Երբ է մահացել Տիգրան II Մեծը

167

Ռազմական պատմության մասնագետ Միհրան Հակոբյանը իր հերթական գրառմամբ անդրադարձել է պատմական հետաքրքիր մի տարևթվի պատմությանը։

Ավանդականորեն ընդունված է կարծել, որ Տիգրան II Մեծը մահացել է մ.թ.ա. 55 թվականին, ընդ որում, ուղղակի տվյալների բացակայության պայմաններում, այս մասին հետևությունն արվել է ԲԱՑԱՌԱՊԵՍ ՄԻԱՅՆ այն բանի ազդեցության ներքո, որ, համաձայն Ցիցերոնի ճառերից մեկի (Ցիցերոն «Ի պաշտպանություն Պուբլիոս Սեստիոսի»), մ.թ.ա. 56 թվականին Տիգրան II Մեծը դեռ կենդանի էր, իսկ մ.թ.ա. 54 թվականին էլ, երբ Հռոմեական հանրապետության եռապետ Մարկոս Կրասոսը ժամանեց Արևելք, նրա հետ բանակցություններ էր վարում արդեն Տիգրան II Մեծի որդի Արտավազդը:

Ահա ՀԵՆՑ ՍՐԱ ՀԻՄԱՆ ՎՐԱ էլ արվել է հետևություն, որ Տիգրան II Մեծը մահացած պետք է լիներ մ.թ.ա. 55 թվականին: Ողջ այս սխեման, սակայն, հիմք ունի, ըստ էության, միայն հունա-հռոմեական աղբյուրների ԱՆՈՐՈՇ ՏՎՅԱԼՆԵՐՆ և, ինչն է ցավալին, կրկին տուրք տալով չարաբաստիկ եվրոպակենտրոնությանը, վերջինս լիովին անտեսում է այն հաղորդումները, որոնք առկա են Մովսես Խորենացու մոտ:

Հայոց Պատմահայրը, սակայն, ուղղակիորեն հայտնում է, որ, Տիգրան II Մեծը կենդանի էր մ.թ.ա. դեռևս 40-ական թվականներին և մահացել է միայն դեպի Սամոսատ Մարկոս Անտոնիոս արշավանքից քիչ առաջ, այսինքն՝ մ.թ.ա. 38 թվականի ամռանը (Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 22):Արդեն մի քանի անգամ ասել եմ այն մասին, որ խիստ հավանական է համարել այն հանգամանքը, որ մ.թ.ա. 116 թվականի իրադարձությունների ժամանակ ապագա արքա Տիգրան II Մեծը դեռևս 6-7 տարեկան մի երեխա էր, ընդ որում արվեց պնդում, որ Հայոց այս գահակալը պետք է որ ծնված լինի մ.թ.ա. 123 թվականին:

Այս առումով նշենք, որ վերևում բերված այս սխեման հետաքրքիր կերպով իր հաստատումն է գտնում նաև Տիգրան II Մեծի մահվան թվականի հետ կապված, քանի որ, համաձայն Լուկիանոսի (Լուկիանոս «Երկարակյացների մասին», գլուխ 15), ԵՐԲ մեր այս մեծագույն արքան մահացավ, նա 85 տարեկան էր: Ինչպես արդեն ասվեց, դեպի Արշամաշատ Մարկոս Անտոնիոս արշավանքը թվագրվում է մ.թ.ա. 38 թվականի աշունով, իսկ դրան էլ նախորդել էր Հայոց ութսունհինգամյա արքայի մահը, այսինքն` ակնհայտ է, որ Տիգրան II Մեծը պետք է ծնված լիներ մ.թ.ա. 123 թվականին: Այսպիսով՝ կարելի է կատարել մի պնդում, որ Տիգրան II Մեծը ԾՆՎԵԼ Է մ.թ.ա. 123 թվականին, իսկ վախճանվել՝ մ.թ.ա. 38 թվականի ամռանը՝ 85 տարեկան հասակում, ընդ որում մ.թ.ա. 55 թ-ից հետո երկրի կառավարման գործում, որպես հորը գահակից, առաջնային դերերի վրա է եղել նրա որդի Արտավազդը, որը սկսել է ինքնուրույն իշխել մ.թ.ա. միայն 38 թ-ից՝ հոր մահից, հետո: