Բացօթյա դասական համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում

77

Հայաստանյան երկու կամերային երաժշտախմբերի բացօթյա կատարումներով տրվել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի 2020-2021 թթ․ համերգաշրջանի մեկնարկը: Բոլորովին նոր հարթակում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում, համերգով հանդես են եկել Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան) և Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան)՝ տոն պարգևելով դասական երաժշտության սիրահարներին:

Համերգի ծրագրում երկու երաժշտախմբերի կատարմամբ հնչել են հայկական ավանդական երաժշտություն, Կոմիտաս, Էդգար Հովհաննիսյան։ Համերգին ներկա է գտնվել սահմանափակ թվով հանդիսատես՝ պարետատան սահմանած կանոններին համապատասխան։

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանի խոսքով՝ առաջիկայում կենտրոնը միայն բացօթյա համերգներով է ներկայանալու: ԿԵԱԿ տնօրենը գոհ է առաջին համերգից:

«Այս ամիս պարբերաբար կունենանք բացօթյա համերգներ, որոնց ընթացքում ելույթ կունենան ԿԵԱԿ բոլոր հինգ երաժշտախմբերը: Չնայած կորոնավիրուսային վարակին՝ երաժշտախմբերը քրտնաջան աշխատել են, նոր ծրագրեր պատրաստել՝ ընդլայնելով իրենց երկացանկերը»,-նշել  է Նորայր Նազարյանը: Հաջորդ բացօթյա համերգը նախատեսվում է սեպտեմբերի 12-ին: Երեկոյի ընթացքում հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը: