«Պատրաստվում եմ լիկվիդացնել խանութս. աշխատում ենք առանց եկամտի». Ակցիայի մասնակիցները շարժվեցին ՊԵԿ, ապա մաքսատուն

61

Ես պատրաստվում եմ լիկվիդացնել իմ խանութը, որովհետև մենք աշխատում ենք առանց եկամուտների, կարելի է ասել՝ մինուս եկամտով:  Այս մասին այսօր` սեպտեմբերի 9-ին, կառավարության շենքի դիմաց  ասաց մանրածախ առևտրով զբաղվող ակցիայի մասնակիցներից Լիլիա Մարդոյանը:

«Արդեն 10 տարի է, ինչ օրինական ճանապարհով ապրանք եմ բեերում, բոլոր իշխանությունների օրով աշխատել եմ, ամեն մեկն էլ ունեցել է  իր թերությունները, բայց այս կարգի անարխիա դեռ ոչ մի անգամ չի եղել»,-ասաց նա:

Նա նշեց, որ վարչապետ  Փաշինյանը խոստացել էր, որ հավաքական բեռների ներկրողները, փոքր և միջին ձեռնարկատերերը կունենան արտոնություն, որ կգ-ով կմաքսազերծեն և արժեքը կլինի 3 դոլարին համարժեք, բեռնափոխադրման արժեքը առանձին բեռնափոխադրող ընկերություններին կվճարեն. «Բարի, ամեն ինչ անում էինք, հիմա կանգնել ենք փաստի առաջ»:

 Ակցիայի մասնակիցը ասաց, որ իր մոտ փատացի 1 կգ-ի արժեքը կազմելու է 11 դոլար, այսինքն 3.5 անգամ թանկ`նայած ապրանքի տեսակից:

«Կառավարությունից պահանջում ենք վերանայել, գոնե ինչպես աշխատել ենք համավարակի  պայմաններում, գոնե մենք ունենանք այդ արտոնությունները, մինչև այս վիճակից դուրս գանք, տեսնենք՝ ինչ է  գալիս մեր գլխին: Ես պատրաստվում եմ լիկվիդացնել իմ խանութը, որովհետև մենք աշխատում ենք առանց եկամուտների, կարելի է ասել՝ մինուս եկամտով»,-ասաց  Լիլիա Մարդոյանը

Նրա խոսսքով`համավարակի ընթացքում նրանք կանգնած են  բացարձակ կործանման եզրին և   այժմ կառավարության շենքի դիմաց հավաքված բիզնեսի ոչ մի ներկայացուցիչ  չկա այստեղ, որ կործանման եզրին կանգնած չէ. «Աշխատելու ոչ մի տարբերակ չունենք»,- ասաց նա ու հավելեց.

«Ես մի կերպ եմ  պահպանում  իմ աշխատողների աշխատատեղերը, նրանց հետը երկար տարիներ եմ աշխատել,  չեմ ուզում թողնել գործազուրկ: Պատկերացրեք` ինձ նման յուրաքանչյուր ներկրող մինիմում 5-10 աշխատատեղ փակելու է, մեր առևտուրը 3 անգամ նվազել է, մեր ներկրումը նվազել է 10 անգամ, և դա մեր Հայաստանի Հանրապետությանը ոչ մի օգուտ չի բերելու,»,-ասաց նա:

Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին ՊԵԿ-ի դիմաց, որպեսզի նրանց խնդիրը այնտեղ ևս բարձրաձայնեն, որտեղ  ակցիայի մասնակիցներին ասացին, որ նրանք գնան  Արարատյան Մաքսատուն-Վարչություն, մաքսային պատասխանատուն քաղաքացիների հարցերին կպատասխանի: Սակայն քաղաքացիները դժգոհություն հայտնեցին Պետեկամուտների կոմիտեյի աշխատակցի տված պատասխանից`ասելով, որ այդ դեպքում ինչու է սա կոչվում ՊԵԿ, եթե այն իրավասու չէ քաղաքացիների իրենց կոմիտեյի պատասխանատվության տակ գտնվող հարցերին պատասխան տալ:

Ակցիայի մասնակիցները «Ամո´թ, ամոթ» կոչերով շարժվեցին Արարատյան Մաքսատուն-Վարչություն` ասելով, որ բոլոր հնարավոր և անհնարին տեղերը կգնան, մինչև նրանց խնդրին լուծում կտրվի:

Աղբյուր՝ News.am