշխատել է «Քաղաք միություն» կոչված Խնուս քաղաքի որբանոցի հսկիչ: Կոտորածներից մի կերպ փրկված որբ երեխաներին հավաքում էին հիշյալ վայրում և տեղափոխում Կովկաս։ Երեխաներից փոքրերին պահում էին որբանոցում, իսկ մեծերին՝ ազատ արձակում իրենց ցանկացած տեղերում աշխատելու համար: Նամակից պարզվում է, որ Կովկաս են տեղափոխվել 500 երեխա, որոնց թվում է Մշո դաշտի Թիլ գյուղից մի տղա, որի բոլոր ազգականներին թուրքերը վերացրել էին, իսկ տղան փախչել էր ու փրկություն գտել մի բարի քուրդի ընտանիքում մինչև ռուսական բանակի մուտքն այդ վայր: Ս. Թեհլերյանը թախանձագին խնդրում է Գարեգին վրդ. Հովսեփյանին, որ այդ տղային ընդունի որբանոց, որը ամաչկոտ և վտիտ լինելու պատճառով որբանոցից դուրս չի կարող ապրել։ Հավանական է, որ Գարեգին վարդապետը հարգում է Ս. Թեհլերյանի խնդրանքը և տղային ընդունում որբանոց։
Ստորև ներկայացված է Ս. Թեհլերյանի հիշյալ նմակը.

«Արժանապատիվ տեր Գարեգին հայր վարդպետ
Ստորագրյալս Ձերդ անարժան ծառան լինելով, կուգամ խոնարհաբար Ձերդ սուրբ Աջը համբուրելով մի բան խնդրեմ, որը Ձեզ հայտնած եմ բերանացի, բայց իմ ներկայացած պարագայիս երկար ժամանակ չունենալով Ձեզ բացատրել խնդրի մանրամասն պարագաները, ստիպված եմ սույն խնդրագիրը նամակովս հայտնել։
Աղերսագին կերպով պիտի խնդրեի Ձեզանից որ՝ այն մշեցի որբը որն որ այսօր Ձեր գրասենյակի մեջ ներկայացավ Ձեզ, հրամայեք որ ընդունեին տեղիս որբանոցում։ Նրա տարիքը 13 է, Մշո դաշտի Թիլ գյուղից մի ազնիվ ընտանիքի զավակ է որուն բոլոր պարագաները կոտորվել են անցյալ տարի Մշո ընդհանուր կոտորածին, իսկ ինքը մնացել է մի բայրացակամ քյուրդ ցեղապետի մոտ մինչև Մուշի գրավվելը։
Իրավ է, հաստատում եմ, որ դրանց նման երեխաներ իբր գաղթական նպաստ ստանալով և աշխատելով կարող են մի կերպ ապրիլ, սակայն այս երեխան երբեք այդ արիությունը չունի, այնքան փափկասիրտ ու ամաչկոտ է, որ Ձեզ հավատացնում եմ եթե օրերով սոված լինի, ոչ մեկու չի համարձակիր հայտնել և մի պատառ հաց ուզել։ Այսօր երբ Դուք ասացիք որ չեք կարող որբանոցում ընդունել, այդ րոպեից սկսեց արտասվել և մինչև հիմա չի դադարում. ուզեցի ինձ հետ տանել ճաշարան, բայց չուզեց գալ և արտասվելով երանի է տալիս այն օրերին, որ ապրել է քյուրդի մոտ և նախընտրում է ապրիլ անցյալ այդ մի տարվան գերիի կյանքը և ոչ ներկայի կյանքը։
Գուցե իմ ասածները Ձեզ համար ավելորդաբանություններ լինեին. բայց ես պարտականություն եմ համարում մի երկրորդ անգամ դիմում ընել Ձերդ արժանապատվության այս խնդրի մասին. որովհետև երախային լավ ծանոթ եմ և խիղճս տանջելու է զիս երբ այդպիսի մի մաքուր երախա ձգեմ այստեղ, և հենց դրա համար խնդրում և աղերսում եմ Ձերդ արժանապատվությունից, որ նկատի առնեիք Ձեր ծառային աղերսանքը։
Ծառանիդ՝ մի ժամանակ Քաղաք. միության Խնուսի որբանոցին հսկիչ լինելով՝ բոլոր որբերին՝ որոնք փոխադրված են Կովկաս նույն կոմիտեի միջոցով, ծանոթ եմ և, որոնց թիվը հասնում 500-ից ավելի, բոլորին էլ տեսած ու ապրած եմ հետները և սրանով կարող եմ ասել, որ այսպիսի խոնարհ և համեստ երախաներ շատ հազվագյուտ էին։ Քաղաք. միության Խնուս-Մուշի լիազոր պ. Ռուբեն Տեր Մինասյանը ուզում էր հիշյալ որբը իր մոտ պահել, բայց որովետև երախան ուզում էր ուսանիլ, դրա պատճառով պ. Ռուբենը ուղարկեց Խնուսից որպեսզի երախային ուսմունքի բեղմնավոր ժամանակները պարապը չվատնվին։
Ես ամենայն սիրով ինձ հետ տանելու էի Թիֆլիս, այնտեղ մի որևէ որբանոցում տեղավորելու, բայց դժբախտաբար իմ դրամական պարագաներս չեն ներում, և ոչ մի տարբեր միջոց էլ չունիմ։
Ձերդ սուրբ Աջը համբուրելով և աղերսելով կպաղատիմ ու կխոսամ որ չպիտի մերժեիք անարժան ծառանիդ։
Սպասելով Ձերդ կարգադրության
Սողոմոն Խ. Թեհլերյան
Էրզրումի նահանգի Երզնկա գավառից։
26/6-1916թ.
Վաղարշապատ