Արտասովոր ուսումնական տարվա սովորական խնդիրները

121

Այս տարի նոր ուսումնական տարին սեպտեմբերի 1-ին սկսվեց միայն առաջին կուրսեցիների համար: Մյուս կուրսերի ուսանողների, նաեւ աշակերտների համար տարին սկսվելու է սեպտեմբերի 15-ից: Կորոնավիրուսի բարձր ցուցանիշ ունեցող Ռուսաստանը ուսումնական տարվա մեկնարկը չհետաձգեց, իսկ մենք հետաձգեցինք ու պարտադրելու ենք, որ բոլորը դասի նստեն դիմակներով: Եթե որեւէ մեկը կրթության ոլորտի փորձագետներին հարցներ, ապա նրանք կասեին, որ ուսումնական տարին ուշ սկսելուն դեմ են: Առանց այն էլ առաջին երկու շաբաթներն ադապտացիոն շրջան են լինելու, այսինքնՙ սեպտեմբերն ամբողջովին ենք կորցնելու, ինչն, անշուշտ, ազդելու է կրթության որակի վրա:

Փորձագետ Սերոբ Խաչատրյանն այլ տարբերակ էր առաջարկումՙ ուսումնական տարին սկսել օգոստոսի վերջին շաբաթներից, օրինակՙ Շիրակում ու Գեղարքունիքում վաղուց արդեն շոգ չէ, կարելի էր դաս անել, միջին դասարանցիներին դպրոց ուղարկել սեպտեմբերի սկզբին. փուլային տարբերակով շատ ավելի հեշտ կլիներ հասկանալՙ որտեղ են թերացումները, ինչ շտկումների կարիք կա: Միանգամից 380 000 հոգու սեպտեմբերի 15-ին ուղարկել ուսումնական հաստատություններ համավարակի պայմաններում, երբ փորձ չունենք. մեկ օրում կուտակել ամեն ինչ ու փորձել դրա տակից դուրս գալ … դժվար է լինելու:

Հանրապետությունում միայն 950 դպրոց կա, որ մինչեւ 300 աշակերտ ունի, այսինքնՙ դասարանները կիսելու կարիք չի լինի, եւ միգուցե աշակերտների ջերմաչափումը, ձեռքերի ախտահանումը մի քիչ արագ ստացվի: Բայց ի՞նչ է սպասվում 300-ից ավելի աշակերտ ունեցող մեծ դպրոցներին: Ինչպե՞ս է իրականացվելու ջերմաչափումը, մատյաններում գրանցումները, ավելացրածՙ դիմակներով դաս անելն ու դասամիջոցին դասարանից դուրս չգալու արգելքը:

Շատ ծնողներ արդեն իսկ հրաժարվում են երեխաներին դպրոց ուղարկել, թեեւ հեռավար ուսուցումն ավելի գերադասելի չեն համարում: Մի խոսքով, 2020-ի ուսումնական սկիզբը անկանխատեսելի է, շարունակությունն էլ չգիտենքՙ ինչպիսին կլինի: Դպրոցներում այս օրերին արդեն պատրաստվում են դիմավորել աշակերտներին: Ուսուցչանոցները մեղվի փեթակ են հիշեցնում: Ի վերջո, բոլորի համար է աննախադեպ ուսումնական տարի, այդ թվումՙ ուսուցիչների: Դասացուցակն ամեն անգամվա նման չէ, դասապրոցեսըՙ նույնպես: Հայտնի չէՙ առկա ուսուցումն ինչքան կտեւի:

Նույն իրավիճակը բուհերում է, սակայն սեպտեմբերի 1-ը քիչ թե շատ որոշակի դարձրեց գոնե առաջիկա մեկ շաբաթվա անելիքները: Բուհերը տարբեր կանոնակարգ ունեն: ԵՊՀ-ում, օրինակՙ շաբաթական առավելագույնը երկու օր է առկա ուսուցում թույլատրվում, մյուս օրերին ուսանողները պետք է սովորեն հեռավար: Այսինքնՙ դժվար չէ պատկերացնել, որ ինչպես շաբաթական 3 օր դպրոց հաճախող աշակերտներն են ուսումնական ծրագիրն ինքնուրույն անցնելուՙ տանը, այնպես էլ ուսանողներն են ինքնակրթությամբ զբաղվելու, որովհետեւ 1-2 օր առկա ուսուցումը դժվար թե լիարժեք կրթություն ապահովի: Այսքանով հանդերձՙ մայր բուհում այս տարի վարձավճարները թանկացել են 70-160 հազար դրամովՙ թվերը լրիվ կլորացվել են: Օրինակՙ տեղեկատվական անվտանգություն ֆակուլտետում ուսման վարձը 540 000-ից միանգամից դարձել է 700 000: Ֆիզիկայի, կենսաֆիզիկայի, միջուկային ռեակտորների ֆիզիկայի բաժիններում ԿԳՄՍ նախարարությունը տեղերը կրճատել է 7-10-ով, բայց վարձավճարն ավելացել է 70 000-ով: Նույն պատկերն է պատմության, աշխարհագրության, երկրաբանության ֆակուլտետներում, որտեղ միանգամից 17-18 տեղ է կրճատվել: Հայ բանասիրության ֆակուլտետում անցյալ տարի 120 տեղ է եղել, այս տարի 70 է, ռեկորդային կրճատում է արձանագրվել տնտեսագիտական ֆակուլտետումՙ միանգամից 52 տեղ: Անցյալ տարվա 120 ուսանողի փոխարեն այս տարի կսովորի 70 հոգի: Նույն սկզբունքով կրճատվել են լեզուների ֆակուլտետների տեղերը: Իրավագիտությունում ուսման վարձը ավելացել է 130 000 դրամով ու դարձել 1 միլիոն դրամ:

Ընդհանուր առմամբ ԵՊՀ-ում ԿԳՄՍ նախարարությունն այս ուսումնական տարում 512 տեղ է կրճատել: Իսկ անկախ կրճատումներից ու հենց կրճատված ֆակուլտետներում թափուր տեղեր են մնացել:

Ինչո՞վ է պայմանավորված վարձավճարների թանկացումը: ԵՊՀ-ի ղեկավարությունը պատճառաբանում է, թե դասախոսների աշխատավարձը մինչեւ հիմա շատ քիչ է եղել, պետք է այսկերպ բարձրացնեն:

Հեղինակի այլ հոդվածներ՝ Սեպտեմբերի “որոգայթները”, Եթե մաչոներն են անհանգստանում, որ իրենց կողքին կհայտնվի էգ առյուծ, ուրեմն թող իրենք մի քիչ որձանան. Վովա Վարդանով(տեսանյութ),

Ուսումնական տարին դեռ առջեւում է, ու ժամանակը ցույց կտաՙ կբարձրանա՞ն եւ որքա՞ն կբարձրանան դասախոսների աշխատավարձերը: Հայտնի է, որ դրանք միշտ էլ անհավասարաչափ են եղել: Քիմիայի ֆակուլտետի դասախոսը 5-6 անգամ քիչ աշխատավարձ է ստանում իրավաբանականի դասախոսից: Բայց եթե ուսման վարձավճարների հաշվին պետք է աշխատավարձերը բարձրանան, ուրեմն նույն քիմիայի, ֆիզիկայի, երկրաբանության ֆակուլտետներում, որտեղ այն ժամանակ էլ դիմորդները քիչ են եղել, ուսման վարձըՙ անհամեմատ նվազ, ու թափուր տեղերըՙ շատ, այս տարի էլ իրավիճակային փոփոխություն չկաՙ թափուր տեղերը շատ են, դիմորդներըՙ քիչ, ուսման վարձը բարձրացնելով հանդերձՙ դարձյալ տնտեսագիտականի ու իրավաբանականի համեմատՙ բավականին քիչ: Ուրեմն ի՞նչ հիմքով են բարձրանալու պահանջարկ ու այսպես ասածՙ հեղինակություն չունեցող ֆակուլտետների դասախոսների աշխատավարձերը:

Ակնհայտ է, որ բոլոր բուհերում հանրային կառավարման, մենեջմենթի, գովազդային ուղղությանՙ PR-ի մասնագիտությունները խիստ պահանջված են, ընդունելության մրցույթն էլ բարդ է եղել: Անցել են միայն բարձր միավորները: Ցավալի է, բայց փաստ. աշխատանք, ջանք ու եռանդ, խոր գիտելիքներ, մտավոր ունակություններ պահանջող ֆիզիկան ու առհասարակ բնագիտական ուղղությունները շարունակում են մնալ ստվերում:

Դեռ սովետական տարիներից ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ասպարեզում հավասարը չունեցող Հայաստանը, որ դարակազմիկ բոլոր գյուտերում հիմնարար մասնակցություն է ունեցել, հիմա արհամարհում է գիտության ոլորտը: Դե իհարկե, ո՞վ կուզի ամբողջ կյանքում ֆիզիկայի խորխորատներում գլուխ ջարդել, հետո էլ մարդավայել աշխատանք չգտնել: Իսկ PR-ով, մեդիա, IT ոլորտներով զբաղվելու համար ի՜նչ գիտելիք, ի՜նչ գիտական ունակություն… ճարտար լեզու, դիմացինին խաբելու, իլյուզիաներ ստեղծելու, գրավելու ունակություն եւ վերջ. աշխարհը ոտքիդ տակ է, անձնական հաշվեհամարիդ էլՙ բազում զրոներով գումար:

Այս ամենը հրաշալի գիտակցում են պատանիներն ու երիտասարդները: Եթե ֆիզիկան նրանց տարերքն է, գյուտերըՙ օժտվածության արգասիքը, ապա նրանք ապագան փնտրում են ոչ թե հայրենիքում, այլ ճանապարհներ են որոնում, որպեսզի մեծ աշխարհ դուրս գան: Ֆիզմաթ դպրոցի պատանի գյուտարարները կապշեցնեն օտարերկրացի որեւէ ֆիզիկոսի, բայց նրանք հիմիկվանից Հայաստանից դուրս գալու ծրագրեր են մշակում: Մեղադրել չենք կարող նրանց, որովհետեւ գիտությունը, լուրջ բնագավառներում խորամուխ լինելը մեզանում չի խրախուսվում, իսկ խրախուսվելու ամենաիրատեսական ու գոհացուցիչ տարբերակը լավ վարձատրությունն է, որը չենք ապահովում: Այդ պատճառով էլ մեր ֆիզիկոսների աչքը դրսում է, իսկ ովքեր այդ շանսերը մոտ ապագայում չեն տեսնում, ճանապարհի կեսից ձեռք են քաշում բնական գիտություններից ու այլ ոլորտներով հետաքրքվում:

Հայաստանում երիտասարդների 43 տոկոսը գործազուրկ է: Համաշխարհային բանկի տվյալներով թիվն ավելի բարձր էՙ 58 տոկոս: Սա ոչ թե վատ, այլ սահմռկեցուցիչ ցուցանիշ է: Նշանակում էՙ ամեն երկրորդ երիտասարդը գործազուրկ է: Ուսանողներն արդեն առաջին կուրսից են ուզում աշխատանք գտնել, որովհետեւ ներքին վախ ունեն, որ բուհն ավարտելուց հետո դիպլոմը ձեռքներինՙ բազում դռներ են թակելու: Աշխատելու, ստեղծելու, զարգացնելու, առաջ գնալու մեծ պոտենցիալ է մսխվում, մեծ կապիտալ, որի անունը գիտելիք է: Իսկ մակերեսային, ծանծաղ, միայն վարվեցողության կանոններ, դիմացինին հոգեբանական ծուղակ գցելու ունակություններ պահանջող մասնագիտությունները պահանջված ու հարգի են: Սակայն ոչ բոլորն են տիրապետում այդ հմտություններին, խաբել ոչ բոլորն են կարող, ուրմեն գիտակ, բայց ազնիվ լինելու համար գնան կորչե՞ն:

Երիտասարդներն ինքնադրսեւորվել, իրենք իրենց ճանաչել, ունակությունները կոփել են ուզում: Պետության դերը նախ երիտասարդների ներուժը ճիշտ գնահատելու, տեսակավորելու, ունակությունների ու հատկանիշների անձնագիր ստեղծելու, հետոՙ օգտագործելու ու վարձահատույց լինելու մեջ է: