Այս գլխացավանք թուրք ծայրահեղականները

68

Թուրքական ծագմամբ մի ծայրահեղական դատապարտվելու է «ատելություն հրահրելու» համար: Հայ համայնքը երկու բողոք է ներկայացրել հուլիսին տեղի ունեցած ցույցի ժամանակ բռնություն կիրառելու փորձի գործով։

  • Le Parisien (Փարիզ)
  • 25-ը օգոստոսի 2020թ.
  • ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՄԵՐ ՀԱՏՈՒԿ ԹՂԹԱԿԻՑ ՆԻԿՈԼԱ ԺԱՔԱՂԸ, ԴԵՍԻՆ (ՌՈՆ)

Դեսին (Ռոն), 24-ը հուլիսի, 2020

Թուրքական ծագմամբ մոտ 100 երիտասարդներ հարձակվել են ծագումով հայ ֆրանսիացիների վրա, ովքեր բողոքի ցույց էին կազմակերպել  ընդդեմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերսկսված հակամարտության:

            Ցնցումից կոտրված  ցուցանակի լուսավոր տառերն այլևս հուշ են: Ցուցափեղկի վրա սև հետք է, որը երեք տարի Դեսինում (Ռոն) աշխատող Արմանի կարծիքով  հրազենի կրակոցի հետևանք է: Մեկ ամիս է անցել, սակայն այս հայազգի տղամարդն այդպես էլ չի հասկանում, թե ինչու հուլիսի 24-ին «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության թուրքական ծագմամբ մի քանի տասնյակ երիտասարդներ իրեն թիրախավորեցին։ «Կոշկակարանոցս միշտ բաց է եղել բոլորի առջև,- ասում է արհեստավորը: Ոչ մեկի հետ խնդիր չեմ ունեցել»:

Բայցևայնպես հուլիսի 24-ին, ժամը 19:00-ի սահմաններում նրա համար ակնհայտ էր, որ Ժան-Ժորես պողոտայով քայլող դիմակավորված և երկաթե ձողերով ու դանակներով զինված երիտասարդները եկել էին հաշիվ մաքրելու: «Չորս-հինգ հոգով դուրս եկանք»,- ասում է Արմանը: «Ուժներս չէր հերիքում։ Ստիպված պատսպարվեցինք խանութում ու սպասեցինք ոստիկանության միջամտությանը»:

Կրակոց և ամբոխի տեղաշարժ

Ի սկզբանե, ինչպես նախապես հայտարարվել էր, տեղի հայ համայնքը մի ամառային հանգիստ երեկո ցույց էր կազմակերպել։ 1915թ․ ցեղասպանությունից հետո առաջին հայրենազուրկ հայերը 1920-ական թթ․ Ազնավուրի թանկագին երկրից հաստատվեցին Լիոնից դեպի արևմուտք գտնվող Դեսինում՝ Փոքր Հայաստանում։ Այսօր 30 000 բնակիչ ունեցող քաղաքում ապրում են ծագումով հայ մոտ 4 000 ֆրանսիացիներ, ովքեր ուշադիր հետևում են իրենց նախնիների երկիրն ալեկոծող աշխարհաքաղաքական ցնցումներին: Հուլիսի 24-ին 600 մարդ հավաքվել էր բողոքելու Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական երկարատև հակամարտության վերսկսման դեմ:

Ատելությամբ սնված և պատմական ահռելի ժխտողականության թակարդն ընկած երիտասարդներ

ԴԱՆԻ-ԿԼՈԴ ԶԱՐԹԱՐՅԱՆ, ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՑՈՒՅՑԵՐԻՑ ՄԵԿԻ ՀԱՄԱԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ,

«Գեղեցիկ հավաք էր, որին մարդիկ մասնակցում էին ընտանիքներով։ Ներկա էին նաև տեղի ընտրված պաշտոնյաները»,- պատմում է Դանի-Կլոդ Զարթարյանը: Սակայն միջոցառումը դեռ չսկսված՝ մթնոլորտը փչացավ երեկոյի հենց սկզբից: Մեղավորը այդ հարյուր թուրք ծայրահեղականներն էին, ովքեր եկել էին խափանելու իրենց երդվյալ թշնամիների միջոցառումը: «Նույնիսկ չգիտեմ, թե ինչ էին անում այնտեղ»,- ընդգծում է Արմանը: Նույնիսկ եթե նրանք իրենց Ադրբեջանի մտերիմներն են համարում, սա իրենց գործը չէ»:

Վկաներն ու տեսանյութերը նրանց բնորոշում են թուրքական դրոշը ձեռքներին,  ոմանք դիմակավորված,  աջուձախ հայհոյելով և «գնանք, բռնենք հայերին» կոչերով: Մեկ ամիս է անցել, և շուտով այս հակահավաքի պարագլուխը դատապարտվելու է, սակայն հույզերը չեն մարել: «Երբեք նման բան տեղի չէր ունեցել»,- հուշում է մի ցուցարար, ով չցանկացավ ներկայանալ: Առաջին անգամ է, որ վախ զգացի…»: Երբ առաջին բանախոս Սառա Տանզիլլին սկսեց խոսել,  կրակ արձակվեց: Դրանից հետո ամբոխը տեղաշարժվեց: «Սկզբում չէի հասկանում, թե ինչ է կատարվում»,- պատմում է բանախոսը: Նրա ամուսինը՝ Րաֆֆին,  Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի (CDCA) տեղի ներկայացուցիչն է և բողոքի ցույցի կազմակերպիչը: «Սոցիալական ցանցերից տեղյակ էինք, որ իրենց «Գորշ գայլեր» համարող որոշ թուրքեր ակցիա էին կազմակերպում»,- մանրամասնում է նա:

Հավաքի արդյունքում չորս ձերբակալություն

Մինչ այդ դեպքը հայերը բախվել էին բացառապես որոշ առանձին անհատների ճնշումներին: «Միայն ոստիկանական ուժերի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել այդ  գազազազած մարդկանց հարձակումից»,- նշում է Րաֆֆի Տանզիլլին: Վկաներից մեկի տեսանյութում երևում է Ահմեդ Չեթինը։ Նա կոչ էր անում հակահավաք անցկացնել՝ հրամայելով իր հետևորդներին  զենքերը նետել, որին հետևեց գետնին բախվող մետաղական առարկաների ձայնը: Վնասվել են մի քանի ավտոմեքենաներ։ Անվտանգության ծառայությունները ստիպված օգտագործել են արցունքաբեր գազ: Թուրքական կողմից ձերբակալվել է չորս անձ, որոնցից մեկը՝ անչափահաս և տեղափոխվել կալանավայր: Ինչպես ժամանակին հաղորդել էր «le Progrès» օրաթերթը, նրանց օգնության հասնելու նպատակով շատերը շտապել էին ոստիկանության բաժանմունք: «Մենք անհանգստացած ենք,- ասում է Դանի-Կլոդ Զարթարյանը: Գործ ունենք ատելությամբ սնված և պատմական ահռելի ժխտողականության թակարդն ընկած  երիտասարդների հետ»: Այդ երիտասարդներն «այստեղ էին եկել ոչ թե կարծիք հայտնելու , այլ ծեծուջարդի համար»,-հայտարարում է Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի նախագահ Ժյուլ Բոյաջյանը: Իսկ Դանի-Կլոդ Զարթարյանն ինքն իրեն հարց է տալիս․  «Մինչև ե՞րբ Ֆրանսիան մեզ համար անվտանգ կլինի»: