Թուրք նախկին ծովակալ․ «Թուրքիան հիմա 2-րդ Սևրին է դիմակայում»

63

Թուրք պահեստազորային ծովակալ Ջեմ Գյուրդենիզը մեկնաբանել է Արևելյան Միջերկրականում տեղի ունեցող զարգացումները, որոնք հանգեցրել են Թուրքիայի ու Հունաստանի միջև լարվածության խորացմանը։ 

Գյուրդենիզը, ակնարկելով Արևմուքին, պնդել է, որ Թուրքիայի դեմ դուրս են եկել Սևրի քարտեզով, որը ենթադրում է Թուրքիային հետ հրել, սեղմել Անատոլիայի սահմաններից ներս։ 

«Այդ քարտեզը մեզ ստիպում է Էգեյան ծովն ամբողջությամբ որպես հունական ծով ընդունել, Արևելյան Միջերկրականում մեզ Իսքենդերունի ու Անթալիայի ծովածոցերում է բանտարկում, արևմուքում՝ մեր տարածքային ջրերում»,- նշել է Գյուրդենիզը՝ ավելացնելով, որ Անկարան 2000-ականների սկզբից դեմ է դուրս եկել ու մարտահրավեր է նետում այդ քարտեզին։

Ըստ թուրք ծովակալի՝ Արևելյան Միջերկրականի հետ կապված ոչ թե Թուրքիան պետք է փոխի իր դիրքորոշումը, այլ Հունաստանը, քանի որ «Թուրքիան պաշտպանում է այն, ինչ իրեն է պատկանում, այլ կերպ ասած՝ պաշտպանում է իր ծովային հայրենիքը, որի սահմանները գծվել են «Ազգային ուխտ»-ով։

«ԱՄՆ-ն ցանկանում է Թուրքիային իր ուզած հունի մեջ դնել, որպեսզի կարողանա նրան պարտադրել տարածաշրջանում իրականացնել ամերիկյան քաղաքականությունը։ Թուրքիան «սառը պատերազմից» հետո վերադարձել է իր սեփական քաղաքականությանը և չի հրաժարվում դրանից։ Իսկ դրա առաջնահերթությունները, բնականաբար, Արևելյան Միջերկրականում, Կիպրոսում և Էգեյան ծովում նրա շահերն են։ 

Համաշխարհային հսկաները չեն ցանկանում, որ Թուրքիան ծովային և էներգետիկ առումով հզոր երկիր լինի։ Այս տեսանկյունից Թուրքիայի դեմ ընդունվող բանաձևերը, զենքի մատակարարման արգելանքները և մնացած պատժամիջոցները նպատակ ունեն Թուրքիային իրենց «գիծը» պարտադրել։ Թուրքիան դրան դիմադրում է, ստիպված է դիմադրել, քանի որ եթե դիմադրությունը կոտրվի, մենք դեմ հանդիման կմնանք 2-րդ Սևրի հետ»,- ասել է Գյուրդենիզը։

Վերջինիս հավանական չի համարել նաև այն սցենարը, որով ՆԱՏՕ-ի այնպիսի անդամները, ինչպիսիք են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, Հունաստանին օգնեն Թուրքիայի դեմ ռազմական բախման դեպքում։ Գյուրդենիզի խոսքով դա դաշինքին կհասցնի փլուզման եզրին կամ մասնակի կփլուզի այն, ինչն, ըստ ԱՄՆ-ի աշխարհքաղաքական տեսությունների, հավասարազոր է մղձավանջի։ 

«Թուրքիան իր պաշտպանական արդյունաբերության շնորհիվ հզորացել է նաև Արևելյան Միջերկրածովում։ Նրանք չեին սպասում, որ Թուրքիան այդքան ուժեղանալու է ծովում և պաշտպանական արդյունաբերության ոլորտում հասնելու է այն հզորությանը, որը թույլ կտա նրանց դեմ դուրս գալ։ Այդ պատճառով հիմա Արևմուտքի գլխում էլ խառնաշփոթ է տիրում։ Թուրքիան Լիբիայում, Գազիմագոսայում (Կիպրոս-խմբ․) ռազմաբազա է հիմնում։ Սրանք բաներ են, որոնք շատ հեռու են այն դիզայնից, որը Արևմոտքը Թուրքիայի համար է գծել։ Այս բաներին նրանց ընտելանալու համար բնականաբար ժամանակ կպահանջվի։ Ամեն երկիր էլ ցանկանում է (բանակցությունների-խմբ․) սեղանին նստելուց առաջ ուժեղ լինել։ Թուրքիան հենց այդ էլ անում է»,- եզրափակել է թուրք ծովակալը։

Ermenihaber.am