715 – Գոդերձականի ճակատամարտը (Գուգարք)

97

Ռազմական պատմության մասնագետ Մհեր Հակոբյանի ֆեյսբուկյան էջից։

Առուշան I-ի գլխավորած Արարատյան թագավորության բանակը (մոտ 70.000) շարժվեց Ալանաց դուռ լեռնանցքից ներխուժած Կիմմերական թագավորության բանակի (մոտ 150.000) դեմ և ամուր պաշտպանական դիրքեր գրավեց:

I փուլ – Կիմմերական թագավորության բանակ անցավ վճռական գրոհի, սակայն համառ մարտում այն հետ մղվեց:

II փուլ – Հայկական բանակը անցավ հակագրոհի և ծանր կորուստներ պատճառեց Կիմմերական թագավորության բանակին:

III փուլ – Կիմմերական թագավորության բանակը մարտի մեջ մտցրեց նոր ուժեր և փորձեց շրջապատել Հայկական բանակին, որին միայն ծանր մարտերով հաջողվեց ճեղքել թշնամու բանակի շարքերը և կրկին ապաստանել ամրացված դիրքերում:

Որպես հետևանք այս ամենի՝ ծանր կորուստներ կրած Կիմմերական թագավորության բանակը չհամարձակվեց շարունակել մարտը և նահանջեց: Հայերը կորցրին մոտ 30.000, թշնամին` մոտ 70.000 զինվոր:

Համաշխարհային և հայկական պատմագիտության մեջ այս ճակատամարտը, հիմնվելով Ասորեստանի թագավորության հետախույզների զեկուցագրերի վրա, ավանդականորեն համարվել է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՆՈՒԼ ՏՐՎԱԾ: Ինչպես ցույց են տալիս ճակատամարտին հաջորդող իրադարձությունները, սակայն, այս ճակատամարտը, Հայկական բանակի համար լինելով ԻՐՈՔ ՉԱՓԱԶԱՆՑ ԾԱՆՐ, մարտավարական տեսանկյունից այնուհանդերձ անորոշ ելք է ունեցել, քանզի թշնամու հետագա առաջխաղացման մասին որևէ տեղեկություն չկա, ինչից էլ իր հերթին կարելի է ենթադրել, որ Հայկական բանակին այնուհանդերձ հաջողվել է պահել դիրքերը:

Իր հերթին, եթե խնդիրը դիտարկենք ռազմավարական տեսանկյունից, ապա կարող ենք ամրագրել, որ արդյունքը ինչ-որ տեղ նույնիսկ Հայկական բանակի օգտին է եղել, քանի որ դրանից հետո թշնամին, նույնիսկ չփորձելով էլ առաջխաղացում իրականացնել, նահանջեց, ինչից էլ իր հերթին հետևում է, որ Հայկական բանակը վերջին հաշվով ԿԱՏԱՐԵԼ Է ԻՐ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ:

Հատկանշական է, որ այս ճակատամարտից հետո կիմմերները Առաջավոր Ասիա արշավելիս, որպես կանոն, շրջանցում էին Արարատյան թագավորությունը և, ընդհանրապես, խուսափում էին ռազմական բախման մեջ վերջինիս հետ: Այստեղ, մասնակիորեն շեղվելով թեմայից, պետք է ասել հետևյալը: Ռազմական պատմաբանները կիմմերների, իսկ հետագայում էլ նաև սկյութների հաջողությունները Առաջավոր Ասիայում և Մերձավոր Արևելքում բացատրում են, հաճախ գերագնահատելով այս փաստը, նրանց` հիանալի նետ ու աղեղով զինված մասսայական թեթև հեծելազորի առավելությամբ:

Վերջինս իրոք արագաշարժ էր իր հակառակորդների առանց այդ էլ համեմատականորեն սակավաթիվ հեծելազորներից, սակայն ողջ ռազմական պատմության վերլուծությունն իր հերթին ցույց է տալիս, որ թեթև հեծելազորը, այս առավելությամբ հանդերձ, ունի նաև ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, որոնցից ամենագլխավորը կանոնավոր մարտ վարելու անկարողությունն է: Նպատակ չունենալով այստեղ խորանալ այս թեմայի մեջ, նշեմ միայն, որ թեթև հեծյալների դեմ պայքարելու արդյունավետ միջոցները բազում են և միայն սույն զորատեսակի կիրառմամբ հաջողության հասնելը բավականին դժվար է:

Սրա հետ կապված պետք է նշել նաև, որ արդյունքում սխալ է այն մոտեցումը, ըստ որի Առաջավոր Ասիայի և Մերձավոր Արևելքի պետությունների զարգացման օրինաչափությունները, այնտեղի պետական կառույցներում, այդ թվում նաև բանակում, գոյություն ունեցող հարաբերությունները մեխանիկորեն վերագրվում են Արարատյան թագավորությանը: Իրականում Արարատյան Հայոց թագավորությունը, ունենալով իր առանձնահատկությունները, որոնցից ամենակարևորը, որպես միասնական ազգային հենքի և պետականության կրողի ԻՐ ՀԻՄՔՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՒՆԵՆԱԼՆ ԷՐ, զարգանում էր իր յուրօրինակ ուղով:

Այսպիսով` կարծում եմ, որ ճիշտ չէ համաշխարհային ռազմական պատմագիտության մեջ շրջանառվող այն վիճահարույց թեզը, թե Կիմմերական կամ Սկյութական թագավորությունների բանակները անվիճելի առավելություն ունեին Առաջավոր Ասիայի և Մերձավոր Արևելքի պետությունների բանակների նկատմամբ ու, առավել ևս, դրա մեխանիկորեն վերագրումը նաև Արարատյան թագավորությանը: Խնդիրը նեղ մարտավարական տեսանկյունից դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ Հայկական բանակը, որը ի տարբերություն իր մյուս հարևանների, այս ժամանակ արդեն իսկ ուներ հեծելազորային մոտ մեկ և կես հազարամյա փառահեղ պատմություն ու ավանդույթներ և արդյունքում ուներ տարածաշրջանում լավագույն հեծելազորներից մեկը, Ի ՀԱՄԵՄԱՏ ՀԵՆՑ ՆՈՒՅՆ Ասորեստանի թագավորության բանակի, ի վիճակի էր ավելի հաջող գործել Կիմմերական կամ Սկյութական թագավորությունների բանակներ դեմ:

Բացի այդ, կրկին անդրադարձ կատարելով մարտավարական մակարդակին, հարկ է նշել, որ կիմմերական, իսկ հետագայում էլ սկյութական գովերգված աղեղը, որը ՄԱՀԱՑՈՒ ՀԱՐՎԱԾԸ պահում էր 120 մետրի վրա, իր մարտական որակներով ևս մեղմ ասած առնվազն չէր գերազանցում այդ ժամանակ Հայկական բանակի սպառազինության մեջ գտնվող նույն զինատեսակին: Խոսքը հայկական աղեղի այն տեսակի մասին է, որով արձակած նետն, օրինակ, իր առավելագույն թռիչքի մեջ մի անգամ հասավ 476 մետրի՝ բնականաբար մահացու հարվածի ուժը պահելով առնվազն մոտ 150 մետրի վրա, և որով սրանից չորս հարյուրամյակ անց հայ նետաձիգները ՄԻՋԱԹԱՓԱՆՑ ԾԱԿՈՒՄ ԷԻՆ հունական նահանջող բանակի հոպլիտների վահաններն ու զրահները:

Այսպիսով` Հայկական բանակը, իր կազմում ունենալով նման զինատեսակով զինված թեթև հետևազոր և հզոր հեծելազոր, դրան գումարած ծանր հետևազորն ու մարտակառքերը, անկասկած ի վիճակի էր արժանի հակահարված տալ տափաստանային եկվորներին, որոնց միակ առավելությունը այս պարագայում մնում էր ԹՎԱԿԱՆ ԳԵՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ: Արդյունքում կարծում եմ, որ Կիմմերական և Սկյութական թագավորությունների բանակների հաջողությունները Հայաստանի հարակից երկրներում ավելի շատ պետք է բացատրել Առաջավոր Ասիան ու Մերձավոր Արևելքը, բայց մեծապես ոչ Հայաստանը, այդ ժամանակաշրջանում հյուծող սոցիալ-տնտեսական և դրանից բխող քաղաքական ճգնաժամերով, երբ հին տիպի պետությունները իրենց վերջին ժամերն էին ապրում, իսկ նոր տիպի պետությունները դեռևս կամ չէին առաջացել, կամ էլ ձևավորման փուլում էին:

Այս առումով կրկին խիստ հատկանշական է այն հանգամանքը, որ մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում տափաստանային քոչվորները Հայաստանում ՈՐԵՎԷ ԼՈՒՐՋ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՈՒՆԵՑԱՆ: