Աշխատեցէք մա՛րդ ըլլալ. մարդը տիեզերքի բարձրագոյն արժեքն է

282

            «Իմ ուսուցիչներս». այս վերնագիրն է կրում Մուշեղ Իշխանի հուշագրությունը՝ նվիրված ժամանակի մտածողներ Լևոն Շանթին, Նիկոլ Աղբալյանին, Կոստան Զարյանին, Նիկողայոս  Ադոնցին, Սիմոն Վրացյանին, Վահան Թեքեյանին:
             Մուշեղ Իշխանը կերտել և սերունդներին ի պահ է տվել  իր ուսուցիչների դիմանկարները, մարդկանց, որ իրենց սեփական կյանքով և օրինակով սերունդ են կրթել. «Յիշեալ եօթը անձերն ալ ընդմիշտ մեկնած են այս աշխարհէն, իրենց ետին թողելով ստեղծագործական հարուստ վաստակ: Այդ վաստակը-վէպ եւ թատերախաղ, բանաստեղծութիւն կամ քննադատութիւն, յուշ եւ պատմագրութիւն- մատչելի է բոլորին եւ մնայուն արժէք: Սակայն անոնց հեղինակները, իրենց մարդկային դիմագիծով, նկարագրային յատկանիշներով անծանօթ կը մնան նոր սերունդներուն:      
            Այս գիրքի էջերուն մէջ ես աշխատած եմ քանի մը հիմնական գիծերով վերստեղծել տաղանդավոր այդ անձերուն կենդանագիրը այնպէս ինչպէս որ ճանչցած եմ  զիրենք:               
            Անոնցմէ հինգը- Յ. Օշական, Լ. Շանթ, Ն. Աղբալեան, Ն. Ադոնց եւ մասամբ նաեւ Կ. Զարեան- եղած են ուսուցիչներս: Ուղղակի իրենց կը պարտիմ մտաւոր ու հոգեկան  դաստիրակութիւնս»[1]-գրում է Մուշեղ Իշխանը:  
            Լևոն Շանթի մասին իր հուշագրությունը Մուշեղ Իշխանը բացում է «Մարդը» գլխով. «Հայ Ճեմարանի ամավերջի մէկ հանդէսին, շրջանաւարտներուն վկայականները բաշխելէ  առաջ, կը յայտարարէր.          
            –Ամենանշանաւոր մարդէն իսկ մահը անուն մը կը ձգէ միայն, երկու խեղճ բառերու մէջ ամփոփուած անուն մը: Ինչ որ կը մնայ անմահ եւ կը դիմանայ դարերու աւերին՝ ատիկա մարդուս գործն է:         
            Մարդեր կան սակայն, որոնց գործը կարելի չէ բաժանել իրենց անձէն: Լ. Շանթն այս խումբին կը պատկանի: Իր գլուխ գործոցը ոչ «Հին Աստուածներն » է, ոչ ալ «Կայսրը», այլ իր իսկ անձնաւորութիւնը, որ քար առ քար բարձրացած, ամբողջացած եւ գեղեցկացած ստեղծում մը կը ներկայացնէր»:  
            Ահա, հենց իր իսկ խոսքով մեր առջև  կենդանանում է  Շանթը՝ իբրև մարդ, իբրև մարդկային ներդաշնակ նկարագիր.«Աշխատեցէք մա՛րդ ըլլալ. մարդը տիեզերքի բարձրագոյն արժեքն է»:[2]          
            «Լ. Շանթ Պէյրութ ապրեցաւ աւելի քան քսան տարի, 1930էն մինչեւ 1951, այսինքն ՝ մինչեւ իր մահը…ես եղայ անոնցմէ մէկը, որոնք ամբողջ քսան տարի ապրեցան իր ներկայութեան, նախ՝ իբրեւ աշակերտ, ապա ՝ իբրեւ ուսուցիչ, Պէյրութի Հայ Ճեմարանի մէջ: Ճիշտ այս պատճառով ալ խղճի պարտք կը զգամ քանի մը յաւելեալ դրուագներով կենդանացնել Լ. Շանթի պատկերը ապագա սերունդներուն համար…»[3]
            Մ. Իշխանի  աշխարընկալման վրա նկատելի ազդեցություն է թողել  Լևոն             Շանթը: Գրողը մեծ հիացմունքով ու շնորհակալությամբ է խոսում իր ուսուցչի մասին, պատմում նրա կյանքից մանրամասներ, խոսում Շանթի բնավորության գծերի, այն հաստատակամության և սկզբունքների, դավանած արժեքների մասին, որ մարդուն պահում են մարդ, և որոնք էլ Շանթին առանձնացնում էին իր շրջապատից:
             «Անոր սրբավայրը աշխատասենեակն էր, ուր կը սիրէր փակուած մնալ ժամեր շարունակ, կրուած աշխարհէն ու մարդոցմէ…Ամէն արդյունաւոր աշխատանք իրեն համար կը կատարուէր սեղանին առջեւ, հագուած, կոկիկ վիճակի մէջ, նոյնիսկ կօշիկները ոտքին. 
            –Երբ մէկը կը հանուի, գիշերազգեստով կերկարի անկողինին վրայ եւ գիրք մը կառնէ ձեռքը, ատիկա արդեն աշխատիլ չէ, այլ՝ ժամանակ անցնել, հանգչիլ, հաճոյանալ: Անկողինը քնանալու  համար է, իսկ գրասեղանը՝ աշխատելու: Երբ մէկը կօշիկները հանեց եւ երկարեցաւ մահճակալին վրայ, կը նշանակէ դադրեցաւ աշխատալէ:       Ահա՛ «աշխատանքի հերոսը» ու իր տեսակէտը, որուն հավատարիմ սպասարկուն մնաց մինչեւ մահ»:[4]                      
            Շանթը վեհանձն էր, ուղղամիտ, սկզբունքային, «չէր հետաքրքուեր բնաւ ըսի-ըսաներով, մինչեւ իսկ եթե անոնք վերաբերէին իր անձին եւ հասնէին ականջին»:            
            Նա մեծամիտ և ինքնահավան չէր, պարզապես միշտ «կը մնար իր մենաւոր բարձունքին՝ անտարբեր թե գնահատանքին եւ թե պարսաւին հանդէպ»:  
            Կյանքի վերջին տարիներին առաջարկեցին  նշել նրա հոբելյանը, բայց կտրականապես մերժեց. «–Յոբելեա՞ն, ի՞նչ ընելու համար, հանդէս ու ճառ, յաւուր պատշաճի գովք ու ծափ…Օ՜,ո՛չ, ինծի համար չեն այդ բոլորը, զուր ժամավաճառութիւն:  Ա՜յ, եթե կուզէք իսկապէս գրչի մարդը պատուել եւ օգտակար գործ մը կատարած ըլլալ, որոշ գումար մը գոյացուցէք՝ ամբողջական երկերս տպագրելու համար. լավագոյն յոբելեանը ատիկա կըլլա»:  
            Գրողի նվերը եղավ նրա 8-9 հատորների լույս ընծայումը:       
            «Իսկ համեստ մարդիկը անոնք են,-ըսաւ մեր ուսուցիչը–,որոնք հոգեկան կարիքը չեն զգար արտաքին յենարաններու, որովհետեւ ներքնապէս գոհացած  են: Եթե կուզէք՝ բուն հպարտները իրենց արժէքին գիտակից եւ այդ արժէքով գոհացած համեստներն են: Ինչո՞ւ հպարտութիւն պիտի ծախէ մէկը, որ ներքին աշխարհ մը ունի, ներքին հարստութիւն մը: Հոգեպէս աղքատներն են, որ հպարտանքի ցուցադրական արտայայտութիւններուն մէջ կորոնեն իրենց չունեցածը, իրենց ինքնամխիթարութիւնը»:   
            «Ամէնէն համեստ մարդիկը ամէնէն հպարտներն են»:


[1] Մուշեղ  Իշխան, Իմ Ուսուցիչներս, Պեյրութ, 1984, էջ` 6:

[2] Նույն տեղում, էջ`106:

[3] Նույն տեղում, էջ`133:

[4] Նույն տեղում, էջ`141: