Ո՞րն է հնագետ Հակոբ Սիմոնյանի վրդովմունքի պատճառը

89

Հնագետ, պատմաբան Հակոբ Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ձեզնից շատերին հայտնի է, որ Աղցքի հայոց արքաների դամբարանային հուշարձանախմբի պեղումների ղեկավարը ես եմ՝ Հակոբ Երվանդի Սիմոնյանս (ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պատմական գիտությունների թեկնածու, բազմաթիվ մեդալների արժանացած գիտնական) և վստահաբար գրում եմ, որ արշավախումբը պեղումները կատարել է բացառիկ խնամքով, մեծ նվիրումով: 2-3 մ հզորությամբ մշակութային շերտերում կատարվել են բացառիկ հայտնագործություններ, որոնք էական ներդրումներ են հայ պատմության, մշակույթի և արվեստի բնագավառներում: Միայն դրանց թվարկումը տասնյակ էջեր կպահանջի: Հետաքրքրվողները դրանց մասին կարող են կարդալ հրատարակված տասնյակ հոդվածներում:
Եվ հանկարծ՝ այսօր երեկոյան news.am-ը և նույնիսկ Հ1-ի լուրերի թողարկումը հայտարարություն են տարածել Աղցքի հայոց արքաների դամբարանային համալիրի պեղումների ժամանակ կատարված «մեծ չարաշահումների» մասին: Սենսացիա, պատկերացնում եք հայ գիտնականները միլիոնավոր գումարներ են շորթել:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ առաջ քաշած մեղադրանքները շինծու են և կեղծ: Հայտարարություններում չեն պահպանվել նույնիսկ անմեղության կանխավարկածի տարրական կանոնները՝ առանց քննչական մարմինների և դատարանի եզրակացության հնչում են անբեկանելի մեղադրանքներ:
Որոշակի է, որ նպատակ է դրվել վարկաբեկելու կատարված մեծ աշխատանքը և պախարակելու ազգային նկարագիր ունեցող մտավորականի անունը: Հաջորդիվ կետ առ կետ Ձեզ կներկայացնեմ մեղադրանքների սնանկույթնունը: Սակայն ցեխն արդեն շպրտել են և եթե այն նույնիսկ չկպչի, ապա կթողների իր սև հետքը: Հետաքրքիր է, ու՞մ է դա ձեռնտու, ո՞վ է կանգնած այս պատվերի ետևում»: