ԹՈՒՄՈ-նՙ նաեւ Մոսկվայում

58

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ֆեյսբուքյան կայքը տեղեկացնում է, որ երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Թումոյի թվով 3-րդ միջազգային կենտրոնի պաշտոնական բացումը: Genome Ventures ընկերության հետ համագործակցության շնորհիվ` Մոսկվայի պատանիները նույնպես կստանան Թումոյի կրթական ծրագրին ծանոթանալու եւ ամենաժամանակակից ոլորտներում հմտանալու հնարավորություն:

Ռուսական մի քանի լրատվական կայքեր եւս անդրադարձել են այս ողջունելի իրադարձությանը: Բացմանը ներկա է գտնվել նաեւ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Նշվում է, որ կրթական կենտրոնում ամեն ամիս կարող են ուսանել 12 – 17 տարեկան 2 հազար երեխաներ` թե՛ առկա, թե՛ առցանց ուսուցմամբ: Իսկ առավել տաղանդավոր 100 պատանու հնարավորություն կընձեռվի անվճար ուսում ստանալ:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հիմնադրել է Սեմ Սիմոնյանը 2011 թվին Երեւանում: Միջազգային կենտրոններ ունի նաեւ Փարիզում, Բեյրութում: Նախատեսվում է նաեւ Բեռլինում, Տոկիոյում, Քալիֆորնիայում նոր միջազգային կենտրոնների ստեղծումը:

Մոսկվացիները ԹՈՒՄՈ Մոսկվա կարող են այցելել սեպտեմբերին, բաց դռների օրը: Դասերը Թումո Մոսկվայում կմեկնարկեն հոկտեմբերին, իսկ դրանց հետ կապված բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքից` www.tumomoscow.ru: