Կոլոնիայի ճակատամարտը(Փոքր Հայք)

85

Ռազմական պատմության մասնագետ Մհեր Հակոբյանը իր ՖԲ էջում անդրադարձել է մ․թ․ա 3 դարում Հայաստանի շուրջ ծավալվող ռազմաքաղաքական իրավիճակին։

Մովսես Խորենացին ՀԱՅՏՆՈՒՄ Է. «/4/ Վաղարշակը մեծ զորք գումարեց Ատրպատականից և Հայաստանի միջնաշխարհից` անվանի ու քաջ մարդիկ՝ վերը հիշված Բագարատին և նրա ձեռքի տակ եղած քաջերին, ծովեզերքի երիտասարդներին, որ սերված էին Գեղամից ու քանանցիներից, Շարայի և Գուշարի սերունդներից, ինչպես նաև, իրենց մերձավորների հետ միասին, նա հավաքեց նրանց մերձակա Սիսակյաններին ու Կադմյաններին՝ գրավելով մեր երկրի գրեթե կես մասը: Նա հասավ մեր երկրի կենտրոնը՝ Մեծամորի ակունքից վեր, Երասխի ափը, Արմավիրի մոտ, որ Բլուր է կոչվում, և բավական շատ օրեր մնաց այնտեղ, որովհետև, ինչպես հարկ է ասել, զինվորական կարգ ու կանոն չգիտեին:

Այստեղից, մեր երկրի բոլոր կողմերից զորքերն իրար միացնելով, նա հասնում է Խաղտիքի սահմանները, որովհետև Լազիկան, Պոնտոսը, Փռյուգիան, Մաժաքը և ուրիշները, Արշակի (Պարթևական թագավորության հիմնադիր արքա Արշակ I Քաջի – Մ.Հ.) պատերազմների լուրն առած չլինելով, հաստատ էին պահում բարեկամական դաշինքը մակեդոնացիների պետության հետ: Եվ ահա մի ոմն Մորփյուղիկես, վերոհիշյալ կողմերը միաբանելով, պատերազմի է պատրաստվում Վաղարշակի դեմ:

Նրանք իրար են պատահում մի բարձրավանդակ և քարագագաթ բլուրի մոտ, որ այժմ կոչվում է Կոլոնիա, ու, միմյանց մոտ գալով և մեջտեղն երկար ասպարեզներ թողած, երկու կողմերն էլ ամբողջական օրեր ամրանում են…:

/5/ Երկու կողմերի ամրանալուց շատ օրեր հետո պատերազմը սկսվում է մեր կողմից, ուստի և Մորփյուղիկեսը, կամա թե ակամա, կազմակերպում է իր զորքի ճակատն ու հանդուգն հարձակումով վրա է վազում, որովհետև նա սրտոտ մարդ էր՝ միմյանց պատշաճ երկար անդամներով, մարմնին համապատասխան էլ նա սաստիկ ուժեղ էր, ամրացած էր պղնձով և երկաթով ու շրջապատված էր ուրիշ ընտիր սպառազեններով: Արդյունքում Վաղարշակի երիտասարդներից ոչ սակավ ընտիր և քաջ մարդկանց գետին են գլորում, իսկ Մորփյուղիկեսն էլ ջանք էր անում անցնել ու հասնել Հայոց թագավորի մոտ, որ ամրացած էր զինված մեծ խմբի մեջ: Եվ ահա մոտ հասնելով` նրան հաջողվեց սվինը գցել, որովհետև կորովի և երկայնաձիգ էր, ու աշտեն նա հեռու արձակեց՝ կարծես սրաթև թռչունի թռիչքով:

Չհապաղեցին, սակայն, մեջ ընկնել Հայկի և Ասորեստանի Սենեքերիմի (Ասորեստանի թագավորության արքա Սինաքերիբի – Մ.Հ.) սերունդներից քաջ ու անվանի մարդիկ, որոնք աշտեի հարվածով քաջին սպանեցին, իսկ նրա զորքերն էլ, առաջները գցելով, փախցրին: Արյան բազմաթիվ վտակներ թափելով` նրանք գետինը ոռոգեցին՝ ինչպես անձրևի հեղեղներով: Այնուհետև, այդ երկիրը Վաղարշակի ձեռքի տակ նվաճվելով, խաղաղվում է և մակեդոնական սպառնալիքը դադարում է»:

Այսպիսով` Պատմահայրը տեղեկացնում է, որ, կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Մեծ Հայքի թագավորության գահին բազմում է Վաղարշակ I-ը, Հայոց թագավորության վրա ձեռնարկվում է հելլենիստական ԴԱՇՆԱԿԻՑ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՄԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ: Հարձակվողների շարքում, Սելևկյանների թագավորությունից բացի, Պատմահայրը հիշատակում է նաև «Լազիկային», «Մաժաքին» և «Փռյուգիային»: Այս առումով ավելորդ չէ անել մի քանի պարզաբանումներ, որոնք կօգնեն մեզ նաև ավելի լավ պատկերացնել հետագա ասելիքը:

Կարելի է ենթադրել, որ «Լազիկա» տեղանունն այստեղ օգտագործվել է՝ ամենից առաջ տուրք տալով ավելի ուշ ժամանակաշրջանի պատմական ավանդությանը, քանի որ մեր կողմից քննարկվող ժամանակաշրջանում ավելի ուշ գոյություն ունեցած Լազիկայի թագավորության տարածքում գոյություն ուներ Կոլխիդայի թագավորությունը: Իր հերթին «Մաժաքը», այսինքն՝ Կեսարիան, Կապադովկիայի թագավորության մայրաքաղաքն էր և փաստորեն այստեղ բառն ունի այն իմաստը, ինչ ներկայումս օգտագործվող օրինակ «պաշտոնական Երևան» արտահայտությունը, որը գործնականում ունի «Հայաստանի Հանրապետություն» նշանակությունը: Եվ վերջապես կարելի է ենթադրել, որ «Փռյուգիա» անվանումը տրվել է ըստ իներցիայի, քանի որ նախկին Փռյուգիական թագավորության տարածքում այդ անունով պետություն այլևս չկար:

Դրա փոխարեն նրա տարածքում այս ժամանակաշրջանում գոյություն ուներ Գալաթական տետրարխությունը, որը հարևան հելլենիստական պետությունների համար հանդիսանում էր վարձկանների մի հսկայական շուկա, քանզի խիստ մարտունակ գալլերը, որ այժմ կոչվում էին գալլեր, չուզենալով կամ չկարողանալով իրականացնել այլ գործունեություն, մեծ սիրով էին դառնում վարձկան ռազմիկներ: Այս ամենն անուղղակի կերպով հաստատում է նաև այն, որ մ.թ.ա. III դարի երկրորդ քառորդում Փոքր Ասիա ներխուժած գալլերը մինչ այդ բնակվում էին Բալկանյան թերակղզում, մի տարածքում, որտեղ, մինչև Ծովի ժողովուրդների կազմում մ.թ.ա. 1190 թվականին Փոքր Ասիա ներխուժելը, բնակվել էին փռյուգիացիները, այսինքն` աղբյուրները կարող էին հեշտորեն նույնացնել «Փռյուգիա» և «Գալաթիա» անվանումները:

Եվ վերջապես, ինչպես ասվեց, նույն այդ տարածքներում իր ժամանակին գոյություն էր ունեցել Անտիգոնոսի հիմնադրած Մեծ Փռյուգիայի թագավորությունը: Այսպիսով՝ կարելի է գալ հիմնավորված հետևության, որ Վաղարշակ I-ի գլխավորած Մեծ Հայքի թագավորության դեմ հարձակման են անցել Սելևկյանների, Կապադովկիայի և Կոլխիդայի թագավորությունների, ինչպես նաև Գալաթական տետրարխության միացյալ ուժերը, ընդ որում հատկանշական է, որ հարվածը հասցվեց արևմտյան կողմից՝ հեռու Ատրպատականի ու Պարթևական թագավորություններից, որոնք կարող էին խանգարել այս ձեռնարկին և օգնության ձեռք մեկնել Մեծ Հայքի թագավորությանը:

Ասվածն ամբողջական դարձնելու նպատակով՝ ողջ վերոգրյալի կապակցությամբ կարծում եմ, որ առանձին քննարկման է արժանի նաև այս հարձակման տարին, ընդ որում միանգամից նշեմ, որ իմ կողմից առաջարկվում է մ.թ.ա. 243 թվականը, ինչն արվում է հետևյալ հիմնավորմամբ:Մ.թ.ա. 246 թվականին Փոքր Ասիայի քաղաքներն ու իշխանություններն ապստամբեցին Սելևկյանների թագավորության նոր արքա, Անտիոքոս II Թեոսի մահից հետո վերջինիս հաջորդած նրա որդի Սելևկոս II Կալինիկոսի (մ.թ.ա. 246-225) դեմ, որից հետո անցան հենց այդ ժամանակ էլ սկիզբ առած Ասորիքյան III պատերազմում (մ.թ.ա. 246-241) հսկայական հաջողությունների հասած, ողջ Ասորիքը գրաված և նույնիսկ Միջագետք մտած Պտղոմյանների թագավորության կողմը, որն, ի դեպ ասած, հենց այս ժամանակ էլ ասպատակեց նաև Դաշտային Կիլիկիան:

Այն բանից հետո, սակայն, երբ մ.թ.ա. 245 թվականի հունվարի 27-ին իր հերթին արդեն Պտղոմեոս II-ը կնքեց սեփական մահկանացուն և գահին վերջինիս հաջորդեց արդեն նրա որդի Պտղոմեոս III-ը (մ.թ.ա. 245-222), մ.թ.ա. 245 թվականի գարնանը Եգիպտոսում սկսված ապստամբության պատճառով Պտղոմյանների թագավորության բանակը հետ քաշվեց, իսկ մ.թ.ա. արդեն 244 թվականին էլ Փոքր Ասիայի քաղաքներն ու իշխանությունները կրկին ընդունեցին Սելևկյանների թագավորության գերիշխանությունն և հնազանդվեցին Սելևկոս II Կալինիկոսին: Այս տարածքներում իր իշխանությունն ամրապնդելու և հակահայկական համադաշնություն ստեղծելու համար Սելևկյանների գահակալին պետք էր ամենամոտավոր հաշվարկներով մ.թ.ա. ողջ 244 թվականը։

Այս առումով կարծում եմ, որ միայն դրանից հետո, կենտրոնացնելով բոլոր ուժերը, ինչպես նաև ամրապնդվելով Փոքր Ասիայում և Սև Ծովի արևելյան ափերին, Սելևկյանների թագավորությունը պատրաստ կլիներ Մեծ Հայքի թագավորության դեմ կազմակերպել ու կյանքի կոչել Մարփյուղակեսի գլխավորած այն մեծ հարձակումը, որի մասին մանրամասն տեղեկացնում է Պատմահայրը: Այսպիսով` հավանական է առաջարկել ժամանակագրական այն սխեման, որ Արտավազդ I-ը (մ.թ.ա. 305-247) մահացել է և Վաղարշակ I-ը (մ.թ.ա. 247-225) բազմել է Մեծ Հայքի թագավորության գահին մ.թ.ա. 247 թվականին, Մարփյուղակեսի գլխավորած դաշնակից ուժերի հարձակումը տեղի է ունեցել մ.թ.ա. 243 թվականին, իսկ Վաղարշակ I-ն էլ, իշխելով 22 տարի, մահացել է մ.թ.ա. 225 թվականին:

Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.243 – Կոլոնիայի ճ-մ (Փոքր Հայք, Կոլոնիա գավառ) Չցանկանալով թույլ տալ Մեծ Հայքի թագավորության հզորանալը, սակայն Պտղոմյանների թագավորության հետ դեռևս շարունակվող Ասորիքյան III պատերազմի պայմաններում ի վիճակի չլինելով իրականացնել ռազմական անմիջական լայնամասշտաբ գործողություններ` Սելևկոս II Կալինիկոսը Կոլխիդայի, Պոնտոսի ու Կապադովկիայի թագավորություններից, փոքրասիական հելլենական այլ ուժերից, ինչպես նաև Գալաթական տետրարխությունից ստեղծեց դաշինք և, ռազմական օժանդակություն ցույց տալով վերջինիս, դրդեց մարտական գործողություններ սկսել Փոքր Հայքի, իսկ դրանից հետո նաև, Մեծ Հայքի թագավորությունների դեմ:

Արդյունքում Մարփյուղակեսի գլխավորած թշնամու բանակը (մոտ 70.000) ներխուժեց Փոքր Հայքի թագավորության տարածք, որի բանակը նահանջեց դեպի Ծոփքի թագավորության տարածք: Դրանից հետո առաջխաղացումը շարունակած թշնամու բանակը մտավ Փոքր Հայքի թագավորության տարածք, հասավ Կոլոնիա գավառ և ճամբարեց համանուն բերդի մոտ` դաշտային ամրություններով պաշտպանված ճամբարում: Տեղեկանալով այս ամենի մասին` Վաղարշակ I-ի , սպարապետ, թագադիր ասպետ Բագրատ Բագրատունու, արքայական դրոշակակիր Կյուրոս Քաջանուն Արծրունու, մաղխազ Մաղխազ Խորխոռունու, մարդպետ Հայր Մարդպետունու և սենեկապետ Ձեռես Գնթունու գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 70.000), իր կազմում ունենալով Ոստանիկ, ինչպես նաև Առան Սյունու գլխավորած Արևելյան, Գուգարքցիների գլխավորած Հյուսիս-արևելյան, Բագրատունիների գլխավորած Հյուսիս-արևմտյան, Կադմեացիների գլխավորած Հարավ-արևելյան ու Շարաշան Սասունցու գլխավորած Հարավ-արևմտյան կուսակալությունների բանակները, շարժվեց թշնամուն ընդառաջ և, մոտենալով վերջինիս, ճամբարեց դաշտային ամրություններով պաշտպանված բանակատեղիում` սպասելով Արման արքայի գլխավորած Փոքր Հայքի (մոտ 10.000) ու Սամվել արքայի գլխավորած Ծոփքի (մոտ 10.000) թագավորությունների, ինչպես նաև Տորք Անգեղացու գլխավորած Մեծ Հայքի Արևմտյան կուսակալության միացյալ բանակին, որը տեղ հասավ մի քանի օրից:

Դրանից հետո Հայկական բանակը առավոտյան դուրս եկավ բանակատեղիից, մոտեցավ թշնամու բանակին և մարտակարգ ընդունեց: Հայկական բանակի առաջին շարքում տեղավորվեց թեթև հեծելազորը, իսկ երկրորդում` հետևակը, ընդ որում երկրորդ շարքի առաջին գիծը զբաղեցրեց ծանր հետևակը, իսկ երկրորդում տեղավորվեցին նետաձիգները: Շարաշան Սասունցու, Կյուրոս Քաջանուն Արծրունու և Գին Գնունու գլխավորած ծանր հեծելազորը, ինչպես նաև Մաղխազ Խորխոռունու գլխավորած Մաղխազական ու Հայր Մարդպետունու գլխավորած Մարդպետական գնդերը թողնվեցին պահեստազորում: Թշնամու բանակի կենտրոնում տեղավորվեց հոպլիտների ֆալանգը, վերջինիս թևերում` հեծելազորը, իսկ առջևում տեղաբաշխվեց մնացած հետևակը:

I փուլ – Զգալով, որ մարտակարգ ընդունած Հայկական բանակը մտադիր չէ սկսել մարտը, Մորփյուղակեսն առաջինն իր ողջ ուժերով անցավ հարձակման և հարվածեց Հայկական բանակի առաջին շարքին, որը որոշակի դիմադրությունից հետո սկսեց նախապես ծրագրված կեղծ նահանջ իրականացնել դեպի երկրորդ շարք: Թշնամու բանակը սկսեց հետապնդել նահանջողներին, որի արդյունքում Հայկական թեթև հեծելազորը պոկվեց վերջինիցս և արագորեն հեռացավ մարտադաշտից, իսկ թշնամու հիմնական ուժերն էլ, մխրճվելով Հայկական բանակի կենտրոնի երկրորդ շարքի դասավորության մեջ, խառնեցին ֆալանգի կուռ դասավորությունն ու կորցրեցին մարտակարգը:

II փուլ – Մարփյուղակեսը, անձամբ գլխավորելով հոպլիտներին և փորձելով հզոր հարվածով վերջնականապես ճեղքել Հայկական բանակի դասավորությունը ու պարտության մատնել վերջինիս, նրանց վճռական հարձակման տարավ: Արդյունքում, համառ մարտ մղելով Հայկական բանակի երկրորդ շարքի հետևակի հետ, Մարփյուղակեսին, թեև ծանր կորուստներով, այնուհանդերձ հաջողվեց ճեղքել վերջինիս դասավորությունը և հասնել Հայկական բանակի պահեստազորին: Այս ընթացքում, ընդհուպ մոտենալով Վաղարշակ I-ին, Մարփյուղակես նետեց տեգը, սակայն Մեծ Հայքի թագավորության արքան հաջողությամբ խուսափեց դրանից:

III փուլ – Մարտի մեջ մտան պահեստազորում գտնվող Հայկական ծանր հեծելազորը, Մաղխազական և Մարդպետական գնդերը, ինչպես նաև մարտադաշտ վերադարձած թեթև հեծելազորը, որոնք, ջախջախիչ հարված հասցնելով թշնամու բանակին, ծանր կորուստներ պատճառեցին վերջինիս ու մատնեցին փախուստի: Այս ժամանակ էլ հենց, խոցվելով հայկական նիզակներից, ընկավ քաջաբար մարտնչող Մարփյուղակեսը:

IV փուլ – Հայկական բանակը հետապնդեց թշնամու բանակին, ծանր կորուստներ պատճառեց և դուրս շպրտեց Փոքր Հայքի թագավորության տարածքից: Հայերը կորցրին մոտ 10.000, թշնամին` մոտ 50.000 զինվոր: Հենց նոր ավարտված ճակատամարտը մեծ դեր ունեցավ Հայոց պետական միավորների ռազմաքաղաքական անվտանգության ամրապնդման գործում։ Իրոք, արդյունքում Ծոփքի և Փոքր Հայքի թագավորությունների ինքնիշխանությունը լիովին վերականգնվեց, Կուտիորան, Կեռասունտը, Տրապիզոնը և Խաղկտիքը միավորվեցին Փոքր Հայքի, Հայոց Միջագետքը` Մեծ Հայքի թագավորությանը, իսկ Սելևկյանների թագավորությունն էլ բավականին երկար ժամանակով հրաժարվեց Հայոց թագավորությունների նկատմամբ ոտնձգություններից: