Արսեն Թորոսյանի նոր հրամանը դիմակ կրելու վերաբերյալ

183

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ կարող են չկրել 0-5 տարեկան երեխաները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողները և միջոցառման անմիջական մասնակիցները (բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի):

Ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս դիմակ կրելը պարտադիր չէ:

Դիմակ կրելը պարտադիր չէ նաև բացօթյա հանգստի նպատակով հատուկ առանձնացված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափերում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ՝ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցությունը: