ՍԴ-ն ԲՀԿ պատգամավորների դիմումը վարույթ չի ընդունել

76

Սահմանադրական դատարանը վարույթ չի ընդունել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության եւ խմբակցությունից առանձնացված՝ անկախ  պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դիմումները, որով նրանք վիճարկում էին Ազգային ժողովում ընդունած Սահմանադրական փոփոխության օրենքի սահմանադրականության հարցը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, NEWS.am-ին ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Նա նշել է, որ վարույթի մերժման մասին տեղեկացել են այսօր։

Աբովյանն ասել է, որ Սահմանադրական դատարանը դիմումը վարույթ չի ընդունել, որովհետեւ անհրաժեշտ էր 27 պատգամավորի ստորագրություն,  մինչդեռ  ստորագրությունների քանակը 26-ն է եղել։

«Ինչևիցե, մեզ համար ՍԴ դիմելը 26 ստորագրությունով քաղաքական քայլ էր, մենք շատ լավ հասկանում էինք, թե ինչ կարող է հետո լինել, այդ իսկ պատճառով հիշեցնեմ նաև, որ գոյություն ունի նույնատիպ դիմում, որն արդեն ներկայացրել ենք «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ համատեղ, որովհետև ըստ էության նույն հարցադրումներն են»,- ասել է Արման Աբովյանը։

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն հուլիսի 26-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հունիսի 22-ին խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունները։

Այդ փոփոխությունների համաձայն՝ Հրայր Թովմասյանը պետք է թողնի ՍԴ նախագահի պաշտոնը, եւ բարձր դատարանի կազմից հեռանան 12 տարի պաշտոնավարած դատավորները։

Նշենք, որ 12 տարի պաշտոնավարած դատավորներն են Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը:

Այդ դիմումին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմիացավ, հայտարարելով, որ ՍԴ կդիմի բարձր դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ավարտից հետո: