Շնորհավոր տարեդարձ․Հասմիկ Պապյան

111

Հայտնի լրագրողուհի Հրաչուհի Փալանդուզյանը իր էջում, “Իմ գանձատուփից” խորագրի տակ տեղադրել է հարցազրույց տաղանդաշատ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի հետ։

Օպերային երգչուհիների հանդեպ բնությունն առանձնապես սիրալիր չէ. հաճախ նրանց շողշողուն ձայն է պարգևում, բայց արտաքին գեղեցկության հարցում ժլատանում է: Հասմիկ Պապյանին բնությունը ոչինչ չի խնայել` գեղեցիկ դեմք, սլացիկ մարմին, աննման գեղգեղաձայն, բեմականություն և դեռ` ջութակահարի մասնագիտություն:

Այս ամենի մասին գիտեի նաև նրան հանդիպելուց առաջ և չէի կարծում, թե հարցազրույցից հետո տպավորություններս կփոխվեն: Փոխվեցին, այն էլ` շահեկանորեն:

Հայրենակցուհուս բոլոր բարեմասնություններին գումարվեց նաև այն համոզմունքը, որ նա իսկական հայուհի է` այդ հասկացության բոլոր նրբերանգներով: Ապրում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, հանդես է գալիս տեղի օպերային թատրոնում, միաժամանակ պայմանագրեր ունի աշխարհի բազմաթիվ թատրոնների հետ:

Ե՞րբ, որտեղի՞ց սկսվեց մոլորակի երաժշտական ամենահզոր կենտրոններից մեկի ճանապարհը: Այս բացահայտմանն էի հետամուտ, երբ նա այցելեց «Հայաստանի զրուցակից» շաբաթաթերթի խմբագրություն և մեծ երգչուհուն անհարիր պարզությամբ սկսեց հարցերիս պատասխանել: Երկու-երեք հարցի, ինչից հետո Հասմիկ Պապյանն ասես սուզվեց իր տարերքի` արտիստական ինքնարտահայտման մեջ:

Թերթի հաճելիորեն ձևավորված հյուրասրահը երկրորդ հարկում էր, ապակեպատ լուսամուտներից դուրս ծփում էր երևանյան անրջային երեկոն: Ես արդեն առիթներ էի ունեցել համոզվելու, որ նման միջավայրն արվեստագետների հոգին մղում է անկեղծության: Իսկ երբ նա թաքցնելու ոչինչ չի ունենում, միաժամանակ սրտում պարփակած մեծ գանձեր է ունենում` հարցազրույցը վերածվում է հաճելի զրույցի:

…Հիշեցնում եմ` ջահել գեղեցկուհին ջութակը ձեռքին մոտենում է Կոմիտասի անվան երաժշտանոցին: Ժպտում է` այդ տեսարանը շատերն են մտապահել: Եվ բոլորը գիտեին, որ նրա դասախոսը տաղանդաշատ Ռուբեն Ահարոյնանն է, մինչդեռ ստեղծագործական ուղին սկսել է որպես օպերային երգչուհի` դասատու ունենալով երգեցողության լավագույն գիտակ Տաթևիկ Սազանդարյանին: Ասպիրանտուրան ևս նշանավոր երգչուհու ղեկավարությամբ է ավարտել: Երկու ճանապարհներն էլ շրջանավարտ աղջկան հավասարապես գերում էին, բայց իր «խոսքն» ասաց պատահականությունը:

Այո, դա պատահականություն էր,– պատմեց Հասմիկ Պապյանը:-Այդ օրը Ռոսինիի «Սևիլյան սափրիչ» օպերայի ներկայացումն էր, Ռոզինայի դերակատարը հիվանդացել էր, ուստի ինձ առաջարկեցին փոխարինել: Քանի որ այդ դերը լավ սերտել էի` անմիջապես համաձայնեցի: Ինձ համար դա բախտորոշ իրադարձություն էր:

Հարցնում եմ. -Թերևս բախտորոշ էին նաև ժամանակները` 20-21 տարի առաջ, երբ տաղանդավոր սոպրանոների առատությամբ երգասերներին երես չէին տալիս: Թերթում տպագրված հարցազրույցը նրա պատասխաններն ավելի լավ է պահպանել. «-Իսկապես, թատրոնում սերնդափոխություն էր կատարվում, այդ շրջանում Գոհար Գասպարյանի երգացանկը կատարող չկար:

-Իմ` շարքային երաժշտասերիս մտապատկերում ձեր անունն ու Նորման նույնանում են:

-Այնպես պատահեց, որ Նորման դարձավ իմ ամենաճանաչված և պահանջված դերերգը: Նորմա երգելուց հետո դու արդեն կարող ես հաղթահարել բոլոր դերերգերը: Ի դեպ, դա կանացի շատ բարդ կերպար է, քրմուհի, որ սիրահարվել է իր թշնամուն, լքվել, գաղտնի երեխաներ ունեցել, ապա զոհաբերվել: Այսօրվա մեկնաբանությամբ նա այն կինն է, ով կարող է լինել նախագահի կամ վարչապետի թեկնածու:

-Նվաճված գագաթները հրապույրը կորցնելու հատկություն ունեն:

-Իրավացի եք, սիրտս հիմա հակված է գերմանական օպերային: Ուզում եմ երգել Վագների հերոսուհիների դերերգերը, մանավանդ Իզոլդա: Ես հիմա կատարելապես տիրապետում եմ գերմաներենին, և երգացանկս աղքատ կլինի, եթե չկատարեմ այդ գործերը:

-Վիեննայի ճանապարհը ձեր կյանքի ո՞ր կետից սկսվեց:

-Միջազգային մի մրցույթից, որտեղ ինձ նկատեց իտալացի հայտնի երգիչ Մարիո դել Մոնակոյի որդին` Բոննի օպերային թատրոնի տնօրենը: Իսկ այժմ ապրում եմ Վիեննայում, աշխատում եմ պայմանագրային սկզբունքով:

-Պայմանագրային սկզբունք ասվածը երևի երգչի համար երանելի վիճակ է, սակայն հայ հանդիսականն էլ երաժշտական երանության է կարոտում, առաջիկա հինգ տարում նա սպասելիք կունենա՞, թե ամեն ինչ մենեջերներն են վճռելու:

-Ես երգում եմ Վերդիի 14 օպերաներում, կատարում եմ հայկական օպերային երգացանկի բոլոր համապատասխան դերերգերը, այդուհանդերձ կուզենայի հարազատ բեմում նոր դերով հանդես գալ: Պատրաստ եմ արձագանքել ցանկացած լուրջ առաջարկության, ցավոք սրտի ամեն ինչ կապվում է նյութական միջոցների բացակայության հետ: Մինչդեռ Եվրոպայում օպերաները բեմադրվում են այլ չափանիշներով: Հիմա դուք չեք տեսնի թավշյա բաճկոններով դերակատարներ ու գեր կանայք, որոնք տեղում կանգնած երգում են: Ժամանակակից օպերան պահանջում է մեծ արտիստականություն, աշխուժություն, պարզ ձևավորում, բայց իհարկե` կատարողական մեծ վարպետություն: Հայաստանում ևս կան շատ տաղանդավոր բեմադրիչներ, որոնք կարող են այս չափանիշներին համապատասխան բեմադրություն իրականացնել:

-Ձեր ոգևորությունից կարելի է եզրակացնել, որ օպերան ամենևին էլ մեռնող արվեստների թվում չէ: Նոր օպերաներ ե՞ւս գրվում են:

-Երբեք չհավատաք, որ օպերան կմեռնի, այսօր Գերմանիայում 140-ից ավելի օպերային թատրոն կա: Մարդիկ ցերեկը այցելում են ցուցասրահներ, իսկ երեկոյան` թատրոն կամ համերգասրահ: Իմ ոչ մի ներկայացման ժամանակ ես ազատ աթոռ չեմ տեսել:

-Եթե եվրոպական որևէ բեմում հայկական օպերա բեմադրելու հնարավորություն լիներ` ո՞ր գործը կընտրեիք, «Արշակ Երկրո՞րդը»:

-Ցավոք, մեր ժառանգությունն այդքան մեծ չէ, բայց ես կնախընտրեի Սպենդիարյանի «Ալմաստը»:

-Իսկ հայ երգարվեստից ի՞նչ նմուշ կառաջարկեիք մի մեծանուն երգչի, եթե նա դա խնդրեր:

-Կոմիտասն ամբողջությամբ և մեր հոգևոր երաժշտությունը:

-Ինքներդ նախընտրում եք նաև Մանսուրյանի հայրենները:

-Ես նրա չորս հայրենները երգեցի Փարիզում և Վիեննայում, ունկնդիրները պարզապես հիացած էին:

-Կարծում եմ` յուրաքանչյուր հայ երաժշտասեր երազում է մի համերգի կամ ներկայացման մասին, ուր հանդես կգան մեր բոլոր հռչակավոր երգիչները:

-Պատկերացրեք` երկու տարի առաջ այդպիսի մի նախագիծ կար, սակայն ոչ ոք չեկավ, և ես Սպիվակովի նվագախմբի հետ` մոսկովյան լավագույն սրահներից մեկում միայնակ երգեցի:

-Սփոփվենք նրանով, որ դա ավելի գեղեցիկ անուն ունի` մենահամերգ: Այսօր Հայաստանում երգչական հնչեղ անուններ կա՞ն:

-Կան, սակայն բոլորը դրսում են: Ի դեպ, դա բնական երևույթ է, օրինակ Պավարոտտին Իտալիայում երբեք չի բնակվել:

-Դուք ապրում եք աշխարհի ամենաերաժշտական ազգերից մեկի միջավայրում, անընդհատ շրջագայում եք, խնդրում եմ ասեք` օժտվածության առումով հայերը երաժշտակա՞ն ժողովուրդ են:

-Մենք իսկապես շատ երաժշտական ժողովուրդ ենք: Այս վերջին այցիս ես նայում էի հեռուստատեսային զանազան հաղորդումներ, բնատուր տաղանդները շատ են, միայն թե հարկավոր է նրանց ճիշտ կրթել:

-Հայ լինելը նպաստո՞ւմ է ձեր ստեղծագործական առաջընթացին, թե հակառակը:

-Ինչ հաջողություն և առավելություն ունեմ` վերագրում եմ հայ լինելուս:

ՀՓ, 2009թ.

Հեղինակի այլ հոդվածներից՝ ՈՒրացություն է, Այսպիսի պատմություն։