Կոմիտասը և Աբովյանի լուսանկարը

133

1907 թվի գարնան, երբ առաջին անգամ Փարիզի հայոց առաջնորդարանը գացինք, այնտեղ Կոմիտասի առանձնասենյակին պատին տեսանք Խաչատուր Աբովյանի մեծադիր լուսանկարը: Որքան հոգեթով պատկեր մը ստեղծվեցավ այնտեղ, երբ հայ ժողովրդի մեծ գուսանը, երգած ատեն, աչքերը հառեց Աբովյանի պատկերին՝ իբրև ներշնչման աղբյուրի:

Կոմիտասի սրտաշարժ ելևէջները կարծես կենդանություն կուտային անոր անշունչ լուսանկարին:
Այդ օրերեն մեկը, Աբովյանի լուսանկարով հետաքրքրվող հյուրերուն Կոմիտաս հետևյալը ըսավ. «Այս Խաչատուր Աբովյանի լուսանկարը իմ ամենասիրած իրս է. իմ էության հետ մաս կազմող…

Մոտ կամ հեռու՝ ուր որ ճամփորդեմ՝ հետս կտանիմ զայն: Այս թանկագին նվեր-հիշատակը ինձ տվավ Խրիմյան Հայրիկը՝ իր կաթողիկոսության առաջին օրերուն»:

1911 թվին, աշնան երեկո մը, հորս հետ այցելեցինք Կոմիտասի Պերա-Յալե փողոցը գտնվող պանսիոնը:

Կոմիտասի սենյակի պատին կրկին անգամ, տեսա Խաչատուր Աբովյանի Փարիզեն ինծի ծանոթ լուսանկարը… Երբ ուշի ուշով դիտեցի Աբովյանի լուսանկարը, մեծ երգիչը, գովելով իմ հետաքրքրությունս, ըսավ. «Ուրեմն՝ այս օրվընե վերջ՝ ա՛լ երբեք չմոռանաս, որ մեծանուն Խաչատուր Աբովյանը հայ ժողովրդական երաժշտությունը հետազոտող՝ երգիչ-երաժիշտ եղած է…»:

Խոսքը հորս ուղղելով ավելցուց Կոմիտաս.

«Վաղ պատանեկական օրերես մինչև այսօր, իմ հոգու հսկիչն է ան և իմ ուսուցիչը… Հոգվույս մեջ ամենօրյա արձագանքողը… Աշխատիլ, տքնիլ, պայքարիլ՝ միայն և միայն ժողովուրդիս և մարդկության համար… Ես երբեք չեմ կարող ապրիլ առանց Աբովյանի… Պատանի տարիքիս, Էջմիածնա ճեմարանը ուսանողությանս ատեն, երբ առաջին անգամ «Վերք Հայաստանի»-ն կարդացի, հոգվույս մեջ այնպիսի ալեկոծություններ զգացի, որ երբեք չեմ մոռնար… Այդ օրերուն, ընկերոջ մը հետ, վաղ արշալույսին, ճեմարանեն փախչելով և սար ու ձոր կտրելով հասանք Քանաքեռ գյուղը՝ Աբովյանի ծնած և մեծցած տնակին առջև…համատարած լռությունը տխրությամբ համակեց մեզ…քանի մը անգամ անոր տնակին շուրջը պտտեցանք…ոչ ոք տեսանք այնտեղ, բացի քանի մը կտկտացող հավերեն և աքաղաղե մը, որ իր ընկերները թողած, իր կանչերով մեզ կհուզե… Այդ օրը, մեր վերադարձին, հայաստանյան անծայրածիր դաշտերուն մեջ, մենք քրքրեցինք «Վերք»-են մեր հոգվույն մեջ պահված պատկերներու շարանները…Եվ ուխտեցինք՝ հավետ մնալ հայ ժողովրդի զավակ…»:
Մեջբերումները` «Ժամանակակիցները Կոմիտասի մասին» գրքից. Աղավնի Մեսրոպյանի հուշերից