ԱԺ-ը քննարկում է Երվանդ Խունդկարյանին ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրելու հարցը

45

Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի պաշտոնում Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած՝ Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը:

Թեկնածուին խորհրդարանում ներկայացրեց Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը:

Երվանդ Հենրիկի Խունդկարյանը ծնվել է 1972 թվականին  Երևանում: 1989 թվականին ընդունվել և 1994 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը: 1992 թվականի ապրիլի 15-ից աշխատել է ՀՀ գերագույն դատարանում՝ որպես քրեական գործերի, դատական կոլեգիայի, դատական նիստերի քարտուղար, օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ խորհրդատու, քրեական գործերի դատական կոլեգիայի ավագ խորհրդատու: 1996 թվականի նոյեմբերից մինչև 1998 թվականի մայիս ամիսը ծառայել է ՀՀ ազգային բանակում: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ՀՀ գերագույն դատարանում՝ որպես օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ խորհրդատու: 1999 թվականի հունվարից աշխատել է ՀՀ քրեական և զինվորական գործերով Վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական: ՀՀ նախագահի հրամանով 2001 թվականի հոկտեմբերի 19-ին Խունդկարյանը նշանակվել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր, իսկ 2008-ի հունվարին ՀՀ վերաքննիչ  քաղաքացիական դատարանի դատավոր: 2008-ի հոկտեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրմանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր, երկու տարի անց՝ պալատի նախագահ: 2018 թվականի հուլիսի 20-ին ՀՀ նածագահի հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ, իսկ նույն թվականի սեպտեմբերին Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ:

Խունդկարյանը 2010 թվականից հանդիսացել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հանձնաժողովի նախագահ, ՀՀ դատական դպրոցի կառավարման խորհրդի նախագահ: 2016-2019 թթ. հանդիսացել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի Քաղաքացիական իրավունք և Քաղաքացիական դատավարություն մասնագիտացմամբ պետական քննական հանձնաժողովի նախագահ, դասավանդում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում և ՀՀ արդարադատության ակադեմիայում:

Խունդկարյանն ամուսնացած է, ունի երկու որդի: