«100 տարի տնից հեռու» ֆիլմը PBS-ով ամսի 1-ին

58

Սեպտեմբերի 1-ին ամերիկյան PBS հանրային հեռուստակայանով ցուցադրվելու է Լոս Անջելեսում ծնված Լիլիթ Փիլիկյանի եւ նրա ամերիկացի ամուսնուՙ Ջարեդ Ուայթի «100 տարի տնից հեռու» վավերագրական ֆիլմը, որը քննարկում է ամերիկյան քաղաքացիություն ունեցող մի հայ կնոջ մտահոգությունները իր ինքնությունը եւ մշակութային արժեքները պահպանելու, իր տեղը համայնքում եւ աշխարհում գտնելու, ինչպես նաեւ իրեն փոխանցված ծանրագույն տրավման հաղթահարելու վերաբերյալ:

Ըստ «Միրոր Սփեքթեյթրի» ֆիլմը անցյալ տարի մասնակցել է Հոլիվուդում «Արփա» միջազգային կինոփառատոնին եւ առաջադրվել որպես «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում:

Լիլիթ Փիլիկյանը և Ջարերդ Ուայթը փառատոնի ժամանակ

Ֆիլմում իր ամուսնու հետ Լիլիթը ճանապարհ է ընկնում դեպի Հայաստան եւ ապա Արեւմտյան Հայաստան, ունենալով ձեռքում իրեն հասած նախնիների տան նկարը այն վայրում, որտեղից բռնի տեղահանվել էին:

«Գիտակցում էի, որ ականապատ թեմաների հետ էինք առնչվելու, բայց որպես ֆիլմարտադրիչ ցանկացա նեցուկ կանգնել կնոջս հոգեբանական որոնումներին», պատմում է Ուայթը, իսկ Լիլիթ Փիլիկյանը ավելացնում. «Այդ դժվարին թեմաները մեզ միմյանց ավելի մոտեցրին, եւ մենք գտանք ֆիլմի հուսադրող ավարտի բանալին: Դա մեզ ապրելու եւ ստեղծագործելու նոր լիցք տվեց»:

Ֆիլմում առկա են հարցազրույցներ Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի, պատմաբան եւ UCLA համասարանի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի, գրող Վահե Բերբերյանի, վավերագրող ֆիլմարտադրող Կառլա Կարապետյանի, Արցախի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսյանի եւ գիտաշխատող Շուշան Կարապետյանի հետ:

Մանրամասնությունների համար այցելել «100Years-FromHome.com» կայքը:

Հ.Ծ.