Էրդողանի հրահանգով Սբ․ Սոֆիայի և Սբ․ Խաչ եկեղեցու մասին տեղեկատվական գրքույկներ կհրատարակվեն

61

Թուրքիայում արտասահմանցի այցելուների համար կպատրաստվեն հատուկ տեղեկատվական գրքույկներ, որոնցում տվյալներ կներկայացվեն Թուրքիայում ոչ մուսուլման համայնքին պատկանող եկեղեցիների, տաճարների ու սինագոգների մասին։

Այդ աշխատանքներով զբաղվում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) արտաքին հարաբերությունների հարցով նախագահ Ջևդեթ Յըլմազը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով։

Գրքույկում մասնավորապես կնշվի, որ Թուրքիայում ներկայումս կա 435 եկեղեցի և սինագոգ, երկրում ապրում է 180․854 քրիստոնյա և շուրջ 20․000 հրեա։ Հատուկ անդրադարձ կլինի նաև վերջերս թանգարանից մզկիթի վերածված Ս․ Սոֆիայի տաճարի և Քարիե եկեղեցու պատմությանը, ինչպես նաև՝ վերջին տարիներին վերանորոգված և վերաբացված եկեղեցիներին, այդ թվում՝ Վանի Սուրբ Խաչ եկեղեցուն, Սումելա մենաստանին։

Տեղեկատվական գրքույկները կնվիրվեն Թուրքիա այցելող օտարերկրյա առաքելությունների ղեկավարներին, ինչպես նաև՝ կբաժանվեն ՏԻՄ մարմիններին և այլ կառույցների։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱԶԿ նիստի ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք ոչ միայն մզկիթներ են բացում, այլև վերականգնում և վերաբացում են ոչ մուսուլմաններին պատկանող մի շարք աղոթատեղիներ, ինչի մասին անհրաժեշտ է պատմել և լայնորեն տեղեկատվություն տարածել։

Ermenihaber.am