Անհրաժե՞շտ են այսօր Ավանդական կուսակցությունները

146

XIX դարի վերջին քառորդին ազգային-ազատագրական պայքարը ղեկավարելու առաքելությամբ իրար հետեւից ասպարեզ իջած հայ քաղաքական կուսակցությունները ժամանակի ընթացքում ելնելով ստեղծված պատմական իրողություններից կատարեցին նաեւ շատ այլ ազգանվեր գործառույթներ: Այսպես. ավանդական կուսակցություններն ամենաակտիվ մասնակցություն ունեցան 1894-1896 թթ. կոտորածների ժամանակ կազմակերպված ինքնապաշտպանական կռիվներին, Զեյթունի, Սասունի ապստամբություններին, հայ-թաթարական բախումների, կամավորական շարժմանը, եղեռնի ժամանակ հերոսական ինքնապաշտպանություններին, Հայաստանի Առաջին Հանրապետության կերտմանը եւ վերջապես Սփյուռքի ձեւավորման առաջին իսկ օրերիցՙ հայապահպանության սրբազան գործին:

Ըստ էության, Հայ առաքելական եկեղեցու հետ միասին նրանք դարձան Սփյուռքի անպաշտոն կառավարիչներն ու հիմնական ուղղություն տվողները, սփյուռքահայերի հոգսերն ու կարիքները հոգացողները, հիմնեցին մեծ թվով կրթամշակութային հաստատություններ, մամուլի օրգաններ, անագորույն ջանքերի գնով նաեւ կապ պահպանեցին հայրենիքի հետ եւ նույնիսկ դժվարին պահերին օգնության ձեռք մեկնեցին նրան: Նրանք կարողացան նաեւ իրենց ու Սփյուռքի հայեցի դիմագիծը պահպանել ու զարգացնել նաեւ Սառը պատերազմի դժվարին տարիներին: 

Ավանդական կուսակցությունները եղան հայ ժողովրդի դեսպաններն ամբողջ աշխարհում: Միաժամանակ հիմնականում նրանց միջոցով էր ապահովվում նաեւ Սփյուռքի տարբեր օջախների միջեւ կապը: Մի իրողություն, որն անչափ կարեւոր էր ազգապահպանման խնդրի համար, քանի որ սփյուռքի յուրաքանչյուր օջախ ֆինանսապես, մարդկային ռեսուրսներով եւ իր ունեցած այլ հնարավորություններով կարողանում էր նպաստել այդ կարեւոր գործին:

Խորհրդային կայսրության վերջալույսին ավանդական կուսակցություններն ավել կամ պակաս չափով կարողացան կրկին գտնվել իրենց բարձրունքի վրա, նպաստել Հայաստանի անկախացման գործընթացին եւ դրան զուգահեռ ծավալվող Ղարաբաղյան ազատագրման պայքարին: Իհարկե, կային մոտեցումների, հնարավորությունների ու մասնակցության տարբերություններ, սակայն հստակ էր մի կարեւոր իրողություն, որ ավանդական կուսակցություններն ի վերջո սատարեցին անկախության գործընթացին, ամբողջ դեմքով շրջվեցին դեպի Հայրենիք եւ փորձեցին աշխարհատարած իրենց հնարավորություններով օգնել, օժանդակել ծայրահեղ ծանր վիճակում հայտնված նորանկախ պետականությանն ու ժողովրդին:

Հայոց պետականության նորաստեղծ մարմիններումՙ Ազգային ժողով, կառավարություն, տեղական կառավարման մարմիններ եւ այլն, աստիճանաբար նշմարելի դարձան ավանդական կուսակցություններն ու կուսակցականները: Միաժամանակ երկրում ընթացավ կարեւոր մի գործընթաց, որը մեկ բառով կարելի անվանել կուսակցականացում: Այսինքնՙ ավանդականների Հայրենիք վերադառնալու գործընթացը նշանավորվեց նրանց հայաստանյան կառույցների հիմնադրմամբ եւ հզորացմամբ: Օգտվելով նախկինում գործող միակուսակցականին փոխարինած բազմակուսակցական համակարգի ընձեռած հնարավորությունիցՙ շատ նախկին կուսակցականներ ու անկուսակցականներ անդամագրվեցին ավանդական կուսակցություններին եւ ոչ միայն ստվարացրին դրանց շարքերը, այլեւ ծավալեցին լայն քաղաքական գործունեություն:

Նորանկախ Հայաստանում ավանդականների կողքին միաժամանակ իրար հետեւից ձեւավորվեցին նոր կուսակցություններ ու քաղաքական կառույցներ, որոնցից որոշները դարձան նաեւ իշխանության կրողներ: Հենց այդ պահից սկսած էլ ձեւավորվեցին նաեւ իշխանական ուժերի եւ ավանդական կուսակցությունների հարաբերությունները: Հարաբերություններ, որոնք ժամանակի եւ իրավիճակի փոփոխություններին զուգընթաց փոխվում էինՙ թողնելով բազմավեկտոր ու տարբեր խորությամբ հետագծեր: Այդ ամենում ընդհանուր էր մեկ կարեւոր զարգացումՙ ավանդականներն աստիճանաբար մղվում էին լուսանցք եւ այն աստիճանի, որ այսօր օդում կախված է մի տխուր հարցականՙ ավանդական կուսակցություններն ունե՞ն արդյոք անելիք եւ… գոյության իրավունք:

Իրավունք, իհարկե, տեսականորեն միշտ էլ ունեն: Խնդիրն այստեղ անհրաժեշտության, կիրառելի եւ օգտակար լինելու մասին է, թե չէ ինքնանպատակ գոյությունն էլ ցանկալի երեւույթ չէ: Երբեմն լսվում են ձայներ, որ ավանդականները կատարել են իրենց առաքելությունը, որ մերօրյա ինֆորմացիայի եւ տեխնոլոգիաների ու կապի դարաշրջանում նրանք լավագույն դեպքում կարող են Սփյուռքում զբաղվել կրթամշակութային գործունեությամբ հայրենակցական, հասարակական կամ այդ տեսակի այլ կազմակերպության ձեւով: Եվ դա պատճառաբանում են նրանով, որ Սփյուռքում նրանք երբեք էլ քաղաքականությամբ չեն զբաղվել: Մի բան, որը կուսակցությունների հիմնական գործառույթն է, եւ գործել են ավելի շուտ որպես հայրենակցական կամ այլ հասարակական կազմակերպությունների տեսքով: Ինչ վերաբերում է Հայրենիքում նրանց գործունեությանը, ապա, ընդգծում են այդ տեսակետի կողմնակիցները, նրանք խիստ «հնացած» են, նրանց ծրագրերն ու կանոնագրերը մնացել են նախորդ դարում եւ հիմնականում սպառել իրենց եւ այլն:

Ելնելով այն հանգամանքից, որ սույն հոդվածը թերթային է եւ փոքր ծավալ պետք է ունենա, հետեւապես առանց հղումների եւ վկայակոչումների կփորձենք հակադարձել վերը նշված տեսակետներին ու դրանց կողմնակիցներին:

1. Որեւէ երկրի ու ժողովրդի բնակչություն բաղկացած է հիմնականում երեքՙ հարուստներ, աղքատներ եւ դրանց միջեւ լողացող միջին շերտերից եւ դրանցից յուրաքանչյուրը բաղկացնող ենթաշերտերից: Ընդ որում, յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն սովորաբար արտահայտում է այդ շերտերից որեւէ մեկի շահերը: Իսկ քանի որ այսօր էլ հասարակությունը բազմաշերտ է, եւ ինչպես նախկինում, այսօր էլ ավանդական կուսակցություններից յուրաքանչյուրն արտահայտում որեւէ ենթաշերտի շահերը, հետեւապես նրանց գոյությունն էլ է արդարացված եւ անհրաժեշտ:

2. Արդեն շուրջ մեկուկես դար գոյություն ունեցող ավանդական կուսակցություններն անցել են բազմաթիվ ու բազմապիսի փորձությունների բովով եւ մեծ կենսափորձ կուտակել, որը խիստ օգտակար կարող է լինել այսօր տարաբնույթ մարտահրավերներին դիմակայելու համար:

3. Ավանդականներից յուրաքանչյուրը եղել է ու այսօր էլ մնում է քաղաքական գործիչների անգերազանցելի դպրոց, որի կարիքը մեզանում հատկապես զգացվում է:

4. Ավանդականներն ունեն աշխարհասփյուռ կառույցներ, որոնցից յուրաքանչյուրն իր երկրում կարող է լինել ՀՀ-ի շահերի արտահայտիչը, ապահովել քաղաքական ու տնտեսական լոբբիինգ, առանց որի այսօր աշխարհում անհնար է կարեւոր գործեր կատարել:

5. Օրերս նշեցինք Սեւրի դաշնագրի ու Վիլսոնյան իրավարար վճռի 100-ամյա հոբելյանները եւ գրեթե բոլոր ելույթ-զեկուցումներում կարմիր թելի նման անցնում էր այն գաղափարը, որ յուրաքանչյուր 4-5 հայից մեկն է բնակվում Հայաստանում: Այսինքնՙ Սփյուռքը մեր մարդկային պաշարների աղբյուրն է: Եվ եթե մի գեղեցիկ օր իրագործվեն Սեւրի դաշնագրի պահանջները, ապա մենք ուզենք թեՙ ոչ պետք է օգտվենք այդ պաշարից: Իսկ պարզից էլ պարզ է, որ այդ պաշարի հայեցի դիմագիծը ոչ միայն կարող են պահպանել, այլեւ դեպի հայրենիք ուղղորդել միայն այդ կուսակցությունները:

6. Իրադարձությունները ցույց տվեցին (երկրաշարժ, արցախյան պայքար եւն), որ դժվարին պահերին Սփյուռքը բոլոր հնարավոր միջոցներով կանգնած է Հայրենիքի կողքին, իսկ այդ մտայնությունը սերմանել ու այսօր էլ իրենց լրատվամիջոցներով, վարժարաններով եւ այլ միջոցներով քարոզում են ու պաշտպանում ավանդականները:

7. Վերջապես այսօր մեզ Հայրենիք-Սփյուռք-Արցախ եռամիասնությունն օդի նման անհրաժեշտ է: Իսկ դա հնարավոր է ապահովել ու զարգացնել մեծ հաշվով նախ եւ առաջ ավանդական կուսակցությունների միջոցով:

8. Այսօր ՀՀ-ում գրանցված ավելի քան 70 կուսակցությունները  չնչին բացառություններով ազատական-ժողովրդավար (լիբերալ դեմոկրատական) գաղափարախոսության ջատագովներ են, իսկ դրանց ճնշող մեծամասնության նպատակներն ու լուծելիք խնդիրները բանաձեւած ծրագրերը կրկնում են իրար: Այլ կերպ ասածՙ դրանք ավանդականներից Ռամկավար Ազատական կուսակցության գաղափարախոսության հետեւորդներ ենՙ միայն այն տարբերությամբ, որ դրանց ծրագրերն ու կանոնագրերը ավելի ժամանակակից հասկացություններով են շարադրված: Այնպես որ, եթե դրանցից որեւէ մեկի գոյությունն արդարացված է, ապա ՌԱԿ-ինըՙ որեւէ կասկածի տեղիք չի կարող տալ:

Պատճառներ ու պատճառաբանություններ շատ կանՙ նոր տեխնոլոգիաների ներկրում, մասնագետների ներուժի օգտագործում, զանազան հայրենանպաստ ծրագրերի ֆինանսավորում եւ այլն, որոնց եւս կարող են օգտակար լինել ավանդական կուսակցություններն իրենց կառույցներով եւ այլ միջոցներով: Կարճ ասած, կասկածից դուրս է այդ կուսակցությունների գոյության անհրաժեշտությունը: Այլ հարց է, որ նրանք էլ պետք է սթափվեն, դուրս գան ներքից երկպառակությունների մղձավանջից, ուշքի գան եւ բոլոր ուժերով լծվեն Հայրենիքը շենացնելու եւ Սեւրը կյանքի կոչելու այնքան սպասված Մեծ երազի իրականացման գործին:

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր