Ավետիս Ահարոնյան «Հազրեն»

135

            Իր հուշերում պատմելով Սասունի հերոսամարտերի մասին` Անդրանիկ Օզանյանը չի մոռանում նաև հերոսուհի հայ կանանց. «Անոնք հաց, ուտելիք, ռազմամթերք շալակած, կռվի տեղը կտանեին և իրենց քաջալերական խոսքերով կը խրախուսեին կռվողները»:[1]  
            Անդրանիկը պատմում է Հազրե անունով մի կնոջ մասին, ով առաջադրանք է ստանում գյուղը թշնամուն չհանձնելու համար հրկիզել այն: Առաջադրանքը կատարում է, և  հայդուկները անցնում են նահանջի: Հանկարծ Հազրեն տեսնում է, որ գյուղի տներից մեկը կրակի տված չէ, և թշնամու գնդակների տակ` հրկիզում է այն, ապա միանում հայդուկներին:     
            Անդրանիկի այս պատմածի հիման վրա Ավետիս Ահարոնյանը գրում է իր «Հազրեն» պատմվածքը:[2]        
            Հազրեն «լեռների աղջիկն» էր,  կանացի ու գրավիչ չէր Հազրեն, ու «միայն զգեստն էր մատնում նրա սեռը»: Երեք անգամ այրիացել էր Հազրեն, բայց մնացել էր  անզավակ. «ժայռերի մեջ դուրս ցցված մենակ ու անպտուղ ծառն էր» նա:        
            Հազրեն մայր չդարձավ, անզավակ պառավեց, «բայց բոլոր մայրերից ավելի հռչակ ուներ ոչ միայն Գոմեր գյուղում, այլև ամբողջ Սասունում, որովհետև Սասունի ռազմիկ, ալեծուփ կյանքին միշտ մասնակցում էր տղամարդի պես… նա գիտեր, թե Սասունը միշտ պետք է կռվի, երբ թուրք և քյուրդ հրոսակները ոտք կոխեն նրա սահմանները…միշտ պետք է ետևից գյուղերը կրակի տալ, որ թշնամին ապաստան ու պաշար չգտնի»:   
            Եվ այս կինն էր, որ կռիվների ժամանակ կրակի էր տալիս Գոմեր գյուղը` սկսելով հենց իր խրճիթից:     
            Իսկ երբ գյուղի կանայք կատակելով հարցնում էին, թե երբ պիտի դարձյալ վառի Գոմերը, Հազրեն խրոխտ պատասխանում էր, թե «այ, է~ն սարերի ասլանը, երբ ցած գա և նշան անի, կվառեմ»: Իսկ Սասնո ասլանը Անդրանիկն էր, որ երկար տարիներ Սասնա ծռերի հետ հսկում էր Սասունը:     

Հեղինակի այլ հոդվածներ՝ «Կոմիտասը վարդ էր քաղում. նա սիրում էր թեյի հետ չորացած վարդի տերևներ խառնել մեկ-մեկ», Արշավիր Շիրակյան. «Կտակն էր նահատակներուն», Աշխատեցէք մա՛րդ ըլլալ. մարդը տիեզերքի բարձրագոյն արժեքն է։


            Երբ հերթական անգամ թուրքական բանակը, «ավերածն ու արյունը ոտներին կապած», մտնում է Սասուն, հասնում Գոմեր, գյուղը բարձրանում է մոտակա բարձունքը Անդրանիկի հայդուկների հետ, իսկ Հազրեն կրակի է տալիս գյուղը.«…մերթընդմերթ քամու ուժգին հոսանքը ցրում էր ծուխը, այն ժամանակ երևում էր գյուղում մի կանացի կերպարանք, սև ու կատաղի, ինչպես չար ոգի, որ բոցավառված մի լաթով վազում էր մի տնից մյուսը, մի փողոցից մյուսը, և ուր նա էր հայտնվում, հրդեհը նրա ետևից վազում էր ինչպես հրեղեն վիշապ:       
Զարհուրելի էր Հազրեն…»:         
            Պատմվածքը վերջանում է Հազրեի անձնազոհությամբ. Նա տեսնում է, որ կռվող տղաներից մեկի դիմաց քարերից պատրաստված պատնեշը շատ ցածր է, և հայ կնոջը, հայ մորը հատուկ անհանգստությամբ մի քար է գրկում, որ պատնեշի բարձրությունն ավելացնի. ««-Դոշըդ բաց է , դոշիդ մատաղ:                   
Ու նա մի ահագին քար գրկեց ու տնքալով տարավ տեղավորելու կռվողներից մեկի առաջը, ուր պատը ցածր էր: Կռացավ, բայց հանկարծ քարացած թողեց, ետ-ետ գնաց, ընկավ թիկունքին իր երկար հասակով, փեռքերը տարածեց ու մնաց անշարժ…Նա, որի կուծքն էր ուզում պատսպարել Հազրեն, կռացավ, քնքշությամբ բռնեց պառավի գլուխը և իր ծնկանը դրեց»:     
«Նա չէր իմանում, թե իր գլուխը գրկողը հենց սարերի ասլանն էր…Անդրանիկը»:      
«Հազրեն մեռավ, գյուղը դեռ վառվում էր»:


[1] «Հայրենիք», 1936,  համար 2, էջ` 102:

[2] Ավ. Ահարոնյան, Ազատության ճանապարհին, Կ. Պոլիս, 1908, էջ`39: