Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղ

55

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնք և հանդիպել բնակիչների հետ: Ծանոթացել է համայնքի ճանապարհի՝ վերջերս սկսված և ավարտման փուլում գտնվող ասֆալտապատման աշխատանքներին: «Այն օրվա խորհուրդն ամբողջացնող լավագույն նվերն էր բերքաձորցիներին:

Դպրոցի բակում բնակիչների հետ հաճելի զրույց ծավալվեց: Համայնքի ղեկավարը նշեց, որ Կառավարության՝ վերջերս կատարած փոփոխությունն, ըստ որի, սեպտեմբերի 1-ից գյուղական և քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց տրվող պետական ֆինանսական աջակցությունը 3 մլն դրամից դարձել է 5 մլն դրամ, իսկ առավելագույն տարիքը 40-ի փոխարեն՝ 50, մեծ ոգևորությամբ են ընդունել համայնքում, և ավելի քան 10 ընտանիքներ սկսել են իրենց բնակելի առանձնատների կառուցման աշխատանքները: Անկեղծ ասած՝ այդ լուրն ինձ ավելի ոգևորեց:

Տոնական այս հրաշալի օրը կրկին ամփոփում եմ ջերմ շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքով: Թո՛ղ բոլորիդ օջախներում միայն ուրախություն թևածի: Հավատացած եղեք՝ բոլոր խնդիրները հաղթահարելու ենք միասին: Մի փոքր համբերություն ու հավատ, և մենք ունենալու ենք մեր երազանքների ՀԱՅՐԵՆԻՔԸ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արայիկ Հարությունյանը: