Էրդողանը կֆինանսավորի «Գորշ գայլերի» առաջնորդի անունը կրող կամրջի շինարարությունը

80

Թուրքիայում «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) գործող նախագահ Դևլեթ Բահչելիի անունով Ադանա նահանգի Օսմանիյե բնակավայրում տարիներ շարունակ կամուրջ է կառուցվում, որը ֆինանսական խնդիրների պատճառով դեռ չի հաջողվում ավարտին հասցնել։

Ազգայնականների հոծ զանգվածներով հայտնի Օսմանիյե բնակավայրում Դևլեթ Բահչելիի անունը կրող կամուրջը ծրագրված էր, որ պատրաստ պետք է լիներ դեռևս 2018 թվականին։

Ազգայնական առաջնորդին նվիրված և կիսատ մնացած այս նախագծին օգնության ձեռք է մեկնել Թուրքիայի իսլամիստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա կարգադրմամբ 700 միլիոն թուրքական լիրա է (շուրջ 95մլն դոլար) հատկացվելու կամրջի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար։

Էրդողանը, հավանաբար, այս կերպ նաև վարձահատույց է փորձում լինել ազգայնական առաջնորդին վերջին տարիներին իրեն ցուցաբերած քաղաքական զգալի աջակցության դիմաց։

Նշենք, որ «Գորշ գայլեր» խմբավորումը ստեղծվել է 1948-ին թուրք ազգային գաղափարախոս, գնդապետ Ալփարսլան Թյուրքեշի կողմից։

Կազմակերպության ակտիվիստները Թուրքիայի տարածքում և նրա սահմաններից դուրս բազմաթիվ անգամ քաղաքական սպանություններ և ահաբեկչական գործողություններ են կատարել։

1980 թվականի սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջումից հետ «Գորշ գայլերի» համարյա բոլոր առաջնորդները ձերբակալվել են։ Դատավարության ընթացքում հաստատվել է կազմակերպության կողմից 594 մարդու սպանության փաստը։

Ներկայումս Թուրքիայի տարածքում նրանց գործունեությունը պաշտոնապես արգելված է, սակայն «Գորշ գայլերի» քաղաքական թև հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցությունը շարունակում է գործունեություն ծավալել։

Ermenihaber.am