Պետբյուջեյի հարկային եկամուտները նվազել են 42.2 մլրդ դրամով

97

Քաղաքագետ Արմեն Մինասյանը գրում է, – “ՀՀ ԱՎԾ-ն մեզ և ձեզ երեկ տեղեկացրել է, որ կորոնավիրուսային տարում (հասկանալի պատճառներով) պետբյուջեյի հարկային եկամուտները նվազել են 42.2 մլրդ դրամով։

Մասնավորապես, զեկույցի համաձայն՝ նախորդ տարվա 7 ամիսներին հավաքվել է 832 մլրդ դրամ, այս տարի՝ 790 մլրդ դրամ։ Այսինքն՝ հարկերի և տուրքերի ընդհանուր ծավալն, ըստ ԱՎԾ-ի, նվազել է ընդամենը 5 տոկոսով։ Սա արտաքուստ։

Իսկ իրականում, որքան հասկանում եմ ԱՎԾ-ն թեթև աճպարարության է դիմել. ֆունդամենտալ գործոնը «հարկերի անցումային գերավճար» ցուցանիշն է։ Եթե այս կախարդական բառերի դիմաց գրված ցուցանիշը հանում ենք ընթացիկ տարվա հարկերի ծավալից (մասնավորապես, որքան հասկանում եմ՝ 2019-ին տնտեսվարողներին վերադարձվել է 136.6 մլրդ դրամ, իսկ 2020-ին՝ ընդամեը 0.2 մլրդ), ստացվում է, որ 2019-ի առաջին յոթ ամիսների ընթացքում հավաքվել է 968.5 մլրդ դրամի հարկ ու տուրք, իսկ ահա 2020-ին՝ 790.0 մլրդ դրամ։

Այսինքն՝ իրական անկումը նախորդ տարվա համեմատ կազմել է 178.5 մլրդ դրամ։ Կամ որ նույնն է՝ 18 տոկոս։ Ապրիլի 23-ին Ատոմ Ջանջուղազյանը կառավարության նիստում ասել էր, որ տարին լավը չի, իրենք նախատեսում են, որ բյուջեի եկամուտները տարվա կտրվածքով ծրագրվածից 170 մլրդ. դրամով քիչ են լինելու։ Այս կանխատեսումն էլ հետևանք էր մեկ այլ կանխատեսման, որ երկրի տնտեսությունը 2 տոկոսով անկում է ունենալու։

Եթե էս բոլոր թվերը մտապահել եք, ամենակարևոր դիտարկումն անեմ. փաստացի բյուջեյի եկամուտների 170 մլրդ թերակատարման տարեկան ծրագրային պլանը Հայաստանն իրականացրել է արդեն հուլիս ամսին, ու ակնկալվում է, որ թե տնտեսական անկումը, թե բյուջեյի եկամուտների թերակատարումը շատ ավելի տխուր են լինելու։Եվ չենք մոռանում, որ էս համատարած տխուր ֆոնին բյուջեի ծախսային բաժնում աշխատավարձերի հոդվածն աճել է։ Պետական ապարատի օպտիմալացման մասին աղմուկը հաշվի առնելով՝ պետք է ենթադրել, որ աճը պայմանավորված է պարգևավճարներով։ Կամ էլ՝ ով ասա՞ց որ ապարատ է կրճատվել։