Թուրքիայի 5 նահանգներում անտառային հրդեհներ են

83

Թուրքիայի միանգամից 5 նահանգներում՝ Շըրնաքում, Բուրսայում, Ադանայում, Չանաքքալեում և Անթալիայում,  անտառային հրդեհներ են բռնկվել:

Շըրնաքում հրդեհը բռնկվել է քաղաքին հարակից Ջուդի կոչվող սարի անտառներում: Միանգամից 7 կետում բռնկված ու շարունակվող հրդեհը մարել չի ստացվում կապված դժվարամատչելի տարածքի հետ: Հաղորդվում է, որ զինվորականները թույլ չեն տալիս հրդեհը մարել ցանկացող կամավորներին ու Շըրնաքի անտառտնտեսության աշխատակիցներին մոտենալ այրվող օջախներին՝ որպես հիմնավորում նշելով դրա վտանգավորությունը:

Բուրսայում էլ հրդեհը բռնկվել է նահանգի Քեստել շրջանիին հարակից անտառապատ տարածքում և քամու պատճառով արագ տարածվել: Նշվում է, որ այստեղ Բուրսայի քաղաքային հրշեջ ջոկատներն ու անտառային գործերի վարչությունը աշխատանքներ են սկսել հրդեհը մեկուսացնելու ուղղությամբ:

Ադանայի Փոզանթը շրջանի մոտակա անտառում բռնկված հրդեհը մարելու համար մոբիլիզացվել է բավական մեծաթիվ և հրշեջներ և հրդեհաշիջման տեխնիկա, այդ թվում՝6 ուղղաթիռ, 2 ինքնաթիռ, 30 հրշեջ մեքենա, 15 հրշեջ տանք, 7 հատուկ տեխնիկա և 200 հրշեջ:

Չանքաքքալեում հրդեհը բռնկվել է Գալիպոլի շրջանի Քավաքյոյ գյուղաքաղաքի  Քալաֆեթ գյուղի հարակից անտառներում: Հաղորդվում է, որ այս 2 հրդեհները մարելու համար մեծ թվով հրշեջներ ու տեխնիկա է ուղարկվել:

Անթալիայում հրդեհը բռնկվել է նախօրեին Աքսու շրջանում: Նշվում է, որ այստեղ ևս զգալի թվով հրշեջներ են ներգրավվել հրդեհը մարելու աշխատանքներում: Ներգրավված է նաև մեկ հրշեջ ուղղաթիռ: Տեղի ֆերմերներն էլ են մասնակցում մարման աշխատանքներին՝ թույլ չտալու կրակի տարածումը դեպի իրենց ջերմատնային տնտեսություններ։

Ermenihaber.am