Ի՞նչ է նշանակում պահանջատեր լինել

250

Ամերիկայից բարեկամս էր զանգահարողը, դարձյալ վրդովված, դարձյալ հանդիմանական.

– Ձեր այդ պատրաստաբան վարչապետը չէ՞ր կրնար երկու խոսքով տեղը նստեցնել այդ անգլիացիին, ըսել անոր, որ մենք Ցեղասպանության ենթարկված, մեր հայրենիքին չորս-հինգերորդեն զրկված, մեծամասնությամբ սփյուռք դարձած ազգ ենք, որ մենք ստիպված ենք ամեն գնով եւ ամեն տեղ պաշտպանել մեր ժողովուրդը եւ թույլ չտալ նոր ցեղասպանություն: Չէ՞ք տեսներ, թե ինչ կընեն հրեաները. ամբողջ աշխարհը պատասխանատու կնկատեն, բոլորիս պատանդ կպահեն իրենց կրած Հոլոքոսթին համար: Never again («այլեւս երբեք») կըսեն ու կպարտկին իրենց չարագործություններն անգամ:

Բարեկամիս ակնարկությունը անշուշտ վերաբերում էր վարչապետ Փաշինյանի BBC-ի Hard Talk ծրագրով տված հարցազրույցին, իսկ «անգլիացին», հասկանալի է, Սթիվեն Սաքուրն էր: Ինձ մնում էր «թեթեւ պաշտպանության» անցնել.

– Բայց վարչապետին անգլերենը բավարա՞ր էր այդքանը ըսելու համար…

– Եղբա՛յր, անգլերենի մեջ բյուլբյուլ ըլլալու պետքը չկար այդքանը ըսելու համար: Ինչո՞ւ, Զոհրապ Մնացականյանը, որ հրաշալի անգլերեն գիտե, այդքանը կրցա՞վ ըսել նույն Սաքուրին: Ո՛չ, ասիկա ձեր պետական քաղաքականության ձախողությունն է, կամ քաղաքականության բացակայությունըՙ capitalize ընելու (քաղաքական դրամագլխի վերածել) Ցեղասպանությունը: Նախորդներն ալ, թեեւ պատշաճ շուքով ու մակարդակով կհարգեին զոհերու հիշատակը, սակայն բնավ չէին շեշտեր, ավելի ճիշտՙ միջազգային քաղաքական factor-ի (գործոն) չէին վերածեր զայնՙ բավականանալով պատմական իրականության ճանաչումի աշխատանքով: Երբեք չեմ տեսած, օրինակ, որ Հայաստանի պատասխանատուները Ցեղասպանության հարցը Արցախյան կնճիռի լուծման գործընթացներուն մաս կազմել տան որպես մեր թեզի հիմնավորում:

Բարեկամիս վրդովվածությանը վերագրելով այսՙ քիչ չափազանցված գնահատականները, պատրաստվում էի առարկել, թե մենք հրեաների պես ու չափ ազդեցություն չունենք համաշխարհային գործընթացների վրա, երբ հեռախոսի մյուս կողմից շարունակվեց նրա դառնացած խոսքը.

– Արեւելահայերը ցեղասպանությունն ու անոր հետեւանքները այնպես չեն զգար, ինչպես մենքՙ արեւմտահայերս եւ կիլիկեհայերս…

Պոռթկալու հերթն իմն էր.

– Եղբա՛յր, ինչո՞ւ հին վերքերը նորեն կբանաս: Հայաստանի ժողովուրդին կեսեն ավելին ծագումով արեւմտահայ է, Վանեն, Սասունեն, Մուշեն, Ալաշկերտեն ու Կարսեն փախած գաղթականներու ժառանգներ: Ավելցուր ասոր վրա ներգաղթած կիլիկեհայերըՙ Զեյթուն, Մարաշ, Այնթապ եւ Մուսա լեռ, եւ պատկերը կդառնա կատարյալ: Հոս հիշողության խնդիր չունինք: Մեր խնդիրը պետական արտաքին քաղաքականությունը ճիշտ եւ նպաստավոր հիմերու վրա դնելու մեջ է: Տեսլական ունենալու եւ զայն գործնականացնելու մեջ է, մեր խնդիրները, ներառյալ արցախյան մեր պայքարի միջազգային արդյունավորումը existentional (գոյութենական) մեր ջանքերու ծիրին մեջ տեղադրելը, որ արհեստական չէՙ ինչպես հրեաներունը, որոնք մինչեւ օրս կշարունակեն փոխհատուցում ստանալ ոչ միայն Գերմանիայեն, այլեւ Մ. Նահանգներեն, Անգլիայեն, Ֆրանսայեն եւ այլ երկիրներե, ոչ միայն նյութական, այլ նաեւ քաղաքական ու բարոյական: Մեր խնդիրը համապատասխան պետական ու համազգային մեքանիզմ ստեղծել չկարենալն է, որուն մեջ դո՛ւք ալ, սփյուռքահայերդ, մեծ հանցանք ունիք: Հայաստանի մեջ ով որ գա իշխանությանՙ կսկսիք շողոքորթել, քծնիլ, «պատկեր քաշվիլ» պետական մարդոց հետ եւ զանոնք ձեր տան կամ գրասենյակի պատերեն կախել: Փոխանակ պահանջատեր ըլլալու, ձեր կամքը պարտադրելու «հայրենի իշխանություններուն», որոնց ոչ մեկ բանով պարտք եք, այլ ընդհակառակըՙ Առաջին հանրապետության օրերեն մինչեւ այսօր նյութական մեծամեծ օգնություններ բերած եք այս երկիր, առանց պայմանի ու պայմանավորվածության, բավականանալով հոգեկան-ազգային բավարարվածությամբ: Նույնիսկ չեք կրցած բովանդակ սփյուռքը ներկայացնող մարմին մը կազմել ու բանակցիլ հայրենի իշխանություններուն հետ:

…Այստեղ կանգ առավ մեր զրույցը, անշուշտ հետագայում շարունակելու անխոս խոստումով: Բայց մտովին շարունակվեց այն իմ ներսում եւ, հանկարծ, ուղեղս շամփրեց պատմական մի փաստ. ախր այս տարի 100-ամյա տարելիցն է նաեւ հայկական Շուշիի սպանդի, որը տեղի ունեցավ 1920 թ. մարտի 22-ից 23-ը: Երկու օրում շուրջ 8000 հայեր մորթվեցին բառի իսկական առումով, ընդամենը շուրջ 6000 հոգի կարողացան փախուստ տալ, հրդեհվեց հայկական մշակույթի այդ չքնաղ կենտրոնը, նրա դարավոր գերեզմանատներն անգամ քանդվեցին ու պղծվեցին 72 տարի շարունակ, մինչեւ ազատագրումը 1992 թ.ին: Պետականորեն ինչո՞ւ չնշվեց այդ արյունոտ տարելիցը:

Ի դեպ, նահանգապետ Խոսրով բեկ Սուլթանովի հրահանգով կատարված այդ կոտորածներին մասնակցում էին թուրք-ազերիական 10 հազար բանակը եւ խաժամուժը: Ի դեպ, ցեղասպանական այդ արյունալի գործողությունները տեղի ունեցան անգլիական բանակի սպա Մոնգ Միզանի անտարբեր հայացքի ներքո: Մինչդեռ մեկ ուրիշ անգլիացի, Սաքուրը, համարձակվում է մեզ լկտի հարց տալ, թե ե՞րբ ենք տարածքները «վերադարձնելու», ե՞րբ ենք ներողութուն խնդրելու…

Պահանջատիրությունը պահանջում է գործողությունների մի ամբողջ շարք, այդ թվումՙ Արցախյան հարցի արդար եւ արդարացի կարգավորման գործում: Ցեղասպանությունը անցյալի իրողություն չէ, դրա հետեւանքները դեռ մենք կրում ենք, անհատո՛ւյց:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ