«Շտապօգնությունը» Երեւանից մինչեւ վերջ չեկավ. թունավորումից մահացածի հարազատները բողոքում են. News.am

73

Օղու թունավորումից Արմավիրի մարզում մահացած 53-ամյա Գագիկ Սարգսյանի հարազատները կարծում են՝ եթե նրան ժամանակին տեղափոխեին Երեւան, նրա կյանքը կհաջողվեր փրկել։

«Ամենակայունն իմ եղբայրն էր հիվանդանոցում։ Բժիշկը թե՝ սոնոգրաֆիան ցույց չի տալիս, թե ինչ է խնդիրը, անհապաղ՝ Երեւան։ Ասեցինք՝ մեզնից ինչ է կախված, բա՝ մուծումն արեք, որ հատուկ կանչով գա «Շտապօգնությունը», հատուկ ապարատներով միայն կկարողանան տեղափոխել։ Հարսս 30 հազար մուծում արեց, որ Շտապօգնություն գա, չեկավ, չեկավ մինչեւ վերջ չեկավ։ Կանչեցին հարսիս՝ սկորին չի գալիս, գումարը հետ տվեցին»,– պատմել է մահացածի եղբայրը՝ Մաթեւոս Սարգսյանը, որը նույնպես թունավորվել է։

Արմավիրի հիվանդանոցում էլ բուժօգնությունը լիարժեք կազմակերպել հնարավոր չի եղել կրկին սարքավորումների բացակայոթւյան պատճառով։

«Համակարգչային տոմոգրաֆիա էր անհրաժեշտ, որ հասկանային՝ ինչ խնդիր է, չունեին, սոնոգրաֆիա ունեին միայն, դա էլ ոչ մի բան ցույց չէր տալիս ասացին»,– նշել է նա։

Մաթեւոս Սարգսյանը, նրա եղբայրն ու նրանց մի քանի այլ հարազատներ օգոստոսի 29-ին փոքրիկ հավաքույթի են մասնակցել, որի ժամանակ էլ օղի են օգտագործել։

«Ես մի քանի կում խմեցի, ասեցի՝ էս ինչ օղի ա, համ չի գալիս, ու էլ չխմեցի։ Նույնն էլ եղբայրս՝ մի քանի կում ա խմել»,– պատմել է  նա։

Հավաքույթից երկու օր անց՝ օգոստոսի 31-ի երեկոյան, Մաթեւոս Սարգսյանի ընտանիքը լուր է ստացել, որ նույն հավաքույթին մասնակցած՝ իրենց խնամին Արմավիրի բժշկական կենտրոնում է։ Մաթեւոսը նույնպես շտապել է հիվանդանոց, ուր րոպեներ անց բերել են նաեւ եղբորը։ Սկզբում անգամ բժիշկները չեն կարողացել հասկանալ, թե ինչն է խնդիրը, հետազոտություններով ոչինչ պարզել չկարողանալուց հետո հարզատներին խորհուրդ են տվել ռեանիմոբիլի համար վճար կատարել եւ կանչ գրանցել Երեւանից, սակայն «Շտապօգնությունն» այդպես էլ չի ժամանել, իսկ Մաթեւոսի եղբայրը մոտ երեք ժամ անց մահացել է։ Մեկ ուրիշի համար ժամանած ռեանիմոբիլով միայն կարողացել են Երեւան տեղափոխել նրանց խնամուն՝ 69-ամյա Ռուբիկ Զաքարյանին, որն այդ պահին ավելի վատ վիճակում է գտնվել քան մյուսները։

«Շտապօգնության մի մեքենա էր եկել սարքավորմամբ, այն էլ մի տղամարդու համար, որ սրտի կաթված էր ստացել։ Նա մահացավ, դրա համար էլ ասեցին՝ լավ, կուղարկենք Զաքարյանին՝ խնամուս»,– ասել է Մաթեւոս Սարգսյանը՝ նշելով, որ իր խնամու վիճակն այժմ համեմատաբար լավ է, գիտակցության է եկել։

Թունավորված տղամարդկանցից երկուսին էլ, Սարգսյանը պատմում է, որ տեղափոխել են սովորական «Շտապօգնության» մեքենայով. մեկը մահացել է Երեւանի ճանապարհին։

Մաթեւոսն ինքն էլ թունավորվել է, հիվանդանոց է տեղափոխվել նույն օրը, բայց թեթեւ ախտանշաններով։

«Այդ օրը խաչի բացում էր մեր մոտ, մի բաժակ պետական օղի խմեցի, հետո ստամոքսացավ ունեի, սոդայաջուր խմեցի, հետո մարսողական խմեցի։ Հիվանդանոցում որ ասեցի՝ նման բաներ եմ օգտագործել, ասեցին՝ դու քեզ փրկել ես»,– պատմել է  նա։

Հիվանդանոցից Մաթեւոս Սարգսյանը դուրս է գրվել իր ստորագրությամբ, որպեսզի մասնակցի եղբոր հուղարկավորությանը։

Ընդհանուր առմամբ երեկվանից Արմավիրի մարզում եւ եԵրեւանում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք, դրանցից 11-ը ՝ մահվան ելքով, մի քանի քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է։ Քաղաքացիները բոլորը օգտվել են արմավիրցի Աշոտ Հովսեփյանից ձեռք բերած օղուց։ Օղին պատրաստված է եղել տնային պայմաններում՝ սպիրտը ջրով բացելու եղանակով։ Տղամարդը երկար տարիներ է, ինչ այդ կերպ օղի է ստանում եւ վաճառում։ Այս անգամ նա, հավանաբար ինքն էլ այդ մասին անտեղյակ՝ բժշկական սպիրտ է օգտագործել։ Նա ձերբակալված է, իսկ ալկոհոլը օգտագործած քաղաքացիների ամբողջ շրջանակը դեռ պարզվում է։