Հենց եկեղեցու խորանին հպված ցանկապատի մյուս կողմում խաշ-խորոված ուտելու սենյակներ են կառուցվել. հնագետ

111

Հնագետ, պատմաբան Հակոբ Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և  անդրադարձել  Աղցքի պեղումներին՝ նշելով.

Ես խոստացել էի ներկայացնել մեր պեղումների արդյունքում Աղցքի հայոց արքաների հուշահամալիրում կատարված հայտնագործությունը, ապա թե ինչ անդառնալի հետևանքներ են ունեցել մեր կազմակերպության և Աղցքի արշավախմբի դեմ ուղղորդված հետապնդումները: Հայտնագործությունների մասին արդեմ գրել եմ: Կներեք, որ այդքան երկար ստացվեց` միայն դրանց թվարկումը:

Այժմ հետևանքների մասին: Խնդրում եմ դիտեք այս երկու լուսանկարը, որոնցից մեկն արվել է 2018 թ. պեղումների վերջին օրը: Տեսեք թե որքան մաքուր ու խնամված է հուշարձանը, երբ այստեղ աշխատել է մեր արշավախումբը: Մյուսը, նույն Աղցքի հայոց արքաների հուշահամալիրն է՝ 2020 թ. օգոստոսին, երբ իմ բարեկամ Խաչիկ Չալիկյանի հետ նկարահանում էինք ֆիլմ հայոց արքաների մասին: Ահա թե ինչ վիճակում է մեր պետականության խորհրդանիշներից մեկը, երբ հերյուրանքների պատճառով մեզ թույլ չտվեցին 2019 թ. մինչ այսօր շարունակել պեղումները (վերջերս ստացել ենք թույլատվություն, սակայն միայն տարածը մաքրելու և ամրակայելու համար):

Սակայն միայն անխնամ վիճակը չէ, որ մտահոգիչ է: Ուշադիր դիտեք 2020 թ. օգոստոսի լուսանկարը: Հենց եկեղեցու խորանին հպված ցանկապատի մյուս կողմում խաշ-խորոված ուտելու սենյակներ են կառուցվել: 2018 թ. այդ սենյակները չկային: 4-րդ դարի առաջին կեսի հնագույն եկեղեցու խորանից ընդամենը 1-2 մ հեռու և հայոց արքաների հանգստանի հարևանության քեֆ-ուրախության սենյակներ:

Զուգադիպություն է սա, թե՞ կանխամտածված դավադրություն: Քանզի ինչ-որ մեկին շատ էր անհրաժեշտ վարկաբեկել Աղցքի արշավախմբի և անձամբ իմ անունը, և, որ դադարեցվեին ծրագրված պեղումները: Իսկ այդ ժամանակ կառուցվել են նշված շինությունները:

Բավական է լռենք: Աղցքի հայոց արքաների հուշահամալիրը հայոց ոսկեդարի միակ հուշահամալիրն է, որտեղ մեր արշավախմբի պեղումների շնորհիվ բացվել է վաղ միջնադարի քաղաքաշինական եզակի պատկեր՝ 4-րդ դարի եկեղեցի, արքայական դամբարան, ժամանակին քառակող կոթողով և թևավոր խաչով զարդարված դամբանախումբ, «գահասրահ»-պալատ, վաղնջական երկաթագիր արձանագրություններով և խաչաքանդակներով տապանաքարեր, որոնց ներքո ննջում են հայոց աշխարհի 4-5 դդ. հոգևոր և աշխարհիկ տերերը, նահատակները: Բացվել է նաև բագրատունյաց շրջանի սյունազարդ դահլիճի սալահատակը, որի կետրոնով հոսել է Արագածի բարձրադիր աղյբյուրներից կավե փողրակներով բերված առվակը:

Արդեն 10 տարուց ավելի մենք շրջանառության մեջ ենք դրել այս գաղափարները, որոնք կայանքի կոչելու համար դիմում եմ պետական այրերին և ազգանվեր հասարակությանը.

1. Պետական ներդրումներով և նվիրատվուների միջոցներով գնել հուշարձանը կախաղանի օղակի պես խեղդող 4—5 տնամերձերը՝ մասնավորապես եկեղեցուց հյուսիս ընկած տանամերձը: Ի գիտություն՝ 2017 թ. Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած այս օրինագիծը՝ ընդամենը 100-120 մլն դրամ արժողությամբ մտավ ՀՀ կառավարություն, սակայն այդպես էլ հավանության չարժանացավ: Այժմ այդ ծրագիրը արժեքը կլին շատ ու շատ ավելի թանկ:

2. Քանդել այս տները՝ դրանց տեղում, միայն պեղումների ավարտից հետո, կառուցել ավտոկայանատեղի, այցելուների սպասարկման և անհրաժեշտ այլ շինություններ:

3. Տեղում հիմնել Հայոց պետականությանը նվիրված թանգարան՝ ֆոնդերով և ցուցասրահներով, որտեղ կպահվեն, կուսումնասիրվեն և կցուցադրեն ոչ միայն միջնադարի,

այլև ընդամենը 5 կմ հեռավորությամբ՝ Վերին Նավերի և Ներքին Նավերի արքայական դամբարաններից պեղված եզակի գտածոները:

4. Աղցքի արշավախումբը դարձնել մշտապես գործող և տեղում կազմակերպել հնագետների միջազգային ամառային դպրոց՝ Հայաստանի, Արցախի, Ջավախքի և սփյուռքահայ երիտասարդների ընդգրկմամբ:

5. Կառուցել հանդիսությունների սրահ, որտեղ, հայոց արքաների հանգստարանի հարևանությամբ հայրենիքին հավատարիմ ծառայելու երդում կտան հայոց սպաներն ու պետական այրերը:

Որպես եզրափակիչ խոսք: Վաղ միջնադարում աներկբա հավատում էին, որ Հայաստանի բախտը, փառքը և քաջությունը անթեղված է հայոց արքաների աճյուններում: Այժմ, պեղումների շնորհիվ, դրանք հայտնաբերվել են: Գուցե անմեկնելի մի խորհուրդ կա, որ բախտորոշ այս օրերին՝ 2018 թ. են հայտնաբերվել հայոց արքաների աճյուններն ամփոփող երեք աճյունասնդուկները:

Բանալին գտնվել է՝ Աղցքի հուշահամալիրի վերակառուցման ծրագիրը կյանքի կոչելով և դաստիրակելով հայենասիրությամբ տոգորված սերունդ կարող ենք վերադարձնել հայոց փառքը և երջանկությունը…