Թուրքիայի խորհրդարանի խոսնակ․ «Հետաքրքիր է՝ ի՞նչ են փնտրում ֆրանսիացիները Արևելյան Միջերկրածովքում»

56

«Թուրքիայի դիրքորոշումը Արևելյան Միջերկրածովքի իրավիճակի առնչությամբ հիմնված է միջազգային իրավունքի վրա: Մենք հավատում ենք, որ ճիշտ ենք, և պատրաստ ենք տարաձայնությունների դիվանագիտական ​​կարգավորմանը», Իզմիրում լրագրողներին ասել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը, որի խոսքերը մեջբերում է «Անադոլու» գործակալությունը:

Խորհրդարանի խոսնակը հիշեցրել է, որ Բրյուսելում Թուրքիայի և Հունաստանի պատվիրակությունների հանդիպումը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 9-ին, սակայն Աթենքի խնդրանքով հետաձգվել է մինչև հինգշաբթի:

Նա շեշտել է, որ Արևմտյան Միջերկրածովքի պետություններն իրավունք չունեն փոխել ուժերի հարաբերակցությունը ծովի արևելյան մասում՝ ապակայունացնելով իրավիճակը տարածաշրջանում:

Շենթոփը մատնանշել է, որ առանձին երկրներ փորձում են Հունաստանն օգտագործել իրենց տարածաշրջանային խաղերում: «Սա առաջին հերթին Ֆրանսիայի մասին է: Հետաքրքիր է՝ ի՞նչ են փնտրում ֆրանսիացիները Արևելյան Միջերկրածովքում: Ակնհայտ է, որ քաղաքական գործիչները փորձում են հասարակության ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից ու սխալներից», բացատրել է խոսնակը: