Ով է Թումանյանի քննադատ Ռուբեն Դրամբյանը

289

ԵՐԵԿՈՅԱՆ ՎԵՐԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
ՌՈՒԲԵՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԴՐԱՄԲՅԱՆ
Հովհաննես Թումանյան բավարար չափով իմացող ցանկացած ոք գիտե, որ 20-րդ դարի սկզբին նրան մեղադրել են բանագողության մեջ։ Այդ հարցում շատ ակտիվ է եղել հատկապես քննադատ Ռ․ Դրամբյանը, որը 1909 թ․ «Մշակ» թերթում տպագրել է «Գրական մեծությունները բանագող» հոդվածը, որտեղ Թումանյանին կոպիտ տոնով համարում է ժողովրդական ստեղծագործությունների սոսկական արտագրող։ Թումանյանը ոչ պակաս անբարյացակամ տոնով նրան պատասխանել է՝ գրելով նախ «Ոչ գրական ոչնչությունները քննադատ», իսկ ավելի ուշ՝ 1913 թ․, «Հայոց դրամբյանիզմն ու ես» բանավիճային հոդվածները։
Իսկ ո՞վ է այդ Ռ․ Դրամբյանը։ Այս հարցի պատասխանը դժվար է գտնել թումանյանագիտության մեջ։ Նրա մասին հանգամանալի տեղեկություններ չկան նաև Թումանյանի երկերի լիակատար հրատարակության հատորներում։ Այնինչ Դրամբյանը բավական կարևոր դեմք է, և արժե, որ նրան հիշենք ոչ միայն որպես մեծ բանաստեղծի ընդդիմախոսի։
Ռուբեն Դրամբյանը հայտնի հոգևորական է, բայց անցյալ դարասկզբին եղել է նաև բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող և մանկավարժ։ Ծնվել է 1878 թ. Էրզրումի Բայազետ գյուղում։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Ապրել է Արևելյան Հայաստանում, ուսուցչություն է արել ծխական դպրոցներում։
Դրամբյանը եղել է քրդական այբուբենի ստեղծման նախաձեռնողներից մեկը, ստեղծել է քրդերենի առաջին դասագրքերը։ Քրդերեն առաջին պիեսի հեղինակն է։
1944 թ․ Ռուբեն Դրամբյանը անցել է հոգևոր ծառայության։ Հաջորդ տարի արդեն ձեռնադրվել է եպիսկոպոս, շուտով՝ նաև արքեպիսկոպոս։ Եղել է «Էջմիածին» հանդեսի գլխավոր աշխատակիցներից մեկը։
1945 թ․ Դրամբյանը նշանակվել է Շիրակի թեմի առաջնորդ, իսկ 1946-1949 թթ․ եղել է Թեհրանի էջմիածնական թեմի առաջնորդը։ Մեծ աշխատանք է կատարել իրանահայության հայրենադարձությունը կազմակերպելու գործում։
Վախճանվել է 1952 թ․ և թաղվել Սուրբ Գայանե եկեղեցու գերեզմանատանը։
Ռուբեն արքեպիսկոպոս Դրամբյանը եղել է զգայուն, սիրված և բարեպաշտ անձնավորություն։ Պատմում են, որ քարոզների ժամանակ նա հաճախ այնքան էր հուզվում, որ արտասվում էր։


Ահա թե ով է եղել Հովհաննես Թումանյանին այնքան բարկացրած գրաքննադատ Ռուբեն Դրամբյանը։

Սեյրան ԳՐԻԳՈՐՅԱՆ, գրականագետ, ԵՊՀ Հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ