Սեպտեմբերի 5-ին “Գյումրու օր-2020”-ն է… առցանց

140

Գյումրի քաղաքի այս տարվա տոնը կանցկացվի սեպտեմբերի 5-ին, տարբերվելով նախորդ բոլոր տարիների տոնակատարություններից։ Աշխարհում տիրող համավարակի եւ մեր երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում այն առաջին անգամ կկազմակերպվի առցանց։ Քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի հավաստմամբ, ձգտելու են համացանցի բոլոր հնարավոր հարթակներն օգտագործելովՙ Գյումրու տոնականության շունչը հասցնել այդ օրը քաղաքով հետաքրքրված եւ նրա մասին շատ բան իմանալ ցանկացող բոլորին։

“Իմ սեր Գյումրի” խորագրով եւ իր հատուկ պատկերանշանով (հեղինակՙ Լեւոն Լաճիկյան) այս տոնին մի խումբ խանդավառ երիտասարդների նախաձեռնությամբ ստեղծված երգ կնվիրվի հարազատ քաղաքին, հնչելով  նաեւ որպես աշխարհին ուղղված սիրո ու խաղաղության ուղերձ։ “Սեւ բերդ” ամրոցի համերգասրահից կհեռարձակվի Գյումրու պետական սիմֆոնիկ եւ ժողգործիքների նվագախմբերի տոնական համերգը, այստեղ ազգային երգացանկով հանդես կգա նաեւ քաղաքի Հայորդյաց տան երգչախումբը։

Քաղաքում առցանց շրջագայությունը կհասնի տարածքի հիմնանորոգումից հետո նոր, թարմացված տեսքով ներկայացող “Մայր Հայաստան” հուշահամալիր։   Համայնքապետարանի շենքի կիսանկուղային հարկում իրականացված նորոգման աշխատանքներից հետո կկատարվի այստեղ տեղավորվող քաղաքային կենտրոնական գրադարանի, քաղաքի թանգարանի եւ կերպարվեստի ցուցասրահի հանդիսավոր բացումը։ Նույն օրը դռները կբացի նաեւ այս քաղաքի ծնունդ լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի անվան մարզադպրոցը։

Վերջին տարիներին Գյումրու օրվա տոնակատարությունները դարձել են առավել գունեղ ու մարդաշատ։ Այս անգամ քաղաքը հասկանալի պատճառով շատ հյուրեր չի կարողանա ընդունել, բայց առցանց տարբերակը նրա տոնին հետեւելու հնարավորություն կտա երեւի ավելի մեծ թվով հետաքրքրվողների։

Գ. ՄԿՐՏՉՅԱՆ