Հասարակական տրանսպորտի ոլորտում խախտումներ են արձանագրվել

35

Օգոստոսի 31-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ է իրականացրել Երևանի Շենգավիթ, Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում՝ հանրային տրանսպորտում ՀՀ պարետի կողմից տրված ցուցումներին հետևելու և անվտանգության կանոնները պահպանելու նպատակով։ Իրականացված գործառույթների արդյունքում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել է առանց դիմակի վարորդ, իսկ կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող մի քանի ավտոբուսներ և միկրոավտոբուսներ կատարել են գերբեռնված ուղևորափոխադրում։

Խախտումների բնույթով պայմանավորված` կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։ Վարչական շրջաններում իրականացվել են ակտիվ իրազեկման, բացատրական աշխատանքներ, ինչպես նաև տեղում տրվել պարտադիր կատարման ցուցումներ։ Այսօր վաղ առավոտից սկսված մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: