Այա Սոֆիայից հետո Էրդողանի հրամանագրով մզկիթի վերածվեց նաեւ Սուրբ Փրկիչ «Chora» տաճարը

141

Կ. Պոլսում թանգարանի կարգավիճակ ունեցող Այա Սոֆիայի հրաշակերտ տաճարից հետո մզկիթի վերածվեց նաեւ բյուզանդական մեկ այլ տաճարՙ Սուրբ Փրկիչ «Chora» տաճարը: Դա տեղի ունեցավ օգոստոսի 21-ին, նախագահ Էրդողանի հրամանագրով, ընդ որում այդ նույն թուրք հասարակության ուշադրությունը երկրի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական ծանրագույն խնդիրներից շեղելու միջոցով Էրդողանի վարկանիշի հարաճուն անկումը կասեցնելու, ինչպես նաեւ իսլամական շրջանակների համախմբումը վերջինի շուրջն ապահովելու նկատառումներով:

Այա Սոֆիան մզկիթի էր վերածվել 1453 թ. մայիսի 29ին, Կոստանդնուպոլիսի օսմանյան նվաճումից անմիջապես հետո: Հակառակ դրան Սուրբ Փրկիչ «Chora» տաճարը, որն այնուհետեւ դարձել է Քարիյե մզկիթ, նվաճումից հետո 58 տարի, մինչեւ 1511 թ. շարունակել է գործել որպես եկեղեցի: Թանգարանի կարգավիճակ էր ստացել 1945-ին: Տաճարը կառուցվել է 536 թ., հայտնի է աննկարագրելի գեղեցկության խճանկարներով, որոնք ոչ միայն չեն զիջուն Այա Սոֆիայի խճանկարներին, այլեւ շքեղությամբ նունիսկ գերազանցում են: Թերեւս այդ շքեղությունն էր պատճառը, որ տաճար էր այցելում տարեկան մեկ մլն. զբոսաշրջիկ: Այա Սոֆիայի այցելուների թիվը կազմում էր ավելի քան 3 մլն, իսկ տոմսի արժեքըՙ 100 թուրքական լիրա:

Որքան էլ իսլամական շրջանակներն ոգեւորվեն, Սուրբ Փրկիչ «Chora» տաճարի վերածումը մզկիթի նունպես հակազդեցություն առաջ բերեց ինչպես երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Խոսքը սոսկ Հունաստանի մասին չէ: Իսկ Ռուս ուղղափառ եկեղեցին, ինչպես օգոստոսի 22-ին մատնանշել էր «Սպուտնիկը», մեղադրել է Թուրքիային իր խոստումը դրժելու եւ քրիստոնեական մշակութային արժեքների հասանելիությունն այցելուներին կամայականորեն կանխարգելելու մեջ: