ՀՀ ԿԳՄՍ նախարարության հերթական վայրիվերումների հետքերով

64

Իշխանափոխությունից հետո Հայաստանում մարդիկ երկար սպասեցին հասարակական կյանքի տարբեր ոլորտներում բարեփոխումների, սակայն այդպես էլ մնացին սպասելով: Մի որոշ ժամանակ հասարակությունը դեռ անսաց քայլականներին աստվածացրած զանգվածի «Թողեք թող աշխատեն» կոչերին, հետո կամաց-կամաց հետ քաշվեց՝ կորցնելով ամեն հույս: Սա մեր կյանքի բոլոր ոլորտներում: Բայց կան հարցեր, որոնցում անգամ աննշան սխալը կամ չմտածված գործողությունը ավելի մեծ ավերներ է գործում: Օրինակ կրթության խնդիրները:

Կրթական համակարգը ենթակա է լուրջ, համառ և երկարատև բարեփոխումների:

2020 թվականի փետրվարի 24-ի խորհրդարանական լսումների ժամանակ կրթության գիտության, մշակույթի սպորտի նախարար Արայիկ Հարութ­յունյանը նկատել է. «Մենք այլևս հրաժարվում ենք կրթության ոլորտում կոսմետիկ փոփոխություններից»: Այստեղ տեղին է ժողովրդական խոսքը. հարկավոր է տասն անգամ չափել, մեկ անգամ՝ կտրել:

Իշխանությունը պնդում է, որ ամենաազգային կառավարությունն է, որ երբևէ եղել է նորանկախ Հայաստանում: Այդ դեպքում անհաս­կա­նա­լի է, թե ինչու են հարվածի տակ հայտն­վել հատկապես «Հայոց լեզու», «Հայ գրականու­թյուն»,

 «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմու­թյուն» առարկաները, որ ռազմավարա­կան նշա­նա­կու­թյուն ունեն մեր երկրի հա­մար: Իսկ հարվածը մեկը չէր, երկուսը չէր, երեքը չէր:

  1. Դեռևս փետրվարին առաջարկվեց փոփոխություններ մտցնել «Բարձրագույն կրթության և գի­տու­թյան մասին» ՀՀ օրենքում: Նախագծի առավել խնդրահարույց կար­գա­­վո­րում­­ներից էր հայոց լեզվի` որպես արտոնյալ կարգավիճակ ունեցող առարկայի բա­ցա­կայությունը: Գործող օրենսդրական կարգավորումներով՝ «Հայոց լեզու և հայ գրա­կա­նություն», «Հայոց պատմություն» առարկաների ուսուցումը պարտադիր է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, իսկ նոր օրենքի նախագծով տվյալ առարկաների պար­տա­դիր դասավանդումը դառնում է կամընտրական:
  2. Հայագիտության հանդեպ երկրորդ, ոչ արդարացի որոշումը կայացվեց՝մագիստրոսա­կան մասնագիտացումների ցանկից հանելով հայագիտական մասնագիտացումներով կրթություն ստանալու դեպքում եկամտային հարկով ուսման վարձի փոխհատուցման հնարա­վորությունը:
  3. Բուհական ընդունելության միասնա­կան քննություններին մասնակցել էր շուրջ 12 000 դիմորդ, որոնցից մոտ 700-ը, ստանալով համեմատաբար բարձր միավորներ, զրկվել էր (պայ­մանավորված կրթության մասին օրենքի հոդված 15-ի կետ 5-ի և բուհերի ընդունե­լության կարգի փոփոխությամբ) հայտա­գրված մասնագիտությունների առաջնահեր­թությամբ բարձ­րա­գույն կրթություն ստանալու իր իրա­վունքից: Դիմորդների և նրանց ծնողների արդարացի բողոքի դեմ ոստիկանությունը անհա­մաչափ ուժ էր կիրառել՝ արտակարգ դրությամբ պայմանավորված հավաքների սահմանա­փակ­ման պատճա­ռա­բանությամբ նրանց բերման ենթարկելով:
  4. Հուլիսի կեսերին հանրային քննարկման դրվեցին հանրակրթության առարկայա­կան չափո­րո­շիչ­նե­րը և օրինակելի ծրագրերը:

«Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների  չափորոշիչ­ների վերաբերյալ հնչեցված բազ­մա­թիվ մասնագիտական կարծիքները (բուհերի մաս­նա­գի­տա­կան ամբիոնների, ՀՀ ԳԱԱ պատ­մու­թյան, գրականության ինստիտուտների, Հայ Առա­քե­լա­կան Եկեղեցու, քաղաքական և հա­սա­րակական գործիչների, առանձին անհատների), ցա­վոք, ցույց տվե­ցին, որ չափորոշիչները խիստ վտանգավոր են, թշնամական և չեն բխում մեր երկրի ռազմավարական և անվտանգային շահերից, թիրախավորում են կրթական գործընթացում ազգայինի բովանդակությունը:

  • Առարակայացանկից հանվել է «Հայոց եկեղեցու պատմու­թյուն» առարկան: Այս փոփո­խու­թյուն­ը կայացվել է Եկեղեցու թի­կուն­քում, ՀՀ և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարա­բերությունների մասին օրենքի ութերորդ հոդվածի խախտմամբ: Անքննելի է, որ յուրա­քանչյուր ծրագիր, դասա­գիրք, ուսումնական գործընթաց շարունակական բարելավման կա­րիք ունի, սակայն ժխտողա­կան ու բացասման մոտեցում­ները կարող են լուրջ կորուստ­ների հանգեցնել: «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի բովանդակությունից «Հայոց պատմութ­յան» մեջ ինտեգրվել են ժամանակագրական տվյալներով որոշ դասանյութեր և շատ հպանցիկ ծանոթացում արժեք­նե­րին, ավանդույթներին:
  • Չնայած նախարարությունը հանրակրթության առարկայացանկից «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դուրսբերումը համարում է սուտ մտահոգություն և ան­հանգստու­թ­յուն, սակայն մինչև օրս առարկայի չափորոշիչը հանրային քննարկ­ման չի ներկայացվել:  Անհրաժեշտ է ձևավորել և զար­գաց­նել նախաբանակային պատրաստության նոր հա­մա­կարգ, որը, բացի «ՆԶՊ» առար­կա­յի դասավանդումից, կներառի, օրինակ,  որոշակի պարբերականությամբ ճամ­բա­րա­յին հավաքներ, որտեղ աշակերտները ընդհանուր պատկերացում կկազմեն բա­նա­կա­յին ծառայության մասին:
  • Ճիշտ են իշխանությունների այն պնդումները, որ այս ուսումնական տարում սեռա­կան կրթություն չի իրականացվելու, բայց սուտ են այն հավաստիացումները, որ առաջարկ­վող չափորոշիչ­ներում դրանք բացակայում են: Մասնագետների դիտարկմամբ՝ տարբեր առար­­կա­­­յա­կան չա­փո­րոշիչներում առկա է Լանզարոտեի աղմկահարույց կոն­վեն­ցիա­յի 6-րդ հոդ­վածի (սեռական դաստիարակության միջոցով սեռական շա­հա­գործ­ման, սե­ռա­կան բռնու­թյան ու վտանգի հետ կապված տեղեկատվություն՝ տարրական և միջին դպրո­ցում) դրույթ­ների կիրառելիությունը: Ըստ մասնագետների՝ ներ­կա­յաց­ված է հա­մա­­պարփակ սեռական կրթու­թյան մոդել (ԱՀԿ-ի ստանդարտներին համա­հունչ)։ Կան մի քանի տասնյակ գիտական ապացույց­ներ, որ այս ձևով կրթելիս դե­ռա­հա­սության տարիքում հղիու­թյան դեպքերն ու սեռավարակների տարած­վա­ծությունն ավելի են շա­տա­նում։

Ցանկացած քննադատական խոսք նախարարության կողմից համարվում է շահարկում և իջեցվում կենցաղային վեճի մակարդակի, այլակարծու­թյունը կամ անհամաձայնությունը ներկայացվում է որպես կեղծիք է և  չարախոսություն:  Նախարարը նույնիսկ պնդում է, որ այս չափորոշիչներով զարգացնելու են ժողովրդի լավագույն կողմերը, իսկ վատագույն կողմերը թողնվելու են անցյալում: Անհասկանալի է սակայն, թե ինչպե՞ս են որոշվել, ապա և ընտրվել լավ ու վատ կողմերը: Ո՞ր կողմում են չափորոշիչում հազվադեպ օգտագործված «ազգ», «հայրենիք» հասկացությունները, և որում՝ հաճախ հանդիպող «հանդուրժողականությունը»:


Կառավարության ռազմավարությունը և գործողությունները պետք է բխեն հայության առջև կանգնած ինքնութենական մարտահրավեր­ներից, այլ ոչ դրսից պարտադր­ված գլոբալիստական օրակարգից, և չպետք է վտանգեն մեր ազգային հենքը, սերունդների և պետության ապագան, խեղաթյուրեն մեր կրթական համակարգը: Ուստի, մենք պահանջում ենք վերանայել տարվող քաղաքականությունը, մասնագետների և հանրության լայն քննարկ­մամբ մշակել կրթական բարեփոխումների ազգային ծրագիր, որը ընդունելի կլինի հասարակության լայն խավերի կողմից։  Հակառակ դեպքում, քանի որ վարչապետն արդեն իսկ հայտարարել է, որ «հանրակրթական չափորոշիչ­նե­րը  արտահայտում են կառավարության ռազմավարական պատկերացումները, և որևէ բան իրենց չի շեղելու դրանցից», ապա հասարակության կողմից ներկայացված չափորոշիչների և կրթական ծրագրերի վճռական մերժման դեպքում, պետք է պատրաստ լինի լիարժեք քաղաքական պատասխանատվությունը ստանձնել և անձամբ հրաժարական ներկայացնել։

«Ազգային օրակարգ» կուսակցության «Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախմբի նախագահ Նունե Ամիրյան եւ նույն հանձնախմբի անդամ Անահիտ Հակոբջանյանի վերլուծությունը հանրակրթության ոլորտում վիճակի եւ զարգացումների վերաբերյալ: