Սարգոն II (մ.թ.ա. 722-705)թագավորը և Հայաստանը

101

Ռազմական պատմության մասնագետ Մհեր Հակոբյանը Ֆեյսբուկյան իր էջում անդրադարձել է մ․թ․ա 700-ական թվականներին հայ-ասորական բախումների պատմությանը։

“…Մ.թ.ա. 714 թ-ի իրադարձությունները Արարատյան թագավորության համար ԱՆՉԱՓ ԾԱՆՐ ԷԻՆ, սակայն դրանք ԷԺԱՆ ԳԻՆ ՉԱՐԺԵՑԱՆ ՆԱԵՎ Ասորեստանի թագավորության ռազմական մեքենային: Իր պարծենկոտ արձանագրություններում Սարգոն II-ը (մ.թ.ա. 722-705), հավատարիմ մնալով Ասորեստանի արքաներին ընդհանրապես բնորոշ ծանոթ պարծենկոտ ոճին, այս կապակցությամբ փորձում է այնպիսի մի տպավորություն ստեղծել, թե Արարատյան թագավորությունը նա ուղղակի ոչնչացրել է: Այս առումով հատկանշական է, սակայն, այն հանգամանքը, որ դրանից հետո ՈՐԵՎԷ ՆՈՐ ԱՐՇԱՎԱՆՔ Հայոց թագավորության կենտրոնական հատվածների ուղղությամբ Ասորեստանի թագավորությունն այդպես էլ ՉՁԵՌՆԱՐԿԵՑ, ինչն ամենևին էլ չի խոսում այն բանի օգտին, որ Սարգոն II-ի խոսքերը մոտ են իրականությանը:

Իր հերթին, ստախոսության մեկ այլ օրինակ էլ Սարգոն II-ի նույն արձանագրությունները տալիս են այս դեպքերի հետ կապված մասնավոր մեկ այլ օրինակում, երբ, կարծես թե ամփոփելով իր հաջողությունները, դրանք հայտնում են կրած ծանր վշտից Առուշան I-ի (մ.թ.ա. 734-713) գործած ինքնասպանության մասին, սակայն հետագայում, մոռանալով այս մասին, մ.թ.ա. արդեն 713 թվականի դեպքերի կապակցությամբ նույն այդ արձանագրությունները կրկին հիշատակում են Առուշան I-ին: Այս կապակցությամբ թերևս պետք է ավելացնել, որ, այո, թեև Առուշան I-ը ինքնասպան չեղավ և մ.թ.ա. 714 թվականին նույնիսկ չմահացավ էլ, սակայն մ.թ.ա. 713 թվականին նա իրոք կնքեց իր մահկանացուն, ինչից հետո Արարատյան թագավորության գահին վերջինիս հաջորդեց նրա որդի Արա IV-ը (մ.թ.ա. 713-685), որը ուժեղ մի անձնավորություն էր և հզոր տիրակալ՝ արժանի լինելով իր անմիջական նախնիներին:

Հենց Արա IV-ին ուսերին էլ ընկավ հարավային հարևանի հետ հակամարտության հետագա շարունակումը:Մ.թ.ա. 713 թվականին Սարգոն II-ի գլխավորած Ասորեստանի թագավորության բանակը (մոտ 80.000) ասպատակեց Անդրեփրատյան Ծոփքը և նահանջեց: Դրանից հետո, մ.թ.ա. արդեն 712 թվականին Սարգոն II-ի գլխավորած Ասորեստանի թագավորության բանակը (մոտ 100.000) Գուրգումի իշխանության իշխան Թարխունիայի գլխավորած Գուրգումի իշխանության բանակից (մոտ 3.000) գրավեց Մարաշը ( = Մարքասու) (Կիլիկիայի արևելք, Մարաշ գավառ, Ջահան գետի ձախ ափին): Գուրգումի իշխանությունը ոչնչացավ:

Մ.թ.ա. 711 թվականին Սարգոն II-ի գլխավորած Ասորեստանի թագավորության բանակը (մոտ 80.000) կրկին ասպատակեց Անդրեփրատյան Ծոփքը և նահանջեց: Իր հերթին, մ.թ.ա. 710 թվականին Սարգոն II-ի ռազմական մեքենան Կոմագենեի իշխան Մութթալուի գլխավորած Կոմագենեի իշխանության բանակից գրավեց Կումուխան (Անդրեփրատյան Ծոփք, Կոմագենե գավառ, Եփրատի աջ ափին) և 62 բերդ (Կոմագենե գավառ): Արդյունքում պարզվեց, որ, չկարողանալով հաշիվ տեսնել Արարատյան թագավորության հետ ուղղակի ռազմական հարվածով, Սարգոն II-ը, ըստ էության, փորձում է վերջինիս նկատմամբ կյանքի կոչել արևելքից և արևմուտքից նրան ԹևԱՆՑԵԼՈՒ ՈՒ ՄԵԿՈՒՍԱՑՆԵԼՈՒ մոտավորապես նույն այն ռազմավարությունը, որ սրանից տասնամյակներ առաջ նույն Ասորեստանի թագավորության նկատմամբ բավականին հաջող կիրառել էին հայերը:

Այս հանգամանքը, սակայն, ստիպեց գործել արդեն նաև Արա IV-ին, որը ՀԶՈՐ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ: Արդյունքում մ.թ.ա. 708 թվականից մինչև մ.թ.ա. 706 թվական Կոմագենեի իշխան Մութթալուի ընդհանուր հրամանատարությամբ գործող մասերի բաժանված Արարատյան թագավորության բանակը (ընդհանուր` մոտ 30.000 ռազմիկ) ասպատակեց Հյուսիսային Ասորիքը ու Կիլիկիայի արևելքը՝ ընդհանուր արդյունքում ոչնչացնելով թշնամական 300 կայազոր: Այսպիսով՝ Արարատյան թագավորությունը մեկուսացնելու Սարգոն II-ի քաղաքականությունը ոչ միայն անհաջողության մատնվեց, այլև վերջինիս ռազմական մեքենայի համար այն զգալի կորուստներ արժեցավ:Հաշվի առնելով վերջին տարիների անհաջող զարգացումները՝ Սարգոն II-ը, իրար բերելով սեփական ռազմական մեքենայի բոլոր մասերը և որպես նշանակետ կրկին ունենալով Արարատյան թագավորությունից արևմուտք ձգվող տարածքները, ՎԵՐՋԻՆՆ ՈՒ ՎՃՌԱԿԱՆԸ ԼԻՆԵԼՈՒՆ ԿՈՉՎԱԾ հզոր մի արշավանք ձեռնարկեց Կիլիկիայի ուղղությամբ:

Մ.թ.ա. 705 թվականին, սակայն, ինչ որ տեղ Լեռնային Կիլիկիայում տեղի ունեցած վճռական ճակատամարտում Արա IV-ի գլխավորած Արարատյան թագավորության բանակը (մոտ 70.000) ՋԱԽՋԱԽԵՑ Սարգոն II-ի գլխավորած Ասորեստանի թագավորության բանակին (մոտ 120.000), ընդ որում մարտում սպանվեց նաև Ասորեստանի ռազմաշունչ արքան: Այս առումով հարկ է նշել, որ սա ՄՈՌԱՑՎԱԾ և խորհրդային պատմագիտության կողմից համարյա ուշադրության չարժանացած ճակատամարտերից մեկն է, որը էականորեն փոխում է Ասորեստանի և Արարատյան թագավորությունների միջև մղվող հակամարտության արդյունքի վերաբերյալ պատկերացումները ու նրան տալիս է նոր մի բովանդակություն: Իրոք, Լեռնային Կիլիկիայում տեղի ունեցած այս ճակատամարտով էլ հենց, որտեղ սպանվեց Սարգոն II-ը, ըստ էության, իրենց վերջը գտան Ասորեստանի թագավորության գրեթե հազարամյա հավակնությունները Հայաստանի նկատմամբ, իսկ Արարատյան թագավորությունն էլ ի վերջո խաղաղ զարգացման հնարավորություն ստացավ:

«16-րդ տարում Շարուքենը Տավալ գնաց»,- հայտնում է «Բաբելոնյան ժամանակագրություն»-ը, իսկ «Էպոնիմների ցանկ»-ն էլ լակոնիկ ավելացնում է. «Էշպիացի կուլմիացու պատճառով… արքան (Ասորեստանի թագավորության արքա Սարգոն II-ը – Մ.Հ.) սպանվեց, Ասորեստանի արքայի ճամբարը…»:Ահա այսպես, չկամորեն և կրճատ՝ Հայոց այս մեծ հաջողության մասին: Այդպես է, ոչ ոք ՉԻ ՍԻՐՈՒՄ ԽՈՍԵԼ սեփական անհաջողության մասին…”։