Գյումրու «Սեւ բերդ» ամրոցն ապօրինաբար օտարվել է ֆիզիկական անձի

109

ՔՈԳՎ կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կառավարության 1995 թվականի հունիսի 6-ի կարգադրությամբ՝ Գյումրու «Սեւ բերդ» ամրոցը հանձնվել է պաշտպանության նախարարության հաշվեկշիռ, որը «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի որոշումով ընդգրկվել է Շիրակի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, իսկ 2005 թվականի ապրիլին ՀՀ ԱԳԿՊ կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման կողմից տրված՝ սեփականության իրավունքի վկայականով հանձնվել է պաշտպանության նախարարությանը։

Այնուհետեւ, պաշտպանության եւ արդարադատության նախարարությունների բարձրաստիճան եւ այլ իրավասու պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ խախտելով «ՀՀ պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի «Բ» ենթակետի պահանջները, ապօրինի կազմակերպել են սեփականության իրավունքով ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող՝ հանրապետական նշանակության Գյումրու «Սեւ բերդ» ամրոց-հուշարձանը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը, որի շրջանակներում ձեւական հղում կատարելով տվյալ հուշարձանի օտարմանն առհասարակ չվերաբերող՝ պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնված հողամասերն օտարելու թույլտվության վերաբերյալ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի որոշմանը, պաշտպանության նախարարության լիազորված անձի եւ գնորդ հանդիսացած ֆիզիկական անձի միջեւ կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որն էլ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի պահանջների խախտմամբ 2005 թվականի մայիսի 11-ին վավերացվել է Կենտրոն նոտարական տարածքի նոտարի կողմից։

Այնուհետեւ, ԱԳԿՊ կոմիտեի տարածքային ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձինք, նույնպես անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները եւ խախտելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի պահանջները, 2005 թվականի մայիսի 19-ին «Սեւ բերդ» ամրոցը գրանցել են հիշյալ ֆիզիկական անձի անվամբ, ինչի հետեւանքով պետությանը՝ ի դեմս ՀՀ պաշտպանության նախարարության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Դեպքի առթիվ ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։